Արցախի բազմաթիվ պաշտոնյաներ, քաղաքացիներ կիսում են մեր մոտեցումները, գնահատում  իշխանությունների քայլերը. ՔՊ պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը

– Տիկի՛ն Հակոբյան, Արցախի խորհրդարանի խմբակցությունները ձեր իշխանությանը մեղադրում են «տևական ժամանակ ժողովրդավարության քողի տակ արցախցիներին թիրախավորելու համար»։ Ինչպե՞ս կարձագանքեք այս մեղադրանքին։

– Հայաստանի իշխանությունը բազմաթիվ ծրագրեր ունի արցախցի մեր հայրենակիցներին աջակցելու ու ներառելու բնականոն կյանք։ Ո՞րն է Արցախի խորհրդարանի համար թիրախավորումը. արցախցուն բնակարանով ապահովելու ծրագիրը, աշխատանքի ապահովման հետ կապված միջոցառումները, զբաղվածության հարցի լուծումը, սոցիալական ապահովման ծրագրերը… ի՞նչը, թե՞ Արցախի պետական մարմինների անվամբ հաշվառված ավտոմեքենաները տարբեր անձանց անունով անվանափոխած անձանց փնտրտուքն ու թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով գործի քննությունը։ Կարծում եմ՝ այդ հայտարարությունը անձնական շահագրգռվածություն ունի, ինչը պետք է տարանջատել բռնի տեղահանված մեր հայրենակիցների շահերից։

– Արցախի ձեր կոլեգաները վստահ են, որ իշխանական մակարդակով խտրական վերաբերմունք է դրսևորվում՝ «օգտագործելով «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ բառապաշարը»։ Ինչո՞ւ է նման կարծիք ձևավորվել նրանց մոտ։

– Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել այդ նույն արցախցի պաշտոնյաների խտրական հայտարարությունների, երբ շարժման ընթացքում, ոգևորված շարժման կազմակերպիչ, իրենց կուսակից գործընկերների տարբեր հայտարարություններից, ատելության խոսք էին տարածում հայաստանցիների հանդեպ, հայրենիք ատող էին անվանում իրենց շարժմանը չմասնակցող հայերին, թիրախավորում էին հայաստանցի ոստիկաններին և այլն։ Իսկ հայաստանցիները՝ իշխանության հետ միասին ու առաջնորդությամբ, սրտաբաց ու գրկաբաց են դիմավորել մեր հայրենակիցներին ու արել հնարավորն ու անհնարինը՝ նրանց աջակցելու համար։

– Տիկի՛ն Հակոբյան, ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչները նաև ճիշտ չէին համարում, որ իշխանության դեմ բողոքի ակցիաներին մասնակցեն Արցախից բռնի տեղահանվածները, ինչո՞ւ, նրանց Հայաստանի լիիրավ քաղաքացի չե՞ք համարում։

– Ձեր հարցի մեջ արդեն կա տարանջատում։ Բոլոր նրանք, ովքեր Հայաստանի քաղաքացի են, Հայաստանի քաղաքացի են՝ անկախ նրանից՝ որտե՛ղ են ծնվել, ինչ լեզվով են խոսում, ինչ կրոնական պատկանելություն ունեն։ Իհարկե, մեր հայրենակիցները կարող են բողոքել, արտահայտել իրենց կարծիքը, ինչի հնարավորությունը մենք ևս ստեղծում ենք՝ պարբերաբար հանդիպելով նրանց թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ 

– Իշխանությունը ի՞նչ է արել կամ անում, որպեսզի երկրում առկա ատելության մթնոլորտը, պառակտված վիճակը գոնե մի փոքր մեղմվի։ Կարծիք կա, որ հենց իշխանությունն է խրախուսում նման երևույթների տարածումը երկրում ամենաբարձր ամբիոնից։

– Ամենաբարձր ամբիոնը ամենաթափանցիկ ամբիոնն է նաև։ Մեր քննարկումներն ուղիղ եթերում են միշտ անցկացվում։ Խնդրում եմ՝ բերեք օրինակներ, թե երբ է եղել երկրում ատելության մթնոլորտի գեներացում իշխանության կողմից։ Իհարկե շատ ուժեղ է մեդիամանիպուլյացիան, շատ ուժեղ է ստի պրոպագանդան հենց ընդդիմադիր ԶԼՄ-ների միջոցով, բայց մեր հասարակությանը, հատկապես մեր բռնի տեղահանված հայրենակիցներին խնդրում եմ չտրվել այդ մանիպուլյացիաներին, ինքնուրույն կարծիք կազմել՝ հետևելով թե՛ ԱԺ քննարկումներին, թե՛ մեր հայտարարություններին, թե՛ Կառավարության քննարկումներին։ 

Նախորդ քառօրյային, երբ քննարկում էինք ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցության մասին օրինագիծը, մեր ընդդիմությունը թողեց քննարկումը և դուրս եկավ փողոց՝ սրելու ատելության մթնոլորտը։ Սրանով ամեն բան ասված է։

Իսկ ինչպե՛ս պայքարել մթնոլորտի սրացման դեմ. միանշանակ չսրելով ընդդիմության գեներացրած այս ատելության մթնոլորտը։ Եվ կխնդրեմ նաև ընդհանրական չվերաբերվել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներին կամ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին։ Բազմաթիվ թե՛ պաշտոնյաներ, թե՛ քաղաքացիներ կիսում են մեր մոտեցումները, գնահատում են Հայաստանի իշխանությունների կատարած քայլերը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am