Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում որոշումներն ընդունվում են միանձնյա, իսկ արագաչափերի հարցով մարդն առաջարկում է հանրաքվե անցկացնել. Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մեսիջը ո՞րն էր հանրությանը։

– Շատ թույլ հարցազրույց էր, բայց, այնուամենայնիվ, հիմնական մեսիջը այն էր, իմ ստացած տպավորությունն այդպիսին է, որ ինքը փոշմանել է կադրային գլխատումից ու փորձում էր շտկել իրավիճակը սեփական թիմի ներսում, որովհետև, իսկապես, հարցեր են առաջացել ոչ միայն հասարակության մոտ, այլ նաև՝ սեփական թիմում։ Մարդկանց հերթով գովաբանում եք, շնորհակալություն հայտնում, այդ դեպքում ինչո՞ւ ազատեցիք, եթե կոնկրետ խնդիր չեք մատնանշում՝ ի՞նչ էր նշանակում այդ գլխատումը։ 

Այս պաշտոնանկությունների առաջին ու հիմնական պատճառը հանրության մոտ սեփական վարկանիշը բարձրացնելուն ուղղված քայլ էր՝ սեփական թիմին գլխատելու միջոցով։ Տպավորություն ստացա, որ ինքը փորձում էր մեղմել սեփական թիմում առկա ճեղքվածքը, մինչև վերջ չայրել կամուրջները պաշտոնազրկված անձանց հետ, մեսիջ հղել, որ փոխատեղումներ է անելու, այսինքն՝ այդ մարդիկ առանց պաշտոնի չեն մնալու, բայց սա ուշացած էր այն առումով, որ բոլորն արդեն հասկացան՝ Նիկոլ Փաշինյանը չի խնայելու ոչ մեկին: Խոսքս իր թիմակիցների մասին է, ու մենք կտեսնենք, որ ինչ-որ մի փուլում, երբ էլի «համբերության բաժակը կլցվի», նա նորից նույն քայլերին է գնալու՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար։ 

Ակնհայտ է, որ Փաշինյանը սկսել է պատրաստվել խորհրդարանի ընտրություններին, ու արագաչափերի մասով, ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հերթական պոպուլիստական հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ նախապատրաստություն խորհրդարանի ընտրություններին։ 

– Ձեր գնահատմամբ՝ արագաչափերի հարցը այն հարցն է, որ պետք է հանրաքվեի դրվի՞։

– Անկեղծ ասած, ապշած եմ, որովհետև չէր կարելի այդ աստիճան արժեզրկել հանրաքվեի ինստիտուտը ու սովորական մի երևույթի վերաբերյալ որոշում կայացնելու համար հանրաքվեի գնալ։ Ակնհայտ է, որ հանրաքվեի դրված հարցի լուծման համար անհրաժեշտ է, ներկա իրավակարգավորումների համաձայն, ընտրողների թվի հանրագումարի պայմաններում շուրջ 650 հազար կողմ ձայն, որպեսզի այդ հարցն անցնի։ Հնարավոր չէ ու պետք էլ չէ իջնել այդ աստիճան ու հանրաքվեի դնել մի հարց, որը Կառավարության որոշման տիրույթում է: Այս առումով ես կարծում եմ, որ ինքը որպեսզի հերթական անգամ սևերես դուրս չգա ժողովրդի մոտ, փորձում է այնպես անել, որ եթե հանրաքվեի դրված ակտը վաղը չանցնի, մեղադրի ժողովրդին։ 

Ամենակարևոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Հայաստանի անվտանգությանը, աշխարհաքաղաքական կողմնորոշմանը, Արցախի հարցի լուծմանը, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, հանրաքվեի կարիք չի տեսնում, միանձնյա որոշում է կայացնում, բայց արագաչափերի հարցով մարդը հանրաքվե է ուզում անցկացնել։ 

Ինձ համար տարօրինակ ու բացարձակապես դատապարտելի էր այն հայտարարությունը, թե Կարեն Անդրեասյանին sms է գրել ու խնդրել, որ գործից ազատվի։ Նապոլեոնն ասում էր՝ սա հանցագործություն չէ, սա սխալ է, այսինքն՝ սա հանցագործությունից էլ ծանր է։ Ինքը գերազանցել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետը, 96-րդ հոդվածը, 98-րդ հոդվածը, 152-րդ հոդվածը, 173-րդ հոդվածը, 174-րդ հոդվածը։ 

Ակնհայտ է, որ նա խաթարել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեությունը, Կարեն Անդրեասյանը նրա խնդրանքը կարող է դիտարկել որպես շանտաժ, ահաբեկում, սպառնալիք, պահանջ, ինչի ազդեցության տակ էլ ինքը գրել է հրաժարականի դիմում։ Այս ինքնախոստովանությունից հետո միակ բանը, որ պետք է արվեր, ԲԴԽ-ն լուծարելն էր, փակել այդ չկայացած մարմնի գործունեությունը։ Փաշինյանը գերազանցել է իր սահմանադրական լիազորությունները։

– Պարո՛ն Նորիկյան, իսկ պատգամավորների մասով ունի՞ լիազորություն՝ խնդրել մանդատը վայր դնել։

– Ո՛չ, Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, ոչ թե պետք է խնդրի Հովիկ Աղազարյանին կամ Նարեկ Զեյնալյանին, որ մանդատը վայր դնեն, այլ նա իր ողջ կառավարությունով հաշվետու է նրանց։ Այս ժողովրդին ո՛նց բացատրենք, որ Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանին հաշվետու սուբյեկտ է, ոչ թե նրան՝ պատգամավորի մանդատը վայր դնելու խորհուրդ տվող։ 

Հայաստանում այս առումով իրավական բեսպրեդել է, խաթարված է սահմանադրական կարգը, խաթարված է պետական կառավարման համակարգը, ընդ որում՝ ինքն իր մասին մի քանի անգամ ասաց պետության ղեկավար, նա պետության ղեկավար չէ։ Հայաստանի Սահմանադրությամբ պետության գլուխ է հանդիսանում Հայաստանի նախագահը, նա ընդամենը Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարն է։ Էս կարգի թքել ՀՀ Սահմանադրության վրա, ես չեմ պատկերացնում, թող ժողովուրդը լսի, հետևություններ անի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am