Ապաինստիտուցիոնալացում․ գոյություն չունեցող բարեփոխում՝ ասվողի և արվողի միջև 

Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված 5 պետական հաստատություն կա: Դրանցից երեքը՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը», «Սևանի հոգեկան առողջության կենտրոնը» և «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը» գտնվում են առողջապահության նախարարության համակարգում և իրականացնում են ստացիոնար բուժում: 

Այս հաստատություններում այսօր ապրում է 878 մարդ։ Մյուս երկուսը՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, գործում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ և տրամադրում են միայն շուրջօրյա խնամքի ծառայություն շուրջ 576 մարդու։

Հոգեբուժական և խնամքի հաստատությունների խնդրայնությանը, և  համայնքային ծառայությունների ստեղծման կարևորությանն անդրադարձել է «Փոփոխություն» սոցիալական առողջապահական հասարակական կազմակերպությունը՝ մշակելով «Ինչ է հաստատությունը և ինչպես խթանել ապաինստիտուցիոնալացումը» գործիքակազմը։ Գործիքակազմը մշակվել է՝ հաստատություններից դուրս եկած անձանց փորձառությունների, իրավական փաստաթղթերի և առաջավոր փորձի ուսումնասիրության արդյունքում, և նպատակ ունի նախ և առաջ ներկայացնել, թե ինչ է հաստատությունը, և որոնք են հաստատությանը բնորոշ բաղադրիչները։ 

«Կարևոր է պատասխանել այս հարցին և ներկայացնել հասարակությանը, թե որ դեպքերում է ծառայության տրամադրումը համարվում հաստատություն, և ինչ բացասական, վտանգավոր ու վնասակար հետևանքներ է այն թողնում  մարդկանց կյանքի վրա։ 

Մի շարք գործոններ կան, որոնք որևէ ծառայության տրամադրումը դարձնում են հաստատություն, սակայն փորձեմ առանձնացնել մի քանիսը․ Հաստատություն է ցանկացած ծառայության տրամադրումը, որը անձին մեկուսացնում է հասարակությունից, համայնքից, պարտադրում է ապրել այնպիսի պայմաններում, այնպիսի առօրյայով, որն անձը չի ընտրել, վերահսկում և ճնշում է անձի կյանքն ու որոշումները, հարկադրում է դեղորայք ընդունել։ Այս ցանկում է նաև ինստիտուցիոնալ մշակույթի առկայությունը, երբ անձի անհատական կարիքներն ու ցանկություններն անտեսում են,– ասում է «Փոփոխություն» սոցիալ–առողջապահական հասարակական կազմակերպության համահիմնադիր, սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության մասնագետ Գոհար Խաչատրյանը և հավելում,– Հաստատությունների առկայությունը խտրականություն է, բռնության ձև է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հանդեպ։ 

Ընդ որում, հաստատությունների օրինակներ են ոչ միայն խնամքի և հոգեբուժական հաստատությունները, այլ նաև՝ ծառայությունների տրամադրման  մի շարք այլ խմբային ձևեր, այդ թվում՝ խմբային տները, անցումային (տրանզիտ) տները, գիշերօթիկ դպրոցները, ընտանիքի նման տները երեխաների համար և այլն։ Հաստատությունում ծառայությունների տրամադրումը երբեք չի կարող համարվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալական պաշտպանության եղանակ, քանի որ այդ հաստատություններն իրենց գոյությամբ արդեն խլում են անձանց իրավունքները, հակասում պետության ստանձնած միջազգային պարտավորություններին՝ պաշտպանելու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները»։

Ըստ նրա, բոլորի ջանքերը պետք է ուղղել ջատագովելու  այդ հաստատությունների փակումը, նոր հաստատությունների ստեղծման բացառումը և փոխարենը համայնքահեն, մարդու իրավունքների վրա հիմնված, ներառական ծառայությունների ստեղծումն ու զարգացումը Հայաստանում։ Այս գործընթացը, որը կոչվում է ապաինստիտուցիոնալացում, նպատակ ունի վերջ դնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մեկուսացմանը, փոխարենը՝ նպաստել այնպիսի պայմանների ստեղծմանը, երբ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ապրում են անկախ կյանքով, իրենք են որշում ում հետ, ինչ պայմաններով և ինչ առօրյայով ապրել, ինչպիսի աջակցությունից օգտվել։ 

Գոհար Խաչատրյանն ասում է՝ ապաինստիտուցիոնալացման համար պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը, զարգացնի անհրաժեշտ բոլոր ծառայությունները, իրականացնի բոլոր միջոցառումները՝ ապահովելու անձի որոշումների ու ընտրությունների ազատությունը, ինքնավարությունը, իրավունքների իրացման հնարավորությունները։ Ընդ որում, ապաինստիտուցիոնալացման գործընթացը պետք է նախագծվի և իրականացվի մասնակցային, այսինքն՝ հենց հաստատություններում բնակվող մարդկանց փորձառությունների, կարիքների, մոտեցումների հիմքով և նրանց իրական մասնակցությամբ պետք է մշակվի ապաինստիտուցիոնալացման պլանը, գործողությունների ծրագիրը և հետագայում նաև դրանց իրականացումը․

«Ապաինտսիտուցիոնալացման արդյունքում փոխվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալական պաշտպանության համակարգի հիմքում ընկած գաղափարախոսությունը, ինչպես նաև առաջարկվող ծառայությունները, որոնք պետք է լինեն մարդակենտրոն, հասանելի, որակյալ, հարգեն մարդու իրավունքը, ապահովեն անկախ կյանքով ապրելու հնարավորությունը, լինեն անհատականացված, այսինքն՝ բխեն անձի կարիքից և ցանկությունից»,– ասում է նա։

Գոհար Խաչատրյանն ասում է՝ ապաինստիտուցիոնալացումը բազմոլորտ, լուրջ բարեփոխում է, որը պահանջում է բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը։ Որքան էլ բարդ է այս գործընթացի իրականացումը, միևնույնն է, դա որևէ կերպ չի կարող իրական գործուն քայլեր չձեռնարկելու արդարացում լինել պետության համար։ Ապաինստիտուցիոնալացումը չիրականացնելու հիմնավորում չեն կարող լինել ո՛չ գործընթացի բարդությունը, ո՛չ համայնքում սակավ ծառայությունները, ո՛չ խտրական վերաբերմունքի դրսևորումները, ո՛չ բյուջեն, քանի որ այդ բարեփոխումն իրականացնելու կամքի, ջանքերի համախմբման արդյունքում է  հնարավոր իրականացնել ապաինստիտուցիոնալացում․  

«Հետևաբար, առաջարկում է դադարեցնել հաստատություններում ֆինանսական միջոցների ներդրումը, փոխարենը դրանք վերաուղղել անկախ կյանքը և համայնքում ներառումը երաշխավորող ծառայությունների զարգացմանը։ Ընդ որում, սա վերաբերում է նաև խմբային, համայնքային փոքր տներին, քանի որ դրանք նույնպես հաստատություններ են՝ ըստ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի։ Այդ ամենի փոխարեն հարկ է զարգացնել անհատականացված, իրավունքահենք և մարդակենտրոն ծառայություններ, քանի որ միայն դրանց միջոցով է հնարավոր ապահովել հոգեկան առողջույան խնդիրներ ունեցող անձանց իրավունքների իրացման երաշխավորումը»,– ասում է նա։

Ի՞նչ է ապաինստիտուցիոնալացումը

Ապաինստիտուցիոնալացումը ենթադրում է անցում ինստիտուցիոնալ խնամքից համայնքային կյանքին, որը կներառի, ըստ անհրաժեշտության, անհատական կարիքների և կամքի վրա հիմնված աջակցություն և խնամք։ 

Համայնքային կյանքի անցումը ենթադրում է երկու հիմնական բաղադրիչ՝ բնակության վայրի փոփոխություն, այսինքն՝ ինստիտուտից դեպի համայնք և վերաբերմունքային փոփոխություն՝ ներառյալ ծառայությունների փաթեթի վերափոխում։ 

Եվ այս ամենը երեք հիմնական սկզբունքների պահպանմամբ․

«Առաջին սկզբունքը ընտրությունն է. Անձն է որոշում որտեղ, ում հետ ապրել, ինչ պայմաններում, ինչ ծառայություններ ստանալ և ինչ ծավալի։ Երկրորդը աջակցությունն է։ Անձին պետք է հասանելի լինեն անհրաժեշտ ծառայություններ, ապրելու, աշխատելու, կրթվելու, զարգանալու, համայնքի բարիքներից օգտվելու, իր իրավունքները՝ ընտրության իրավունքն իրացնելու հարցում։ Երրորդը համայնքում ծառայությունների առկայությունն է, և՛ ինքնավարությունը իրացնելու, և՛ հոգեկան առողջության վիճակի կառավարման, և՛ հնարավոր վատթարացումների կանխարգելման համար, իսկ վատթարացումների դեպքում՝ ընտության և աջակցության սկզբունքների հիման վրա համայնքային բժշկական ծառայությունների ապահովումը»,– ասում է հոգեկան առողջության իրավունքի մասնագետ Անահիտ Չիլինգարյանը։

Ի՞նչ է գործնականում այս ամենը ենթադրում 

Բնակության վայրի դեպքում, դա կարող է լինել անձի բնակարանը, որտեղ նա կապրի առանձին կամ ընտանիքի հետ, կամ իր ընտրությամբ այլ անձի հետ։ Դրանք կարող են լինել նաև խմբային փոքր տներ այս կամ այն ծավալի աջակցությամբ, սակայն բոլոր դեպքերում անձը ունի ազատ ընտրության հնարավորություն։ Ծառայությունները կարող են լինել ներտնային խնամք, առանձին հարցերի շուրջ աջակցություն, օրինակ՝ անձնական օգնականի, այցելություն ցերեկային կենտրոններ, ըստ անհրաժեշտության՝ մոբիլ ծառայությունների այցելություն, 24/7 խնամք ու աջակցություն։ Կարևոր է նաև հաշվի առնել, որ անձի կարիքները ստատիկ չեն, դրանք կարող են փոխվել։ 

Ընտրության սկզբունքի իրացման պայման է նաև անձի գործունակության իրավունքի լիարժեք ճանաչումը և իրացման ապահովումը։ Անձը ով դատարանի վճռով զրկվում է գործունակության իրավունքից, անխուսափելիորեն զրկվում է վերը նշված հնարավորություններից, քանի որ իր փոխարեն որոշումների կայացման իրավունքը ստանում է այլ անձ՝ խնամակալը․ 

«Մեկ այլ կարևոր բաղադրիչ է հոգեկան առողջության բժշկական ծառայությունների հասանելիությունը և այդ ծառայությունների տրամադրման ընթացքում անձի ընտրության ապահովումը։ Պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում հոգեկան առողջության հոգեբուժական ծառայությունների հասանելիությունը, ներառյալ համայնքում հոգեկան առողջության վիճակի վատթարացման դեպքում և՛ տեղում որակյալ աջակցության ցուցաբերում, և՛ հոսպիտալացման ապահովում համայնքում առկա բժշկական կենտրոնում, ներառյալ ընդհանուր բնույթի բժշկական կենտրոնում կամ առանձին կրիզիսային կենտրոններում։ Ընդ որում, կարևոր է, որպեսզի բժշկական միջամտությունը` ներառյալ հոսպիտալացումը, իրականացվի անձի համաձայնությամբ։ Այս դեպքերի համար կիրառվող մեխանիզմներից է նախնական կարգադրությունների և որոշումների կայացման դելեգացումը, այսինքն, երբ անձը նախապես գրավոր կարգադրություն է տալիս, թե ինչ բժշկական միջամտություն կարող է իրականացվել իր հիվանդության վատթարացման կամ սրացման դեպքում, կամ լիազորում է մեկ այլ անձի՝ որոշումներ կայանցել իր փոխարեն տվյալ դեպքերում»,– ասում է հոգեկան առողջության իրավունքի մասնագետը։

Չիլինգարյանը կարծում է, որ ապաինստիտուցիոնալացման գործընթացի այսաստիճան հապաղման հիմքում ոչ թե ցանկության բացակայությունն է՝ ավելի լավ միջավայր ձևավորելու, այլ ճանապարհային քարտեզի և կոնկրետ տեսլականի բացակայությունը․

«Վստահ եմ, որ որոշումներ կայացնողները շատ լավ տեղյակ են ինստիտուցիոնալացման մոդելի խնդրային կամ ռիսկային կողմերին, ավելի լավ, քան մենք բոլորս, որ դրսից ենք դիտարկում խնդիրը։ Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին նախատեսվում են ծրագրեր, քայլեր, որոնք կարող են նպաստել գործընթացի իրականացմանը, սակայն, միևնույնն է, բացակայում է ապաինստիտուցիոնալացամնն ուղղված թիրախային, նպատակային գործողությունների պլանը, կարիքների գնահատումը։ 10 տարին, իհարկե, բավականաչափ ժամանակահատված էր այս ամենն անելու համար, հատկապես, որ իրականացվեց պիլոտային ծրագիր՝ խմբային տների ստեղծումը, որը, ցավոք, էլի բացեր ուներ, որովհետև որևէ կերպ չէր անդրադառնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաներին։ Բայց այս ծրագրի գործարկմանը զուգահեռ պետք էր ներդնել համայնքային ծառայությունների ցանց, որը կաջակցեր հաստատություններից դուրս եկող անձանց, ինչը, սակայն, չարվեց»,– ասում է Չիլինգարյանը։

Ըստ մասնագետի՝ գործընթացի հաջող իրականացման արդյունքում պետք է ներդրվեին ծրագրեր, որոնք ուղղված կլինեին հաստատությունից դուրս եկող անձանց ներուժի, կարողությունների զարգացմանը, և որպես արդյունք՝ նաև պետության ֆինանսական բեռի թեթևացմանը։ Սակայն, մյուս կողմից, Չիլինգարյանը չի ցանկանում շեշտը դնել պետության բեռի թեթևացման վրա, քանի որ պետությունը պետք է հստակ գիտակցի, որ ունի պարտավորություններ սեփական քաղաքացիների նկատմամբ և պետք է կրի այդ բեռը մինչև վերջ․

«Պետությունը պետք է պատրաստ լինի որոշակի ծախսեր իրականացնելու ծառայությունների փոխակերպման փուլում, որը, գուցե, բավականին երկար տևի, քանի որ այդ ընթացքում հաստատությունների մի մասը շարունակելու է գործել, և այնտեղ բնակվող անձանց կյանքի արժանապատիվ որակի ապահովումը հենց պետության պարտավորությունն է։ Զուգահեռաբար պետք է ներդրվեն այնպիսի համայնքային ծառայություններ, որոնք թույլ կտան որոշակի ժամանակահատված հետո հնարավորինս հրաժարվել հաստատություններից։ Այո, սա ծախսատար կլինի, սակայն երկարաժամկետ հեռանկարում այս ծառայությունների ներդրումը նաև ֆինանսապես ձեռնտու է լինելու պետությանը։ Հիմնական խնդիրը, իմ պատկերացմամբ, մասնագետների պակասն է, ովքեր կկարողանան իրականացնել այս գործընթացը։ Այս հարցը չլուծելու դեպքում մենք, միևնույնն է, գործընթացի իրականացման հարցում որակական լուրջ խնդիրների առջև ենք կանգնելու»,– ասում է Անահիտ Չիլինգարյանը։

Ի՞նչ է ասում պետությունը

2023 թ․–ի հունիսի 8-ին հաստատվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թթ․ համալիր ծրագիրը»։ Համալիր ծրագրով սահմանվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը և սոցիալական ներառմանն ուղղված առաջիկա տարիների առաջնահերթությունները․ 

«Յուրաքանչյուր առաջնահերթության շրջանակում նախատեսվել են այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, նրանց նկատմամբ կարծրատիպերի և խտրական վերաբերմունքի դեմ պայքարին, մատչելի և հավասար պայմանների ապահովմանը։ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրով որպես առանձին առաջնահերթություն են սահմանվել հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավման, խնամքի ծառայությունների փոխակերպման և անկախ կյանքի ապահովման գործընթացին առնչվող գործողություններն ու միջոցառումները։ Մասնավորապես՝ աշխատանքներ են իրականացվում համայնքահեն ծառայություններ ներդնելու ուղղությամբ՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքը և կանխարգելելու նրանց մուտքը խնամքի հաստատություններ»,– ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Կեսոյանը: 

Պաշտոնյան ասում է՝ խնամքի ծառայությունների փոխակերպման և անկախ կյանքի ապահովման գործընթացի համատեքստում աշխատանքներ են իրականացվում գործող համայնքային տների ծառայությունների ընդլայնման և նոր համայնքային տների ստեղծման ուղղությամբ՝ նպաստելով ապաինստիտուցիոնալացման գործընթացին։ Ներկայումս ՀՀ պետական բյուջեի միջոցներով դրամաշնորհի պայմանագրերի հիման վրա կազմակերպվում է հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց, շուրջօրյա խնամքը 5 փոքր խմբային տներում։ Համաձայն համալիր ծրագրի՝ նախատեսվում է ընդլայնել փոքր խմբային տների ծառայությունը մինչև 2027 թ․–ը՝ հասցնելով 8-ի։  

«Միաժամանակ, ՀՀ կառավարության 2022 թ. օգոստոսի 11-ի «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» որոշման համաձայն՝ 2024 թ․–ից ներդրվել է հաշմանդամություն ունեցող անձի անձնական օգնականի ծառայություն։ Բացի այդ, անկախ կյանքի ծառայություն ներդնելու նպատակով Արմավիրի մարզում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված հողատարածքի վրա ՄԱԿ-ի աջակցությամբ աշխատանքներ են իրականացվում անկախ կյանքի կենտրոն կառուցելու և անկախ կյանքի ծառայություններ ներդնելու ուղղությամբ։ Ցերեկային կենտրոններում իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ` ուղղված նրանց սոցիալական ներառմանը և անկախ կյանքի հմտությունների ձևավորմանը։ Ամսական ծառայություններ է մատուցվում շուրջ 410 հաշմանդամություն ունեցող անձի՝ շուրջ 11 ցերեկային կենտրոնում։ Կազմակերպվում է մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքը 5 փոքր խմբային տներում։ Տնային պայմաններում խնամքի հատուկ մասնագիտացված ծառայություն է տրամադրվում տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց։ 2024 թ․–ին ծառայությունը պատվիրակված է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին 50 շահառուի համար․ ծառայությունը սպասարկվում է Երևան և Աբովյան քաղաքներում»,– ասում է Կեսոյանը։

Նախարարության ներկայացուցիչն ասում է՝ վերջին 5 տարիներին ԱՍՀՆ ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի կենտրոններում շինարարական խոշոր աշխատանքներ դեռևս չեն իրականացվել, սակայն ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ իրականացվել է մոնիթորինգ և գնահատում, կազմվել է նախագծահաշվային խոշորացված հաշվարկ, անցկացվել է մրցույթ «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի համար, իսկ «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի համար կհայտարարվի նոր մրցույթ։ Ըստ կարիքի՝ նախատեսվում է վերանորոգում իրականացնել բոլոր հաստատություններում ևս։

Ի՞նչ է անում իրականում պետությունը

Աջակցության ծառայություններ մատուցողները հաճախ սխալ են նկարագրում իրենց ծառայությունը՝ օգտագործելով «անկախ կյանք» կամ «անձնական օգնական» տերմինները, թեև գործնականում այդ ծառայությունները չեն բավարարում ՄԱԿ-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածով սահմանված պահանջները: 

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն ընդհանուր մեկնաբանություն 5-ում (CRPD/C/GC/5) սահմանել է, որ «անձնական օգնությունը հաշմանդամություն ունեցող անձի կողմից ղեկավարվող (օգտվողի կողմից առաջնորդվող) մարդկային աջակցություն է և անկախ կյանքի ապահովման միջոց»։

Թեև անձնական օգնության ձևերը կարող են տարբեր լինել, կան որոշակի տարրեր, որոնք այն զատորոշում են անձնական աջակցության այլ տեսակներից։ Մասնավորապես անձնական օգնականի ծառայության ֆինանսավորումը պետք է տրամադրվի անհատականացված չափանիշների հիման վրա և հաշվի առնի արժանապատիվ աշխատանքի համար մարդու իրավունքների չափանիշները: Ֆինանսավորումը պետք է վերահսկվի հաշմանդամություն ունեցող անձի կողմից և հատկացվի անձին։ Ծառայությունը պետք է վերահսկվի հաշմանդամություն ունեցող անձի կողմից, ինչը նշանակում է, որ նա կարող է ինչպես պայմանագիր կնքել տարբեր կազմակերպիչների հետ, այնպես էլ ինքնուրույն հանդես գալ որպես գործատու:

Հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն պետք է ունենան ինքնուրույն ձևավորելու իրենց ծառայությունը, այսինքն՝ նախագծելու ծառայությունը և որոշելու, թե ում կողմից, ինչպես, երբ, որտեղ և ինչ եղանակով է մատուցվում ծառայությունը, ինչպես նաև հրահանգել և ուղղորդել ծառայություններ մատուցողներին։

Անձնական օգնականները պետք է վերապատրաստվեն և վերահսկվեն այն անձի կողմից, ում տրամադրվում է անձնական օգնությունը: Անձնական օգնականները չպետք է առանց անձնական օգնություն ստացող անձի լիարժեք և ազատ համաձայնության վրա ծառայություն տրամադրեն նաև այլ մարդկանց։ 

Անձնական օգնության կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ազատորեն ընտրել ծառայությունների մատուցման նկատմամբ իրենց անձնական վերահսկողության աստիճանը՝ ըստ իրենց կյանքի հանգամանքների և նախասիրությունների:

Մինչդեռ, Հայաստանում անձնական օգնականի ծառայությունը հասանելի է որոշակի պայմանների դեպքում միայն, օրինակ, աձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, ով ունի անկախ կյանքի կենտրոնների կողմից անձնական օգնականի ծառայություն տրամադրելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների տիրապետումը հավաստող վկայական։ Իսկ ընտանիքի անդամը կարող է հանդես գալ որպես անձնական օգնական միայն այն դեպքում, եթե հաշմանդամություն ունեցող անձը ունի 10 և ավելի ժամ ծառայություն ստանալու կարիք՝ համաձայն ծառայությունների անհատական ծրագրի։

Ինչ վերաբերում է ապաինստիտուցիոնալացման գործընթացի ֆինանսական կողմին, ապա դեռ  2022 թ․–ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն Մարդու իրավունքների 12-րդ երկխոսության ընթացքում բարձրաձայնվել է այն մասին, որ այս գործընթացում կարևոր է ապաինստիտուցիոնալացման ծրագրի մշակումը և իրականացումը, համայնքահենք ծառայությունների համար մարդկային և ֆինանսական ռեսուրսներ տրամադրումը, ներառյալ երաշխավորելով, որ ոչ մի հաստատություն չի հիմնանորոգվի, բացառությամբ բնակիչների ֆիզիկական անվտանգության համար անհրաժեշտ ամենահրատապ միջոցների։ Իսկ մինչ այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների բնականոն աշխատանքն ապահովելու համար վերջին 10 տարիներին պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 64 մլրդ դրամ գումար։

Սոնա Մարտիրոսյան

Նկարզարդումը՝ Վահե Ներսեսյանի