2025 թվականի հունվարի 1-ից, պայմանավորված հարկային նոր փոփոխություններով, փաստաբանների մատուցած ծառայությունների գներում զգալի փոփոխություններ են սպասվում։ Նոր հարկատեսակը նախատեսում է 5 տոկոս շրջանառության հարկից տեղափոխություն ավելացված արժեքի հարկման դաշտ. փաստաբանական ծառայություններ մատուցողների համար ԱԱՀ-ն կկազմի՝ 20, իսկ շահութահարկը՝ 18 տոկոս։
Փաստաբաններ ահազանգում են, որ իրենց մատուցած ծառայությունները կթանկանան։
Թեև օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացանք, որ 2024 թվականի նոյեմբերի 1-ին կառույցը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ», սակայն նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ դիմումի հիման վրա հարցի քննությունը՝ պատճառաբանությամբ, որ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
«Մեդիալաբը» թեմայի վերաբերյալ զրուցել է «Նովալեքս» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, իրավագետ Վահե Գրիգորյանի հետ
– Պարո՛ն Գրիգորյան, Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական հերթական փաթեթն է շրջանառության մեջ դրել, որով մասնավորապես առաջարկվում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից տեղափոխել ընդհանուր հարկման համակարգ։ Արդեն հնչում են մասնագիտական գնահատականներ, որ եթե այս փոփոխություններն ուժի մեջ մտնեն, ապա դրանք բերելու են շղթայական թանկացումների։ Կոնկրետ ձեր ոլորտում ի՞նչ հետևանքներ է առաջացնելու այս փոփոխությունը։
– Փաստաբանական գործունեության հարկումը մյուս այլ գործունեության տեսակների հետ նույն պրիզմայով խնդրահարույց է այնքանով, որ իրավապաշտպան գործունեությունը և հատկապես փաստաբանական գործունեությունը «դասական» գործունեություն չէ, այն ուղղված է Հայաստանում, ինչպես նաև Հայաստանից դուրս մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Ի վերջո, կարելի է ասել, որ սա տնտեսական գործունեության միակ ու այն յուրահատուկ ձևն է, որի վերաբերյալ Սահմանադրությունում ինքնին կան ամրագրված դրույթներ, այդ թվում և՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, փաստաբանի միջոցով հանդես գալու ազատությունը, հետևաբար այն հարկման տեսանկյունից հավասարեցնել ուղղակի` սովորական բիզնես գործունեությանը ինքնին խնդրահարույց է, այդ թվում և՛ սահմանադրական նորմերի, և՛ մարդու հիմնարար իրավունքների գերակայության ապահովման տեսանկյունից:
Վերջապես դա իր հերթին հանգեցնում է թե՛ իրավաբանական օգնություն ստանալը անհարկի դժվարամատչելի դառնալուն, թե՛ առհասարակ փաստաբանական ծառայությունների թանկացմանը։ Այս տեսանկյունից քաղաքացիների համար հերթական նոր խոչընդոտն է առաջանալու, ու սահմանափակվելու է փաստաբանի միջոցով դատարան դիմելու իրավունքը։
– Ծառայությունների գների բարձրացումը որքա՞ն է կազմելու քաղաքացիների համար, ի՞նչ անհարմարություն են կրելու։
– Ամենամեծ անհարմարությունն այն է, որ pro bono (անվճար) սկզբունքի պարագայում անգամ փաստաբանական ծառայությունները հարկվելու են, այսինքն՝ երբ մարդ, պայմանավորված իր կամքով, իրավունքի գերակայությամբ, սեփական ծախսերը հոգալու պատրաստակամությամբ, ստանձնելու է անձի իրավունքների պաշտպանության հանձնառություն, ստիպված է դրա համար կատարել հարկային պարտավորություններ, մինչդեռ հարկը ձևավորվում է որոշակի գումարի, եկամտի հիման վրա։ Չի կարող չլինել եկամուտ ու ձևավորվել հարկ, դա ինքնին վերածվում է տուրքի, իսկ տուրքի ինստիտուտը այս պարագայում չի կարելի կիրառել. անձը դատարան դիմելիս արդեն իսկ վճարում է դատական տուրքեր:
– Պարո՛ն Գրիգորյան, այսինքն՝ երբ մինչ այս տարբեր փաստաբաններ պատրաստակամություն էին հայտնում անվճար այս կամ այն անձի իրավունքների պաշտպանությունը ստանձնել, այսուհետ չե՞ն անելու։
– Այլևս անհնար է լինելու, որովհետև բավական չէ, որ մարդիկ անվճար իրենց ժամանակն են հատկացնելու, գործ են անելու, մի բան էլ դրա համար ստանձնելու և պարտավորվելու են կատարել հարկային պարտավորություններ:
– Իսկ վճարովի ծառայությունների պարագայում որքա՞ն ավելի գումար է վճարելու քաղաքացին։
– Կախված է լինելու, թե ով ի՛նչ հարկման դաշտով է աշխատել, իսկ հիմա դառնալու է ընդհանուր մեկ չափ, թանկացումը կարող է լինել 15-40 տոկոս։ Ստացվում է, որ Հայաստանում իրավունքների պաշտպանությունը, հատկապես, իրավունքների դատական պաշտպանությունը դառնալու է անհաղթահարելի կամ առնվազն դժվար հաղթահարելի խոչընդոտ, որովհետև, չմոռանանք, որ 2021 թվականից առ այսօր կտրուկ թանկացել ու շարունակում են ավելանալ պետական տուրքերի սահմանաչափերը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am