Իշխանականների այս պահվածքը՝ լեզուդ կկտրեմ, գլուխդ կջարդեմ, ականջդ կկտրեմ, ինքնավստահությունից չէ, վախից է. Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 

– Տիկի՛ն Զոհրաբյան, խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպը՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանիմասնակցությամբ, ինչի՞ մասին է խոսում։

– Երբ մենք ասում էինք, որ այս իշխանությունն այնքան է ցինիկացել, այնքան է հաբռգել, որ անցել է բարոյականության բոլոր կարմիր գծերը, պատասխանը մեկն էր, որ հնչում էր թե՛ կառավարությունից, թե՛ խորհրդարանից. լավ ենք անում, ժողովուրդը մեզ քվե է տվել, ինչ ուզում՝ անում ենք։ 

Ազգային ժողովում երեկ տեղի ունեցածը մեռնող իշխանության հոգեվարքի թպրտոց էր, որովհետևերբ մի քաղաքական ուժում այլևս այնքան ոտքեր, թևեր՝ Անդրանիկ Քոչարյանի թև, Ալենի թև, Արսեն Թորոսյանի թև, այնքան թևեր ու ականջներ կան, որոնք այլևս իրենց ներքին տարաձայնությունները, բախումները ներկայացնում են հանրությանը ու որոնք այլևս գիտեն, որ ինչ էլ իրենք անեն, անցնելու է, պլստալու են։ 

Սա նշանակում է, որ այս իշխանության վախճանը շատ մոտ է: Ինչպես այսօր լրատվականներից մեկն էր գրել, երեկվա խայտառակ միջադեպը խորհրդարանում ծագել է նրանից, որ ոմն Արփի Դավոյանի օգնական, որը նստած է եղել լսումներին, որի իրավունքը, ես չգիտեմ՝ ուներ, թե չէ, ռեպլիկ է բաց թողել Քյարամյանի հասցեին՝ «հլը էս համբալի կուռաժիտ լինելը», ինչին հետևել է այդ տհաճ միջադեպը։ Ու քանի որ, որքանով հասկացանք, ՔՊ-ական թևերից մեկը, որը գլխավորում է բավականաչափ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը, իր առաջ խնդիր է դրել, համենայնդեպս,այդպես են շրջանառում ՔՊ-ական աղբյուրները, կոնկրետ թիրախի տակ վերցնել ուժային կառույցների ղեկավարներին, ամեն ինչ արեց, սադրեց։ 

Աբսուրդ է նաև Քննչական կոմիտեի նախագահի պահվածքը, դա ի՞նչ լեքսիկոն է՝ «չկա մեկը, որ կարանա ինձ ռեպլիկ թողնի», այս ամենը սեփական անպատժելիությունից հղփացած, հաբռգած իշխանության հոգեվարք է։ Երբ հարթակից, ըստ էության, հնչում է փաստ, որ նույն Հովիկ Աղազարյանի տղաների համար միջնորդություններով դիմում են, բա Նիկոլն իրեն ճղում, ասում էր՝ այլևս կոռուպցիա և միջնորդություն չկան։ 

Իշխանականների այս պահվածքը՝ լեզուդ կկտրեմ, գլուխդ կջարդեմ, ականջդ կկտրեմ, ինքնավստահությունից չէ, վախից է: Էդպիսի մանր շակալներ կան, չէ՞, որ վախից նախահարձակ են լինում, իրենք շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ ռեժիմը մոտենում է ավարտին, ու ինչքան էլ այդ ռեժիմն ունենա 15 տոկոս աղանդավորների աջակցություն, իսկ նիկոլիզմը Հայաստանի ամենակործանարար աղանդն է, ու նիկոլականն ինձ համր աղանդավոր է, որը ոչ միայն կրթական ցենզի, այլ նաև բարոյականության հետ լրջագույն խնդիր ունի, իրենք հասկանում են, որ այս ռեժիմը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղում, ու կա՛մ Արևմուտքից են բամփելու սրանց գլխին, կա՛մՌուսաստանից, ու իրենց այս խայտառակ թպրտոցնայն վերջին բանը պոկելու ջղաձիգ քայլն է։ Նորից եմ վստահ պնդում՝ սա մեռնող իշխանության վերջին այլասերված ջղաձգումներն են։

– Իսկ համաձա՞յն եք Հովիկ Աղազարյանի այն պնդմանը, որ կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունք ստանալու համար։

– Այդ առումով՝ միանշանակ, ինչի մասին է խոսքը։ Ես եմ եղել ԱԺ եվրոպական ինտեգրմանհանձնաժողովի նախագահ, ու եվրոպական կառույցները գիտե՞ք՝ ինչ պրեսինգ էին գործադրում ինձ վրա, որ պետք է արագ փոխվի Քրեական օրենսգիրքը, ու կալանքը՝ որպես խափանման միջոց, պետք է կիրառվի շատ հազվադեպ դեպքերում։ 

Մենք այսօր տեսնում ենք, որ կալանքը դարձել է քաղաքական մահակ, ամենամեծ քաղաքական դեպքն էլ Արմեն Աշոտյանն ու մյուս ընդդիմադիր գործիչներն են։ Ու նույն եվրոյոնջաները, որ նախկինում դժգոհում էին կալանքի կիրառումից՝ որպես խափանման միջոց, բայց այսօր ոչ մեկը չի խոսում այդ մասին, երբ կալանքը տասնապատիկ ավելի է կիրառվում, քան նախկինում էր, ու դրանց մեծամասնության տակ քաղաքական մոտիվացիաներ կան։ 

Սա բռնապետություն է, բայց ես մշտապես ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ Ալիևը կարող է բռնապետ լինել, իսկ Հայաստանն անգամ բռնապետություն լինելու ռեսուրս չունի, ու դրա համար մենք տեսնում ենք նմանատիպ այլանդակություններ։ Երեկվա այլանդակությունը ապացույցն էր, որ ՔՊ-ն ներսից փտած, փուչիկ կառույց է, որտեղ բոլորը բոլորի վրա դանոս են գրում:

Ավելին՝ ես անուն չեմ նշելու, բայց ՔՊ-ական պատգամավորներից մեկը դեռ մեկ տարի առաջ ինձ ասաց՝ իմ փրկությունը մեր ներքին չատն է, որտեղ Նիկոլը բոլորիս հանձնարարություններ է տվել, որ պահին փորձեն ինձ փուռը տալ, այդ չատի զապիսները հրապարակելու եմ։ Պատկերացնո՞ւմ եք սրանց հարաբերությունների անբարոյականության աստիճանը, սրանք, որ իբր իրար հռչակել են համախոհներ ու թիմակիցներ, այս շակալների ոհմակը։ 

Այս միջադեպը ցույց տվեց, որ կան ապօրինի արդարադատություն ու հովանավորչություն, այս մասին բացահայտ հայտարարվեց: Իհարկե Հովիկ Աղազարյանն ուզում էր փրկել իր տղաներին, բայց այդ արանքում ասվեցին բաներ, որոնք լրջագույն քննության առարկա պետք է դառնան, բայց քանի որ այս իշխանության հետ գործ ունենք, բնականաբար,սա չի դառնալու քննության առարկա, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու պատժել Արգիշտի Քյարամյանին, գլխավոր դատախազին կամ ուժային այլ կառույցի ղեկավարի, որովհետև այս ռեժիմն աշխատում է «կոմպրոմատ՝կոմպրոմատի դիմաց» սկզբունքով, բոլորը բոլորի վրա ամենազարհուրելի կոմպրոմատներ ունեն։ Անբարոյականություն է պահել իշխանությունը վախի, կոմպրոմատների ու ահաբեկումների վրա։

Քրիստինե Աղաբեկյան