Ապրել ու օգնել ապրելու. «Մարդիկ մտածում են, որ երբ դու ժպտում ես, բարձր չես գոռում ցավիդ մասին, ցավ չունես»․ Նարինե Ժամկոչյան

44-օրյա պատերազմում որդի կամ ամուսին կորցրած 13 կին, որ կարողացել են հաղթահարել սեփական ցավն ու առաջ նայելու ուժ գտնել իրենց մեջ, այսօր օգնության ձեռք են մեկնում նույն ճանապարհն անցնող մյուս ընտանիքներին: Աջակցություն ցույց տալու նպատակով 2021 թվականին կանայք հոգեբանական վերապատրաստման դասընթացների են մասնակցել՝ դառնալով «հավասար խորհրդատուներ»։ 

Նարինե Ժամկոչյանը պատերազմի հետևանքով կորցրել է ամուսնուն, իրենց տունը և այն ամենը, ինչ հնարավոր էր, ու չնայած այդ ամենին՝ պատերազմից մեկ տարի անց կարողացել է նոր կյանք ստեղծել իր և երեք երեխաների համար։ 

Անցած ճանապարհի և կրած դժվարությունների մասին Նարինեն խոսում է հանգիստ և զուսպ։ Ասում է՝ ապրելու և մյուսներին ապրեցնելու շարժիչ ուժը հենց իր ամրությունն է, որին այնքան հավատում էր նաև իր սիրելի ամուսինը։ 

«Ինձ ասում էր՝ եթե ես հետ էլ չգամ, գիտեմ, որ կարողանալու ես, որովհետև դու ուժեղ ես, ես քեզ վստահում եմ․․․ Երևի մի բան գիտեր, որ տենց վստահ էր ասում․․․ չգիտեմ»,- հիշում է 40-ամյա Նարինեն, որ սեփական ցավի աչքերին նայելուց հետո փորձում է ոտքի կանգնեցնել նաև մյուսներին։ 

«Երբ ստացա վերապատրաստումների մասնակցելու և մյուս կանանց օգնելու առաջարկը, հասկացա, որ ներքին մղումով մարդկանց օգնելուց բացի կարող եմ նաև գիտելիքներ ձեռք բերել և ավելի մասնագիտորեն օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Հիշում եմ՝ երբ դեռ նոր էի փորձում խոսել շատերի հետ, ինձ ասում էին՝ դու չգիտես՝ ինչ դժվար է, ասում էի՝ գիտեմ, ես էլ ձեզ պես մեկն եմ, այդ ամենի միջով ես էլ եմ անցել։ 

Հենց լսում էին, որ ես էլ զոհվածի այրի եմ, միանգամից փոխվում էին, սկսում էին ավելի հանգիստ խոսել և, ընդհանրապես, խոսել՝ իրենց ցավից ու դժվարություններից։ Շատերն իմ խորհրդով գնացին սովորելու, ընդունվեցին աշխատանքի։ Ասում էի՝ եթե ես կարողացել եմ աշխատանք գտնել, ինչու դո՛ւ չես կարող նույնը»,- պատմում է Նարինեն, որ թեև ներսում եղած մեծ ուժին, հոգու խորքում կրում է նաև ամուսնու կորստյան ցավն ու դառնությունը։ 

34-ամյա Վալենտին Բուռնուսուզյանը եղել է զրահատանկային զորամասի հրամանատար։ Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց, Բուռնուսուզյանը Հայաստանում չէր, մեկնել էր Աստրախան՝ մասնակցելու «Կովկաս 2020» զորավարժություններին, սակայն լսելով պատերազմի լուրը, 3 օր անց վերադարձել է հայրենիք՝ որպես հրամանատար կանգնելու իր զինվորների կողքին։

«Վերջին անգամ իրեն հենց օդանավակայանում ենք տեսել ու էնտեղից էլ միանգամից ճանապարհել։ Ասում են՝ իր 3 տեղակալների հետ տեղազննման է դուրս եկել, ու հենց այդ պահին էլ նրանց աչքի առջև տանկի արկի պայթյունից բեկորային վնասվածք է ստացել և վայրկյանների ընթացքում մահացել»,- ասում է Նարինեն: 

Վալենտինը զոհվել է ռազմադաշտ մեկնելուց 3 օր անց՝ հոկտեմբերի 3-ին Ջրականում (Ջաբրայիլ)։ Կինը հիշում է՝ դեպքի օրը բարեկամների տանը հյուր էին, և ամուսնու զոհվելու լուրն իմացել է այն պահին, երբ հարազատներն իրար մեջ խոսում էին կատարվածի մասին՝ իրեն, սակայն, այդ ամենի մասին այդպես էլ չհայտնելով։ 

«Անընդհատ զանգում էի ամուսնուս, բայց ոչ մի պատասխան, իսկ հետո ինձ ասեցին, որ ինքն էլ չկա»,- հիշում է Նարինեն: 

Կնոջ խոսքով՝ ամուսնու կորստից անմիջապես հետո ինքը սկսել է ճանապարհներ փնտրել՝ ընտանիքի կեցության հարցերը լուծելու համար, քանի որ մշտական բնակավայր չունեին: Հիշում է՝ նույնիսկ իրենց ցավը սգալու տեղ չունեին այդ պահին։ 

«Այդ դժվարին պահին ամուսնուս մոսկվայաբնակ ընկերները խոշոր դրամահավաք էին սկսել, որպեսզի մեզ համար բնակարան գնեն։ Այդպես՝ նրանց և մի շարք լավ մարդկանց շնորհիվ ստացվեց գումար հավաքել, որով կարողացանք Երևանում տուն գնել»։

Ավելի ուշ Նարինեին հաջողվում է նաև ուսուցչի աշխատանք գտնել դպրոցում, որտեղ ուսումը շարունակում են երեխաները:

«Ինձ զանգեցին զոհված զինծառայողների երկու մայր։ Մեկն ինձ ասաց՝ ես ձեր ամուսնու զինվորի մայրն եմ, իմ տղան էլ է զոհվել, հետո մյուս կինը ներկայացավ և ասաց, որ իր տղան էլ է զոհվել։ Ասացին՝ ուզում են հավաքվել, օգնել մեկս մյուսին, հարցրին՝ կգա՞ս, ասացի՝ այո ու գնացի»,- պատմում է Նարինեն:

Նա նշում՝ կանանց հետ աշխատելիս միշտ պատմում է իր պատմությունը, ապա նոր միայն սկսում զրուցել դիմացինի հետ։ 

«Ես չեմ ասի, որ հեշտ է քո պատմությունն ամեն անգամ պատմել ու այդ ամենը կրկին վերապրել։ Հեշտ չէ, իհարկե հեշտ չէ։ Բայց երբ սկսում ես պատմել քո պատմությունը և ասել, որ դու իրենցից մեկն ես, մարդիկ սկսում են քեզ վստահել, քեզ հետ ավելի անկաշկանդ և հանգիստ են խոսում։ Այդ ամենի շնորհիվ նրանց օգնելն ինձ համար ավելի հեշտ է դառնում։ 

Բացի այդ՝ երբ պատմում եմ իմ պատմությունը, հետո լսում եմ դիմացինին, սկսում եմ ներսումս մեր պատմությունները համեմատել, ինքս ինձ հարցեր տալ, բայց կարողանում եմ նաև ստացածս գիտելիքների շնորհիվ այդ ամենին կողքից նայել ու լսածս պատմություններն ինձ հետ տուն չտանել»,- ասում է Նարինեն և հավելում՝ ծրագրի շրջանակներում աշխատել է ամենատարբեր կանանց հետ։ 

Հոգեբանական վերապատրաստումներ անցնելուց և զոհված զինծառայողների մայրերի և կանանց հետ աշխատելու առաջարկն ընդունելուց հետո էլ, սակայն կանգ չառավ ունեցած ձեռքբերումների վրա. որոշեց և կրթությունը շարունակեց նաև ԵՊՀ մագիստրատուրայում ու ոգեշնչել նաև կանանց:

«Ասում էի՝ դուրս եկեք, աշխատեք, գործ գտեք, սովորեք, պիտի ձեր երեխաներին պահեք, միայն դուք եք ձեր հույսը, ձեր տերը, և շատերն ինձ լսում էին։ Հաջորդ այցի ժամանակ արդեն տեսնում էի, որ աշխատանք ունեն կամ էլ մեկ ուրիշ բան են ձեռնարկել։ 

Բայց քիչ չէին նաև հակառակ դեպքերը։ Աշխատել եմ, օրինակ, կանանց հետ, որոնք կտրականապես հրաժարվում էին որևէ քայլ կատարել այդ ցավից դուրս գալու համար և չէին ընդունում ցանկացած տեսակի օգնություն։ Նման դեպքերում ես ուղղակի հրաժարվում էի աշխատել իրենց հետ, որովհետև հասկանում էի, որ անզոր եմ»։ 

Նարինեի խոսքով՝ շատ ժամանակ հասարակությունը հենց ինքն է խանգարում, որ զոհվածների ընտանիքները ոտքի կանգնեն։

«Մարդիկ մտածում են, որ երբ դու ժպտում ես, ցավիդ մասին բարձր չես գոռում, քեզ չի ցավում, դու ցավ չունես։ Դեպքեր են եղել, երբ ինձ ասել են՝ դե քեզ ինչ կա որ, ամեն ինչ ունես՝ տուն, աշխատանք, հնարավորություններ, ասում եմ՝ դուք ճիշտ եք, ինձ ի՞նչ կա որ։ 

Բայց ինձ հարցրեք՝ ես կուզեի՞ ունենալ էս ամենը՝ առանց նրա: Երբեք։ Ես համաձայն էի մինչև խոր ծերություն ապրել ինչ-որ քշված տեղում, վարձով, որտեղ նույնիսկ կենցաղային տարրական պայմաններ էլ չլինեին, բայց ինքը լիներ։ Բայց երբ մարդիկ ոչինչ չեն գիտակցում, շատ ժամանակ պարզապես ձևանում եմ այնպիսին, ինչպիսին ինձ կուզենային տեսնել»։

Չնայած բազմաթիվ դժվարություններին և երբեմն մարդկանց անհամաչափ արձագանքներին՝ Նարինեն ասում է՝ այսօր ամուր կանգնած է գետնին և փորձում է ապրել՝ առաջինը հենց իր երեխաների համար՝ օգնելով նաև նրանց հաղթահարել իրենց ցավն ու կարոտը հայրիկի նկատմամբ։ 

«Մեծ աղջիկս իմ պես է, ինքն էլ է փորձում լաց չլինել, մի օր ասեց՝ մամ, ուզում եմ լացեմ, ասացի՝ ինչքան ուզում ես լաց եղիր, ու բարձր լաց եղավ, հանգստացավ։ Փոքր աղջիկս կարող է երբեմն Եռաբլուրում երգել կամ պարել հայրիկի համար, հումորներ է պատմում, խոսում է։ Ես իրենց ամեն ինչ թույլ եմ տալիս, որ դուրս թողնեն իրենց ներսում եղածը։

Ու հա, ես իրենց հետ վազվզում եմ տանը, դրսում բռնոցի եմ խաղում, ձնագնդի, գնում եմ հեծանիվ քշելու։ Ուզո՞ւմ են ծիծաղել, ես էլ եմ ծիծաղում: Սկսել եմ նաև սևից բացի գունավոր հագուստ հագնել և զգում եմ, թե ոնց են երեխաներիս աչքերը փայլում, երբ ինձ այդպես են տեսնում»,- ասում է Նարինեն և ավելացնում՝ երբեմն հոգու խորքում մեղադրում է ինքն իրեն, որ այդքան ուժեղ է, իսկ հետո հասկանում է, որ այլ կերպ չէր էլ կարող։ 

«Երբեմն մեղադրում եմ ինքս ինձ, որ եթե մեր կյանքի ընթացքում ցույց տայի, որ թույլ եմ ու իր պաշտպանության կարիքն ունեմ, գուցե մտածեր, որ չենք կարողանա, ու չէր գնա։ Մեղադրում եմ նաև իրեն, որ որոշել էր, որ ես ուժեղ եմ ու կկարողանամ առանց իրեն ամեն ինչ հաղթահարել, բայց երևի այլ կերպ հնարավոր չէր, ես էլ երևի այլ կերպ լինել չէի կարող․․․

Ես չեմ ուզում, որ ինձ խղճան, որովհետև ես կամ, ես ամուր կանգնած եմ ոտքերիս վրա, իմ ցավն իմն է, թույլ չեմ տա ինձ խղճալ։ Միայն Եռաբլուրում՝ ամուսնուս մոտ եմ ինձ թույլ տալիս լաց լինել, իսկ մյուսների առաջ միշտ ժպիտով եմ, ու ամրությունը, որ ունեմ, փորձում եմ փոխանցել նաև մյուս կանանց․․․ Երևի դա էլ իմ պայքարն է»,- ասում է Նարինեն։ 

Անի Մարտիրոսյան

Լուսանկարները՝ Սոֆի Խաչատրյանի

MediaLab.am