Մեր կողքին ապրող մարդիկ. Սվետլանան

Սվետլանան (Լուսանկարը՝ Սոֆի Խաչատրյան)

Աշխարհի տարբեր երկրներում ծննդօգնության կարևոր մաս է կազմում դուլան, որ հունարենից թարգմանաբար նշանակում է աղախին, օգնող կին: Դուլայի հիմնական գործառույթն է հոգեբանորեն լինել կնոջ կողքին, սատարել նրան, կատարել համապատասխան մերսումներ, որոնք օգնում են հաղթահարելու ցավերը, ավելի հեշտ դարձնել հղիության ընթացքը:

Դուլան օգնում է կանանց հենց նախածննդյան, ծննդաբերության և հետծննդաբերական փուլերում ոչ միայն ինֆորմացիա տրամադրելով, այլև պրակտիկ գիտելիքներով: Հայաստանի դուլաներից մեկի՝ 38 տարեկան Սվետլանա Ավագյանի փորձը բավական հետաքրքիր է, քանի որ նա ոչ միայն դուլա է, այլ նաև՝ հղիության յոգայի մասնագետ: 

2013 թվականին նա առաջին անգամ մեկնեց Հնդկաստան ուսումնասիրելու յոգա, քանի որ հենց այդ երկրում է այս ոլորտը զարգացման այնպիսի մակարդակի հասել, որ աշխարհի տարբեր ծագերից մարդիկ գնում են վարպետների մոտ մասնագիտանալու: Մեկ տարի անց մեկուկես ամիս տևողությամբ յոգայի դասընթացի մասնակցեց և սիրահարվեց այս ոլորտին: 

Հղիների յոգայի մասնագետն ինձ դիմավորեց իր յոգայի կենտրոնում՝ նորածին Սերժի հետ, որը նրա երրորդ բալիկն է: Տղան, որին փաղաքշորեն Սեր է անվանում, ողջ զրույցի ընթացքում խիստ կարևոր գործերով էր զբաղված՝ կաթ էր ուտում և քնում՝ մերթ-մերթ ձայներ արձակելով մոր գրկից ու միջամտելով մեր խոսակցությանը: 

– Հղիների յոգան սովորական յոգայից տարբերվում է նրանով, որ այստեղ ավելի շատ ենք կնոջ հետ աշխատում, որ նա ճանաչի իր մարմինը, աշխատում ենք շնչառության վրա, որ կարողանա տիրապետել իր շնչառությանը բոլոր շրջաններում։ Հղիների յոգան կարգավորում է հատկապես կեցվածքը, ամրացնում է մեջքի մկանները, հանգստացնում է կոնքի հատակը, բացում է ուսերն ու կրծքավանդակը, մարզում է ստոծանին և պարանոցի մկանները: Սովորեցնում է թոթափել լարվածությունը ամբողջ մարմնից։ Վիզուալիզացիոն տեխնիկաներով հանգստացնում է միտքը: 

Սվետլանան մտաբերեց, որ Սերժի ծննդյան պահին իր կողքին դուլա է եղել, որին նա խնդրել էր օգնել միայն այն պարագայում, երբ իրեն կդիմի: Հղիության յոգայի մասնագետը դուլա դառնալու դասընթաց է անցել Հնդկաստանում մի արհեստավարժ ուսուցչի մոտ, որն ինքը և՛ դուլա է, և՛ հեբամե (գերմաներեն): 

Եթե դուլան բժշկական կրթություն չունի և օգնում է կնոջը հեշտ հաղթահարելի դարձնել հղիության, ծննդաբերության կամ հետծննդաբերական ընթացքը (կախված, թե որ շրջանի համար դուլայի կարիք կա), ապա հեբամեն պետք է ունենա բժշկական կրթություն, քանի որ այս մասնագետները ծնունդն ընդունում են տնային պայմաններում՝ առանց բուժանձնակազմի ներկայության: Այո՛, աշխարհում կան կանայք, որոնք հրաժարվում են ծննդաբերության ժամանակ բուժանձնակազմի ներկայությունից և դիմում են հեբամեների օգնությանը: 

Գիտակցելով, թե որքան գեղեցիկ է երեխայի լույս աշխարհ գալը, բայց նաև հասկանալով, թե որքան անձնական և երբեմն ոչ հաճելի պահերով ընթացք է, փորձում եմ հասկանալ, թե այդ ի՞նչն էր մոտիվացիան Սվետլանայի համար, որ որոշեց դուլա դառնալ: 

– Համաձայն եմ, որ կարող են ոչ հաճելի պահեր լինել, բայց բոլոր կանայք, որոնց ծննդաբերության ժամանակ ես դուլա եմ եղել, այնքան սիրելի են ինձ համար, այնքան հարազատ, որ ես վայելում եմ այդ ընթացքի ամեն վայրկյանը: Ես հետևում եմ, թե ինչպես են բժիշկները և ծննդկանը օգնում երեխային լույս աշխարհ գալ: Կարծում եմ մենք՝ կանայք, օգնում ենք միայն, սակայն ողջ պայքարը կյանք գալու համար երեխան ինքնուրույն է անցնում:

Մի ժամանակ նա երազում էր բժշկուհի դառնալ, սակայն իր միայնակ մոր համար դժվար էր բոլոր երեխաների ցանկությունները բավարարել: Հիշում է, թե ինչպես էր մոր հետ շրջում շուկայով ու տատիկներից տարբեր բույսեր գնում: Մայրը հերթով բացատրում էր դրանց նշանակությունը և կիրառությունը: Դա այնքան գրավիչ էր իր համար, որ սկսեց վեպերի փոխարեն Ամիրդովլաթ Ամասիացուն ուսումնասիրել, «Դեղաբուսակն» էլ դարձավ սիրելի գիրքը: 

Սվետլանան երկար ժամանակ աշխատել է ՏՏ ոլորտում, սակայն մի անգամ, երբ ընկերուհիների հետ գնացել էին յոգայի, հասկացել է, որ այս ոլորտն այնքան հետաքրքիր է ու կլանող, որ պատրաստ է թողնել ամենն ու գնալ Հնդկաստան՝ մասնագիտանալու որպես յոգայի մարզիչ: 

– Սա իհարկե չի նշանակում, թե ով յոգայով է զբաղվում, հեշտ ծննդաբերություն է ունենում: Մենք պիտի հասկանանք, որ որքան էլ կանայք իրար նման են, նաև տարբեր են ու տարբեր կերպ են արձագանքում ծննդաբերությանը: Եղել են կանայք, որոնք յոգայով են զբաղվել, սակայն դժվար ծննդաբերություն են ունեցել: 

2018 թվականին արդեն նա մասնակցեց դուլայի որակավորման դասընթացի, որը տևեց երկու շաբաթ, ինչից հետո համապատասխան վկայագիր ստացավ, որը հավաստումն է, որ այսպես ասած կրթություն է ստացել որպես դուլա: Ու այստեղ է, որ ես մտաբերում եմ մի բառ, որ վաղուց չեմ լսել ու ենթադրում եմ, որ այլևս ակտուալ չէ Հայաստանում՝ «տատմեր»: Սակայն դուլան և տատմերը տարբեր գործառույթներ իրականացնող մարդիկ են: Դուլան բժիշկ չէ և չի կարող նշանակումներ անել, ծնունդ ընդունել, իսկ տատմերերն ինքնուրույն ծնունդ են ընդունել, անգամ՝ նշանակումներ արել:

– Ափսոսում եմ, որ տատմերությունը վերացավ մեր երկրում, քանի որ մենք իրենցից ահագին բան կարող էինք սովորել: Տես՝ հիմա ես գոտի եմ կապել որովայնի հատվածում, քանի որ մի քանի ամիս է՝ ինչ ծննդաբերել եմ: Սա տատմերերի խորհուրդներից է, նաև այն, որ եղինջի թանձրուկ էին նշանակում խմել և այլն: 

Հետծննդաբերական և հղիների մերսումները ամենատպավորիչն են եղել Հնդկաստանում դուլայի դասընթացների ժամանակ: Նմանատիպ մերսումները կոչվում են էմոցիոնալ, չնայած դրանք ֆիզիկական մերսումներ են: Սվետլանան ասում է, որ կանայք ասես վերածնվեն այդ պահին, վախերը, ցավերը, անհաղթահարելի թվացող էմոցիաներն ասես անհետանում են: 

– Կնոջը խնդրում եմ տաք լոգանք ընդունել, եթե տուն եմ գնում: Կանայք սիրուն պատմություններ են պատմում, համեղ բաներ ենք ուտում: Հա, տես, ասում ես՝ մտերիմ պիտի լինես, որ մերսում անես, լսես պատմություններ, ճիշտ ես: Կանայք կան, որ տարատեսակ տրավմաներ են տարել ու իսկապես կարիք ունեն մեկի, որ ոչ միայն ֆիզիկապես կօգնի հաղթահարել խնդիրները, այլ նաև ականջները սրած՝ կլսի ամեն բան, կաջակցի, կհասկանա, կասի՝ անցնելու է: 

Կնոջը ծառայելը մեծ առաքելություն է համարում ու նշում, որ այդ պահին համեստանում ու փոքրանում է այնքան, որ էգոն դուրս է մղվում միջից: Նա նայում է այդ կանանց ու հասկանում, թե որքան միանման ու որքան անհատական են բոլորը: Կան կանայք, որ այնպիսի անհաղթահարելի տրավմաներ են ունեցել, որոնք ստիպում են կնոջը պոռթկալ հենց ծննդաբերության ժամանակ: 

– Հաճախ մարդիկ ասում են, որ կինը գոռում է ծննդաբերության ժամանակ, իրեն ոչ ադեկվատ է պահում: Այս դեպքերում կան բժիշկներ, որ թե՛ էմոցիոնալ, թե՛ ֆիզիկական բռնության են անցնում: Ես միշտ ասում եմ՝ դուլան կնոջ իրավունքների պաշտպանն է, ու նման իրավիճակում նրա ներկայությունը կարող է զգոն դարձնել բուժանձնակազմին, էլ չեմ խոսում, թե զգայական մակարդակում ինչքան կարևոր է կնոջ կողքին լինել: 

Պատահել է, երբ գնացել է հիվանդանոց մասնակցելու ծննդաբերության, սակայն բժիշկները չեն թողել՝ պնդելով, որ դուլաները խանգարում են բուժանձնակազմին և սկսում են խորհուրդներ տալ՝ առանց բժշկական կրթություն ունենալու: 

– Իմ առաջին ծննդկանը մի կին էր, որ մանուկ հասակում այնպիսի սթրես էր տարել, որ իր համար ծննդաբերությունն անհաղթահարելի էր թվում: Առաջինն ու այդպիսի մեծ պատասխանատվություն, բայց պատվով անցանք, ու այնքան ուրախ եմ, որ կարողացա կողքին լինել, տեսնել, թե ինչպես րոպեների ընթացքում ասես նորից ծնվեց: 

Սվետլանան այս տարիների ընթացքում 2000-ից ավել հղիների հետ է աշխատել և այն պահին, երբ հեռանում էի, մի կին ներս մտավ: Պատմեց, որ իր վեցերորդ երեխան է լույս աշխարհ գալու, ու առաջին անգամ է, որ եկել է հղիների յոգայի: Ես հեռացա այնտեղից, որ չխանգարեմ պարապմունքը՝ հուսալով, որ բոլորը երեխաները գալու են, որ ասեն՝ եկա, հաղթեցի: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ անձնական արխիվից

MediaLab.am

Հ.Գ. Ծննդօգնության թեման բավական լուրջ ուսումնասիրման կարիք ունի, հետևաբար այս հոդվածում տեղ գտած մտքերը պատկանում են բացառապես տվյալ անձին: Այս թեմայով Հայաստանում կատարված վերջին հետազոտություններից մեկը կարող եք կարդալ այստեղ