«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը
– Տիկի՛ն Հովհաննիսյան, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, եկամուտների համընդհանուր հայտարարագիր ներկայացնելը, տրանսպորտի սակագնի բարձրացումը հարուցել են մարդկանց դժգոհությունը, տեսանելի են այս կամ այն աստիճանի բողոքի ակցիաներ դրանց դեմ: Ի՞նչ զարգացումներ սպասենք, իշխանության որոշումներն ավելի շատ նպաստում են, որ առկա դժգոհությունները մեղմվե՞ն, թե՞ ընդհակառակը:
– Երբ դիտարկում եմ այս գործընթացները, ինձ մոտ մտավախություն է առաջանում, որ ինչ-որ բլից կրիգի փուլում ենք՝ տարբեր կողմերից ինչ-որ բաներ են կրակոցների նման՝ մեկ սոցիալական բնույթի, մեկ տարօրինակ քաղաքական հայտարարություններ, որոնք առաջացնում են մարդկանց զայրույթը, զարմանքը: Իրականում կարծես հասարակությանն անընդհատ լարվածության մեջ պահելու, որոշակի իրավիճակներ բորբոքելու, մարդկանց հավաքականությունը քայքայելու ուղղությամբ աշխատանք կատարվի:
Այս ամբողջն ինձ հիմք է տալիս մտածելու, որ սա միտված է հասարակության մեջ ապատիա սերմանելուն, թե ինչպե՛ս կարող է հասարակությունը դիմադրել սրան, դե հիմա՝ հատկապես սոցիալական ֆոնի վրա որոշակի ակցիաներ իրականացվում են, որովհետև սոցիալականը մարդուն անմիջականորեն զրկում է գոյատևման հնարավորությունից, դրա համար էլ այն մշտապես ամենախոցելի մասն է եղել:
Բայց կան շատ ավելի խոր ու ինքնության հետ կապված հարցեր, որոնց մասին խոսվում է, բայց դրան դիմադրելու ձևեր չկան՝ դուրս գալ փողոց և ի՞նչ պահանջել, դուրս գալ փողոց ու ի՞նչ հարցնել, ու արդյոք այդ հարցադրումների շուրջ ինչպե՞ս փորձել հակափաստարկներ բերել, որպեսզի դրանք լինեն ավելի զորեղ ու կենսունակ:
Ընդհանուր այս ամենը բերում է ավելի շատ վախի մթնոլորտի, ես չեմ կարծում, որ մեր հասարակությունն այսքան ճնշված լինելու պարագայում կարող է կամ միանգամից պայթել, կամ անընդհատ այսպես մաշել իր ռեսուրսները, որովհետև ես նկատում եմ՝ նույնիսկ մեկնաբանությունների ֆոնին, տարբեր տիպի սուր զրույցների պարագայում մարդիկ խուսափում են որևէ կարծիք և դիրքորոշում հայտնելուց, որովհետև ամեն ինչ շատ վերահսկվում է սոցիալական ցանցերում: Ոչ միայն վերահսկվում է, այլև այնքան սխալ ու սուտ նարատիվներ են սկսում հյուսվել մարդկանց մասին, որ նրանք խուսափում են ընդհանրապես երևալ այդ հանրային տիրույթում, այդ թվում՝ սոցցանցերում ու իրենց կարծիքը, ընդվզումը կամ բողոքը հայտնել:
– Վերահսկողություն որ ասում եք՝ նկատի ունեք, որ դա արվում է պետակա՞ն մակարդակով:
– Հնարավոր է, որ պետական ինստիտուտները չլինեն՝ ի դեմս ոստիկանության կամ ինչ-որ ծառայությունների, բայց լինեն, օրինակ՝ իշխանամերձ լրատվամիջոցներ կամ իշխանամերձ ֆեյքեր: Ընդհանրապես, կյանքը հիմա այնքան ցանցային է դարձել, որ պետական ինստիտուտների անմիջական մասնակցությունը այս ամբողջ պրոցեսներին արդեն գալիս է վերջին տեղում: Այս ցանցային վերահսկողությունը բավական ապատիկ ու դեպրեսիվ տպավորություն է թողնում հասարակության դիմադրողականության տեսանկյունից:
– Տիկի՛ն Հովհաննիսյան, մարդկանց վախերը հիմնականում կապված են աշխատանք կորցնելո՞ւ հետ, որովհետև քիչ չեն եղել դեպքերը, երբ մարդը զրկվել է աշխատանքից անգամ սոցցանցերում ինչ-որ գրառում հավանելու համար:
– Սպառնալու խնդիր նույնիսկ չի գալիս, որովհետև արդեն խոր գիտակցության մեջ առկա է, որ բոլոր տեղերում պաշտոնի են նշանակվում անձինք, որոնք իրենց մերձակա շրջապատից են: Ամենակարևոր հարցը՝ եթե հիմա նույնիսկ սկսվի աշխատանքային իրավունքների խախտում և այլն, ապա բավական ծանրացել է դատական մատչելիությունը թե՛ փաստաբանական ծառայություններից օգտվելու, թե՛ պետական տուրքերի բարձրացման տեսանկյունից, այսինքն՝ մարդիկ իրենց իրավունքները վերականգնելու համար իրենց աշխատավարձի տասնապատիկ- քսանապատիկը պետք է տան:
Բոլոր ուղղություններով մենք անընդհատ խոսում ենք ժողովրդավարության մասին, բայց ժողովրդավարության առաջնային խնդիրը մարդու իրավունքների պաշտպանությունն է ու մարդու իրավունքների մատչելիությունը դատարաններում, իսկ մեր երկրում առկա վերջին կոնկրետ փոփոխություններով դատարանի մատչելիությունը վերցնում ենք շարքային քաղաքացու ձեռքից ու հնարավորություն չենք տալիս, որ գոնե իրավունքների խախտման դեպքում դիմի դատարան՝ դրանք վերականգնելու համար:
– Ձեր ասած բլիցկրիգային իրավիճակը իշխանությունը միտումնավո՞ր է ստեղծում:
– Ես կարծում եմ՝ այո՛, որովհետև կան նարատիվներ, որ ընդհանրապես անիմաստ տեղն են նետվում հասարակության մեջ, որի ո՛չ պահանջարկը, ո՛չ անհրաժեշտությունը չկան այս պահին:
– Տիկի՛ն Հովհաննիսյան, այսինքն, դուք կարծում եք, որ այդ ամենի նպատակը մարդկանց դիմադրողականությունը թուլացնելն է:
– Այո՛, հավաքական դիմադրողականությունը նվազեցնելն է ու, իհարկե, մարդկանց բորբոքված վիճակում պահելը:
– Իսկ հնարավո՞ր է, որ նաև հակառակ արդյունքն ունենա:
– Շատ հնարավոր է, որովհետև 2018-ին գրեթե նման իրավիճակ էր ստեղծվել, ու հանրությունը ամեն օր ստանում էր նոր տիպի ազդակներ՝ սկսած նրանից, որ պաշտոնյաները կարող էին խոստում տալ ու անել դրա լրիվ հակառակը, այսինքն՝ այդ մանևրելու, խաբելու գործելաոճն արդեն իսկ շրջվել է այդ ժամանակվա իշխանության դեմ: Այդ ժամանակ մարդիկ ևս ունեին ապատիկ տրամադրություններ, բայց ի վերջո հանրությունը դուրս եկավ փողոց: Այսինքն՝ իշխանության այդ տոտալ լկտիացումը, որ ես ինչ ուզեմ կանեմ, շատ վտանգավոր գործելաոճ է ու կարող է պտտվել հենց այդ իշխանության դեմ:
– Իսկ այս իշխանությունը այդ տոտալ լկտիության աստիճանին հասե՞լ է:
– Ժողովրդից կտրվելու իմաստով՝ այո՛, որովհետև բոլոր խնդիրներում մարդկանց մեղադրելու քաղաքականություն է գնում:
– Տիկի՛ն Հովհաննիսյան, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենահավանական սցենարը ո՞րն է:
– Ես չէի ուզի ականատես լինել պայթյունավտանգ իրավիճակի, որովհետև միշտ դրանից օգտվում են արկածախնդիրները, իսկ առավել խելացի ու բանիմաց մարդիկ փորձում են իրենց ոլորտներում փոփոխություն անել ու խելապատառ չեն նետվում իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու:
Փողոցով իշխանափոխություն անելը կամ մարդկանց ապատիայի մեջ պահելը Հայաստանի համար բավական վտանգավոր է լինելու, մանավանդ որ արտաքին քաղաքականության տեսանկյունից է բավական խոցելի վիճակում գտնվում: Ունենք իրավիճակ, որի պարագայում իշխանությունը առնվազն հետքայլ պետք է կատարի, մի փոքր ավելի խոր մտածի, որովհետև լավագույն գործընթացները ընտրությամբ ձևավորվող ու պատրաստված ընտրությամբ գործընթացներն են: Իսկ այլ դեպքերում մենք ունենում ենք անձերի ընտրություն, մարդիկ կույր հավատով փորձում են մեկին իշխանության բերել միայն նրա համար, որ նախորդը չլինի: Այս դեպքում գնդակը իշխանության դաշտում է, առնվազն պետք է հետքայլ կատարեն ու գործեն հանրության շահերից ելնելով, այլ ոչ թե՝ փոքր խմբավորման:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















