Շաբաթ օրը Երևանում կրկին եռուզեռ էր. քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքը կրկին համաքաղաքային շաբաթօրյակ էր անում, այս անգամ` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության` շաբաթօրյակի արդյունքում «մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել ընդհանուր թվով շուրջ 615 բակային տարածք և խրոնիկ դարձած 10 աղբատեղի: Աղբավայրեր է տեղափոխվել ավելի քան 930 խմ կենցաղային և շինարարական աղբ։ Ընդ որում, միայն խրոնիկ աղբատեղիներից շուրջ 265 խմ աղբ է տեղափոխվել»:
Սակայն ի տարբերություն երկրի նախագահի, որը ձևական ծառատունկի մասնակցեց` տեսախցիկների սևեռուն ուշադրության ներքո, բազմաթիվ պետական հիմնարկների աշխատողների համար նոր քաղաքապետի չափից դուրս «մաքրասիրությունն» իսկական պատուհաս է դարձել:
«Փաստորեն մենք հանգստանալու իրավունք չունենք,- «Մեդիալաբին» ասում է շաբաթօրյակի մասնակիցներից մեկը,- ամբողջ օրն աշխատում ենք, հոգնած տուն գնում, իսկ հանգստյան օրը հանգստանալու փոխարեն ավելը ձեռներս առած` շաբաթօրյակի ենք մասնակցում»:
Արդեն «ավանդական» դարձած շաբաթօրյակին, որը, ըստ քաղաքապետարանի հաղորդագրության, «շարունակական» բնույթ է ստացել, հիմնականում մասնակցում են ինչպես պետական ապարատի աշխատակիցներ, այնպես էլ վարչական շրջանների աշխատակազմերի, կրթական, բժշկական և այլ մարմինների աշխատողներ: Մասնավոր կազմակերպությունների աշխատակիցները ինչ-որ առումով ազատ են ընտրության մեջ`մասնակցե՞լ, թե՞ ոչ, սակայն պետական ոլորտի աշխատողները «Մեդիալաբի» հետ զրույցում պնդում են, որ ուղղակի պարտավոր են ներկա գտնվել և աշխատել շաբաթ օրերին:
Չնայած քաղաքապետարանի ոգևորիչ հաղորդագրությանը` ոչ աշխատանքային օրերին շաբաթօրյակ գնացող շատ մասնակիցներ, որոնք աշխատում են պետական կառույցներում, չեն հասկանում, թե ինչո՞ւ են իրենց զրկում իրենց օրինական հանգստից և կանչում շաբաթօրյակ:
Նրանցից ոմանք մեզ հետ զրույցում նշեցին, որ իրականում վերադասներն ուղղակի պարտադրել են շաբաթ օրը ներկայանալ շաբաթօրյակի:
Երևանի մանկապարտեզներից մեկի մի աշխատակցուհի, ով հասկանալի պատճառներով չցանկացավ նշել իր անունը, «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ իրենց մանկապարտեզի տնօրենը նախապես ուղղակի պարտադրել է ներկայանալ այդ շաբաթօրյակին, և հարցը նույնիսկ չի էլ քննարկվել:
«Ամբողջ օրն աշխատում ենք երեխաների հետ, ինչը շատ հոգնեցնող է, երեկոյան լրիվ ուժասպառ ենք, մի շաբաթ-կիրակի ունենք հանգիստ, էն էլ չենք կարող վայելել, ու կարևոր չի` հիվանդ ես, ծնունդ պիտի գնաս կամ ուրիշ գործ ունես …,- նշեց մանկապարտեզի աշխատակցուհին,- կարևորը շաբաթօրյակն է»:
«Եթե քաղաքապետարանն ունի համապատասխան մասնագետներ, որոնք քաղաքի մաքրության ու բարեկարգման համար պիտի պատասխան տան, ես ինչի՞ պիտի այդ գործն անեմ պարտադրաբար»,-ասաց շաբաթօրյակից դժգոհ մեկ այլ մասնակից:
Սակայն Երևանի քաղաքային իշխանությունները պնդում են, որ շաբաթօրյակն անցկացվում է միայն «կամավոր սկզբունքներով»:
«Որևէ պարտադրանք չի եղել, եղել է ընդամենը կոչ-խնդրանք: Այդ կոչ-խնդրանքի նաև տեսատարբերակն է եղել, որում քաղաքապետն այդպես էլ ասել է` խնդրում եմ ձեզ: Եթե մի բանը խնդրանք է, և չեն պարտադրում… ով ցանկություն է ունեցել, դուրս է եկել, որևէ մեկը ոչ մեկին չի պարտադրել: Գոնե քաղաքապետարանի մասով պնդում եմ, որ նման հրահանգ չի եղել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գևորգյանը:
Ա. Գևորգյանի խոսքով` այս տարի արդեն նման հինգերորդ շաբաթօրյակն է անցկացվում, և իրենք նման նախաձեռնություն են իրականացրել, քանի որ «բոլորս էլ մայրաքաղաքի բնակիչ ենք, և բոլորիս էլ անհանգստացնում է մայրաքաղաքի մաքրությունը»:
«Քաղաքապետի կոչին արձագանքել են բոլորը, ինչի համար շնորհակալ ենք բոլորին` պետական մարմիններին, դպրոցներին, մասնավոր բիզնեսին, համատիրություններին, բոլոր նրանց, ովքեր ողջունեցին քաղաքապետ կոչը: Նման դեպք չի արձանագրվել, որ որևէ մեկը արձագանքած չլիներ, շատ ակտիվ մասնակցություն է եղել, հիմա էլ արդյունքներն ամփոփվում են: Ամենակարևորը` մարդիկ մեծ սիրով են մասնակցել»,- պնդում է Գևորգյանը` հավելելով, որ մարդկանց «զոռով տանելու դեպք չի եղել, քանի որ դա ոչ միտինգ էր, ոչ էլ նման որևէ բան»:
Փաստաբան Վահե Գրիգորյանը, սակայն, պնդում է, որ եթե շաբաթօրյակին մասնակցելը նախատեսված չէ աշխատանքային պայմանագրով, իսկ Աշխատանքային օրենսգրքում այդ մասին որևէ խոսք չկա, ուրեմն որևէ մեկը պարտավորված չի եղել մասնակցել այդ շաբաթօրյակին: Վահե Գրիգորյանի խոսքով` բոլոր նրանք, ովքեր ցանկություն չեն ունեցել, կարող էին հրաժարվել շաբաթօրյակին մասնակցելուց:
«Եթե որևէ աշխատակցի հանդեպ որևէ վարույթ հարուցվի այդ շաբաթօրյակին չմասնակցելու համար, ապա դա ԱՕ-ի խախտում կլինի: Բայց եթե դա ընդամենը կոչ էր, հորդոր կամ առաջարկ, ապա դրան ենթարկվելը մարդկանց համար պարտականություն չէր: Շաբաթօրյակին չգնալը աշխատողների իրավունքն է, և եթե գնում են, ապա միայն կամավոր: ՀՀ օրենսդրությունն այդ մարդկանց չի պարտավորեցնում գործատուի կոչով որևէ աշխատանք կատարել, եթե դա աշխատանքային պայմանագրից և ԱՕ-ից դուրս է, որովհետև նրանց պարտականությունները նախատեսված են օրենքով և աշխատանքային պայմանագրով»,- ասում է փաստաբանը:
Վահե Գրիգորյանը նշում է, թե քանի որ շաբաթօրյակին մասնակցելու պարտադրանքը հակասում է օրենսդրությանը, ապա աշխատողը հանգիստ կարող է նույնիսկ դատի տալ իր գործատուին: Փաստաբանի խոսքով` նույնիսկ այն դեպքում, եթե շաբաթօրյակին մասնակցելը գործատուն համարի որպես աշխատանքային ժամ, աշխատողը կարող է չմասնակցել այդ շաբաթօրյակին, քանի որ ինքն օրենսդրությամբ նման պարտավորություններ չունի:
Վահե Գրիգորյանը սա համարում է «հանրային ռեսուրսի անիմաստ վատնում»:
«Դրա համար կան վարձված մարդիկ, որոնք կարող են իրենց աշխատանքը նորմալ կատարել: Եթե այդ ռեսուրսը բավարար չէ, ուրեմն համապատասխան մարմինները պիտի վարձեն ավելի մեծ թվով մարդկանց կամ արդեն եղած աշխատողների վարձը բարձրացնեն և առաջարկեն ավելի երկար ժամանակով աշխատել»,- ասում է փաստաբանը և հավելում.
«Իսկ այդ սովետական կարգերից մնացած շաբաթօրյակները ոչ այլ ինչ են, քան աշխատողների իրավունքների նկատմամբ գործատուների բացահայտ անհարգալից վերաբերմունք»:
Քրիստինե Խանումյան
Դիանա Գալստյան
© Medialab.am