Սա նշանակում է, որ Փաշինյանն ընդունել է Ալիևի պայմանը ու երկիրը տանում է դեպի հանրաքվե՝ Անկախության հռչակագիրը հանելու. Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 

– Տիկի՛ն Զոհրաբյան, նախօրեին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Եկել եմ սարսափելի եզրակացության: Այդ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։ Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»։ Որպես խորհրդարանական երկիր՝ ի՞նչ պետք է հաջորդեր այս հայտարարությանը, որ չհաջորդեց։

– Այդ հայտարարությունից հետո՝ րոպեների ընթացքում, նախ ԱԱԾ-ն պետք է մտներ խորհրդարան ու կալանավորեր մի ղեկավարի, որն ԱԺ ամբիոնից ազդարարում է պետության ավարտը, որն ասում է, թե մեր պետության հիմքերը պետության չգոյության մասին են, որը պետական ինստիտուտները կազմաքանդող հայտարարություն է անում, հայտարարություններ, որոնք անգամ իրեն թույլ չի տվել անել մեզ թշնամի երկրի ղեկավար՝ ո՛չԱլիևը, ո՛չ Էրդողանը։ 

Դա տեղի չունեցավ, երկրորդ՝ ընդդիմությունը ոչ թե պետք է նստեր ու լսեր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, այլ պետք է ուղղակիորեն զավթեր ամբիոնը, ինչպես թավշյա տեռորի ժամանակ՝ 2018 թվականին, այդ ամբիոնը պարբերաբար զավթում էին թավշիստները։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում հստակ ամրագրված է՝ եթե իշխանությունների ապօրինությունների դեմ պայքարում տվյալ երկրի օրենսդրությունը և սահմանադրությունը այլևս չեն գործում, ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Բայց մենք տեսանք, որ ո՛չ ԱԱԾ-ն մտավ կալանավորելու պետականաքանդ, հակապետական հայտարարություններ անող երկրի ղեկավարին, ո՛չ ժողովուրդն ապստամբեց։ 

Ես մի պահ պատկերացրի, որ ես կամ ընդդիմադիր որևէ գործիչ մեզ թույլ տայինք ասել, որ Անկախության հռչակագիրը պետության չգոյության մասին տեքստ է, կամ ասեինք այն, ինչ մի քանի ամիս առաջ ասաց Նիկոլը՝ «Սա՞ եք դուք հայրենիք համարում, էս թերմա՞ցքը», մեզ մսաղացով կաղային մեր երեխաների հետ միասին, ԱԺ-ն օրենք կընդուներ գիլիոտին դնել հրապարակում ու մեզ գլխատել։

– Ընդդիմության այս վարքագիծը ձեզ համար հասկանալի՞ է։

– Ինձ բացարձակապես հասկանալի չէ, ես մի քանի անգամ փորձել եմ ինձ համար շատ հարգելի գործիչների, որովհետև նրանց մեջ կան իսկապես ազնիվ, պայքարող տեսակներ, եկեք չհերքենք, հետ խոսել, թե ի՛նչն է պատճառը, որ իրենք երբ ինձ կոչ էին անում ու ասում՝ պատերազմից հետո հասկանալի չէ, որ դահլիճում նստած, լսում եք Նիկոլի ասածները, հիմա իրենք նստած լսում են Նիկոլի ասածները։ 

Նրանք ունեն իրենց, ես չգիտեմ՝ որքանով հիմնավոր, բայց բացատրությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարմիրգծեր չունի, իրենք կարմիր գծեր ունեն և չեն ուզում առանց կանոնների մարտի մեջ մտնել նրա հետ, որովհետև նա կարող է մտնել ընդհուպ անձնական կյանք։ Սա ինձ համար հասկանալի չէ, ինձ համար բացատրություն չէ։ 

Եթե դուք այդ մանդատը ստացել եք, ապա պետք է պատրաստ լինեք ցանկացած իրավական ու սահմանադրական գործիքով պայքարել իշխանության դեմ։ Խորհրդարան չբերեիք այնպիսի մարդկանց, որոնք խոցելի չլինեին, որոնք չէին վախենա, որ Քրեական օրենսգրքի այս-այս հոդվածով իրենք խնդրահարույց են։ Իսկ մենք գիտենք, որ ընդդիմադիր խմբակցություններում կան մարդիկ, որոնք կաշկանդված են իրենց ունեցվածքներով, չգիտեմ ինչերով:

Գոնե նրանք պետք է այնքան բարոյականություն ունենան, իրենց մանդատները դնեն գնան, ու եթե իրենց ցուցակներում կան մարդիկ, որոնց իշխանությունը չի կարող ճնշել, որոնց ապօրինի կամ չապօրինի գույքով չի կարող վախեցնել, բերեն այդ մարդկանց։ 

Թող նրանք հանկարծ չմտածեն, թե պատասխանատվություն չեն կրում, որովհետևընդդիմություն են, նրանք էլ իրենց չափով են պատասխանատվություն կրում, որովհետև մեր հայրենակիցները նրանց 300 հազարից ավելի քվե են տվել, ու եթե մարդիկ կան, որ կաշկանդված են տարբեր բաներով, ինչն ինձ բացարձակ հետաքրքիր չէ, ուրեմն իրենք պետք է հասկանան, որ գոյաբանական խնդրի առաջ է կանգնած երկիրը, մանդատները պետք է վայր դնեն, ռադ լինեն, իրենց հետևից գան մարդիկ, որոնք պատրաստ են կռիվ տալու, որովհետև սա պատերազմ է, պատերազմ երկիրը չկորցնելու համար։

– Տիկի՛ն Զոհրաբյան, այսինքն՝ շանտաժից ելնելո՞վ ձայն չեն հանում, ճի՞շտ հասկացա։

– Մի մասն այդպես է բացատրում, ասում են՝ չենք կարող իր մակարդակին իջնել։

– Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները ի՞նչ ուղերձներ են պարունակում, ու այս տեմպերով ո՞ւր է տանում երկիրը նա։

– Շատ պարզ է, հիշո՞ւմ եք 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, խորհրդարանում հայտարարեց. «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու»։ Երեկվա ուղերձը հետևյալն էր, որը հետո ինքը փորձեց լղոզել թրաշվելու շոուով, որ ուշադրություն շեղի. մենք շատ շուտով պետականություն չենք ունենալու, բայց դա առանձնապես ծանր չտանեք։

– Միանշանակ։ Ես առավոտյան լսում էի Հաջիևին, նա կրկին նշեց, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի վերջնաժամկետը դեկտեմբեր-հունվար ամիսն է, և խաղաղության պայմանագիրը պետք է արդեն առարկայացվի։ Իսկ Ալիևը երեկ հայտարարեց, որ ՀՀ իշխանության «կրուտիտները» էլ չեն անցնելու։ Նախապայմանները՝ հանրաքվեով Սահմանադրություն փոխելու, հայ-ադրբեջանական սահմանից հանել օտար ուժերին, նկատի ունի ԵՄ դիտորդներին ու նաև ռուսներին, ու երրորդ՝ միջազգային ատյաններից, տվյալ դեպքում՝Եվրոպական դատարանից ու Հաագայից հետ կանչել Ադրբեջանի դեմ հայցերը։ Մինչև այս ամենը չարվի, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, իսկ այս ամենի վերջնաժամկետը դեկտեմբեր-հունվար ամիսն է։ Ու երեկ, երբ նա ուղղակիորեն թքեց Անկախության հռչակագրի վրա, դա նշանակում է, որ ինքն ընդունել է Ալիևի պայման մեկն ու երկիրը տանում է դեպի հանրաքվե՝Անկախության հռչակագիրը հանելու։

– Եթե գնա հանրաքվեի, ըստ ձեզ՝ հանրությունը այդ «այո»-ն կասի՞։

– Ես իրեն լավ գիտեմ, ինքը մանիպուլացնելու է, հերթական անգամ խաղալու է հանրության էմոցիաների վրա, ու ձևակերպումը լինելու է՝ ուզո՞ւմ եք խաղաղություն, թե՞ ոչ։ Ցանկացած ադեկվատ հասարակություն, հատկապես այս արնաքամ պատերազմից հետո դեռ ուշքի չեկած հասարակությունը, բնականաբար, այն ձևակերպմանը, որտեղ կա «խաղաղություն» բառը,քվեարկելու է կողմ։ Մի քիչ էլ կեղծելու է, իր ուզած թիվը ստանալու է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am