Ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանը կստանա իր փոխհատուցումը եւ աշխատանք կունենա. նախագահականում խոստացել են

Ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանը կստանա իր փոխհատուցումը եւ աշխատանք կունենա. նախագահականում խոստացել են
Ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանը կստանա իր փոխհատուցումը եւ աշխատանք կունենա. նախագահականում խոստացել են

Օրեր առաջ նախագահական նստավայրի մոտ հուսահատությունից ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան, բազմազավակ Մխիթար Ալումյանին այսօր նախագահականում հավատացրել են, որ լուծում կստանան նրա բարձրացրած հարցերը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին «Մեդիալաբի» լրագրողները այցելել էին Քաղսիում սոցիալական վատ պայմաններում ապրող Ալումյաններին՝ ամբողջական հոդված պատրաստել նախկին ոստիկանի խնդիրների մասին: Ալումյանի պատմությունը հուզել էր շատերին, եւ մարդիկ ուզում էին հնարավոր ամեն ինչով օգնել 5 անչափահաս երեխա ունեցող ու արդարության համար պայքարող Մխիթար Ալումյանին:
Այսօր, ինչպես եւ նախապես տեղեկացրել էր, նա եկել էր նախագահի նստավայի առջեւ՝ անժամկետ հացադուլ հայտարարելու համար:
«Բայց ինձ ներս հրավիրեցին նախագահականի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի մոտ, պարզաբանեցին բոլոր հարցերը ու որոշում կայացրեցին, որ առաջիկա 3 օրը օրինական փաստաթղթերով ձեւակերպված կվերադարձնեն իմ 4,5 մլն դրամից մնացած արտաժամյա աշխատանքի գումարը: Ինչպես նաեւ զանգեցին զինված ուժեր՝ վերականգնելու համար ծառայությունս Իջեւանում պայմանագրային զինծառայող աշխատելու համար»,- «Մեդիալաբին» տեղեկացրեց Ալումյանը:

Բավարարված նախագահի աշխատակազմի այս քայլից՝ նա ուրախությամբ նշում է, որ այժմ կկարողանա լուծել իր հաշմանդամություն ունեցող 10-ամյա դստեր բոլոր առողջական հարցերը:

«Անձամբ իմ մոտից Հովսեփյանը զանգեց նաեւ Քանաքեռ- Զեյթունի 8-րդ հիվանդանոց եւ բժշկին ասաց, որ աղջկաս աչքերի լինզաների համար ոչ մի գումար ինձնից չվերցնեն, բոլոր ծախսերը իրենք են հոգալու: Ես շատ շնորհակալ եմ նախագահի աշխատակազմից այս քայլի համար»,- ասաց Ալումյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանական համակարգի՝ պետական պահպանության վարչությունում 13 տարի աշխատած Ալումյանը Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ է: Նա պահանջում էր վերջին 9 տարիներին իր արտաժամյա կատարած աշխատանքի հավելավճարը, որը կազմում է 4,5 մլն. դրամ գումար, որից 4 ամիս առաջ ստացել էր միայն 1,93 մլն. դրամը:

Մոտ մեկ ամիս առաջ Ալումյանը նամակ էր գրել Սերժ Սարգսյանին եւ դիմել տարբեր ատյաններ, սակայն հարցը լուծում չէր ստացել:

Տես ֆոտոպատմությունը

Լուսանկարում՝ Մխիթար Ալումյանը /Կարապետ Սահակյան, «Մեդիալաբ»/

© Medialab.am