Սահմանից այս կողմ. չնայած խնդիրներին` Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գյուղերի բնակչությունն ավելանում է

Սահմանից  այս կողմ. չնայած խնդիրներին` Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գյուղերի բնակչությունն ավելանում է
Սահմանից այս կողմ. չնայած խնդիրներին` Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գյուղերի բնակչությունն ավելանում է

Պատերազմական օրերից քարերով պատված, երբևէ ասֆալտ չտեսած, հողածածկ ու խորդուբորդ, ինքնաշեն ճանապարհը ու այն հաղթահարել փորձող հնամաշ ավտոբուսը տանում են դեպի Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղ:
Սահմանամերձ այս գյուղում ապրում է 243 մարդ` 83 ընտանիք: Ղարաբաղյան հակամարտության պատերազմական տարիներին գյուղը գրեթե ամբողջությամբ ավերվել էր: Հրադադարից հետո Վարդաձորը, ինչպես Ղարաբաղի գյուղերի մեծամասնությունը փորձում է վերգտնել իրեն:

Գյուղապետ Սամվել Սառաջյանը «Մեդիալաբին» ասում է, որ հեշտ չէ սահմանամերձի կոչումով ապրելը, բնակիչներն ամեն բարձր աղմուկից, եթե անգամ դա փոքրիկ մի պայթյուն է գյուղացիներից ինչ-որ մեկի բակում, խառնվում են իրար, զանգում ծանոթներին, փորձում պարզել` մոտակայքում որեւէ մեկի տունը հանկարծ վառված չլինի…

«Սահմաններն այս անգամ արդեն ավելի լավ ու խորն ենք պահելու, արդեն շատ ենք կորցրել, 450 բնակիչներից կեսն է գյուղում բնակվում այժմ, մնացածներն արտերկրում են: Ներկայիս թիվը կիսելու իրավունք պարզապես չունենք»,- նշում է Սառաջյանը:

Սարերով շրջապատված գյուղում այսօր հիմնականում նոր կառուցված տներ են, գյուղացիներն ասում են` նախկին վարդագույն գյուղից այսօր բան չի մնացել, նոր կառուցված տները թեև ավելի հարմարավետ են, եվրոպական կամ ռուսական ոճով նորոգված, սակայն տեղաբնակներին ավելի շատ դուր էին գալիս իրենց հին քարերից պատրաստված, առանց ներկերի ու գույների տները:

Թեպետ գյուղամիջյան ճանապարհները քարքարոտ են ու ավազախառը, երիտասարդները երեկոյան նախընտրում են զբոսնել, քան տարեցների հետ հայրերի ու որդիների մշտական կռիվը մղել:

Վարդաձորի գյուղապետն ասում է` հատկապես սահմանամերձ գյուղերում ամենամեծ խնդիրների շարքում են անբարեկարգ ճանապարհներն ու ջուրը: Ջրի հարցը ԼՂ կառավարությունը խոստացել է լուծել առաջիկա երկու տարիներին, արդեն խողովակաշարեր են անցկացվել, սակայն ճանապարհների վերանորոգման հարցում հույսը քիչ է.

«Շրջկենտրոն Ասկերանից 7-8 կմ հեռավորության վրա ենք գտնվում, սակայն ճանապարհն այնքան վատ է, որ կարծես տասնյակ կիլոմետրեր գնաս: Այս ճանապարհներին չեն դիմանում ոչ մեքենաները, ոչ ավտոբուսները»:

Հիմնականում գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվող վարդաձորցիները բողոքում են հատկապես վարկային ծրագրերից, որոնք գյուղացիներին մեկ տարով են հատկացվում, իրենք էլ չեն հասցնում հողը մշակել, բերք ստանալ, ու վարկը մարել:

Վարդաձորը այն գյուղերից է, որտեղ բնակություն են հաստատում վերաբնակեցման ծրագրով ԼՂ եկող ընտանիքները: Գյուղի նոր բնակիչների համար բնակելի տներ են կառուցվում, հողամաս է հատկացվում, որը 5 տարի անց համարվում է ընտանիքի սեփականությունը:

2011-ի հուլիսի 1-ին Վարդաձորում արդեն 6 վերաբնակեցված ընտանիք կար:

Խաչատրյանների ընտանիքը առաջիններից է եկել այտեղ` 5 տարի առաջ լսելով վերաբնակեցման ծրագրի մասին: Նրանք տեղափոխվել են Գորիսից, ու 2011-ի հուլիսի արդեն Վարդաձորի բնակչի վկայական են ստացել` հրաժեշտ տալով վերաբնակիչ բնորոշմանը:

«Գյուղի լիարժեք բնակիչներ ենք, այգի ենք մշակում, մեծ տղաս արդեն ամուսնացել է, երեխա ունի, միջնեկ տղաս է պատրաստվում ամուսնանալ: Չեմ կարծում` երբևէ հեռանանք այստեղից, երկար տարիներ Գորիսում վարձով ենք ապրել, երբեք մեր սեփական տունը չենք ունեցել, այժմ մեր երազանքը կատարվել է, ունենք տուն, այգի, անասուններ»,- ասում է ընտանիքի մայրը` Նինա Խաչատրյանը:

«Էլ ինչի մասին կարող է երազել իսկական գյուղացին, մեկ էլ որ սահմաններն անխախտ լինեն, խաղաղ ապրենք ու պատերազմներ չտեսնենք»:

2010 թվականին ավելի շատ մարդ է եկել Ղարաբաղ, քան գնացել են ասյտեղից` 1000 բնակչի հաշվով երկիր է եկել 7 մարդ, մեկել` 3: ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության Ժողովրդագրական քաղաքականության բաժնի տվյալներով` Լեռնային Ղարաբաղ վերադարձողները բնակություն են հաստատում հիմնականում գյուղերում:

Մոտ 300 բնակիչ ունեցող Նախիջեւանիկը Վարդաձորի ամենամոտ հարեւան գյուղն է: Անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող նախիջեւանիկցիները գրեթե նույն խնդիրներն ունեն, ինչ վարդաձորցիները, սակայն այս երկու գյուղերի դարերից եկող մրցակցությունը մինչ օրս էլ շարունակվում է:

Երկու գյուղերի աշակերտները մի դպրոց են հաճախում, և նախիջանիկցիները միշտ կատակում են, թե վարդաձորցիներն այդպես էլ չհաշտվեցին այն մտքի հետ, որ դպրոցը կոչվում է Նախիջևանիկի միջնակարգ դպրոց: Դպրոցում սովորում է 60 աշակերտ, սակայն նրանց թիվը տարեցտարի ավելանում է` հրադադարի առաջին տարիներին դպրոցն ուներ մինչև 20 աշակերտ:

Դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Հայկուշ Միրզոյանը «Մեդիալաբին» ասում է, որ աշակերտներն այսօր հողին կպած են, ճիշտ է` դպրոց են հաճախում, լավ էլ սովորում են, սակայն ավելի շատ հող ու ջուր են սիրում:

Տարրական դասարանների ուսուցչուհի Գոհար Սարգսյանը ևս սովորել է Նախիջևանիկի դպրոցում, այնուհետև սովորել է Ստեփանակերտի Մանկավարժական համալսարանում:

«Քաղաքից մի քանի տեղից ասացին, որ այնտեղ աշխատեմ, սակայն ես որոշեցի վերադառնալ գյուղ, այստեղ ես պիտի ապրեմ, դասավանդեմ, մեր ծնողները կյանքի գնով են պահել գյուղը, մենք էլ պիտի պահենք ու շենացնենք»,- ասում է արդեն երեք երեխաների մայր ուսուցչուհին:

Վարդաձորի ու Նախիջևանիկի բնակիչների համար ամռանը հեշտ չէ հյուր ընդունել` նրանք օր ու գիշեր արտերում են, գիշերը ուշ տուն են գալիս, առավոտյան արևը դեռ չբացված կրկին գնում. այնտեղ են ուտում, խմում, աշխատում, լողանում…

Սահմանամերձ այս երկու գյուղերում մարդիկ միմյանց ռազմական, զինվորական ընկերներ են կոչում, բոլորն իրար հետ են կռվել, և նրանք այսօր ապրում են կողք կողքի` նույն հուշերով, գյուղացուն հատուկ նույն դարդերով:

Զոյա Միրզոյանը երկար տարիներ եղել է պատերազմին 14 զոհ տված Նախիջևանիկի բուժքույրը, իսկ պատերազմի շրջանում մեկ րոպե անգամ չի հեռացել զորամասերից: Ասում է` այնքան վիրավոր, որքան ինքն է տեսել, երբեք ոչ ոք թող չտեսնի.

«Երբեք չեմ սիրում հիշել գլխներովս անցածը, չեմ ուզում մտքումս անգամ տեսնել այն դիակները, որ ամեն օր հավաքում էինք, այն տղաներին, ովքեր իմ ձեռքերի մեջ էին մահանում»:

Այսօր, սակայն, բուժքույրն իրեն մոռացված է զգում, հատկապես պետության կողմից` ոչ ոք չի հիշում իրեն ու իր պես ազատամարտիկներին այնքան ժամանակ, մինչև իրենք չեն դիմում:

«Ինքս չեմ ուզում դիմել, որովհետև երբ պատերազմ էր, մենք կամավոր ենք գնացել, մեզ ոչ ոք չի խնդրել, հիմա էլ ես չեմ խնդրում, եթե գնահատում են, թող դա լինի սրտանց ու առանց հազարավոր դիմումների»,- սրտնեղում է կինը:

Շարժման տարիներին հայրենի հողերը պաշտպանելու համար պայքարի էին դուրս եկել նաեւ վարդաձորցիք` կին թե տղամարդ: Արցախյան հերոսամարտում զոհվել է վարդաձորձի 30 խաղաղ բնակիչ, ին““`չպես նաև 10 կին գերի է վերցվել. նրանց մասին մինչև օրս որևէ տեղեկություն չի ստացվել, սակայն գյուղացիները ենթադրում են, որ նրանք արդեն մահացած կլինեն, քանի որ գերեվարվելիս արդեն 70-80-ն անց էին:

«Գերի ընկած կանայք տարիքով էին, չկարողացան վազել մեզ հետ, մենք այդ օրերին անտառներով, սար ու ձորով էինք փախչում, իսկ նրանք չէին կարողանում այդքան արագ վազել»,- հիշում է 87-ամյա Անահիտ Միրզոյանը:

«Էդ տարի պամիդորի շիթիլ ունեի, այդպիսի պամիդոր դեռ երբեք չէր ստացվել մեր այգում, տնից հեռանալուց երկար նայեցի այգուն, հետո աղջիկս սկսեց լաց լինել ու ասաց` ուշանում ենք, դեռ պիտի ամբողջ գիշեր ոտքով քայլենք ու հասնենք Ստեփանակերտ»,- հիշում է Անահիտ տանը:

1992 մայիսի 10-ին տեղի ունեցավ առաջին հարձակումը Վարդաձորի վրա, սակայն թշնամին չկարողացավ գյուղ բարձրանալ` անանցանելի ու բարդ ճանապարհների շնորհիվ, երկրորդ անգամ` հունիսի 12-ին, արդեն ինքնաթիռներով հարձակում եղավ, և գյուղը դատարկվեց:

Բնակիչները միշտ հիշում են այն անձրևոտ գիշերը, երբ ցեխերի միջով, սարեր ու ձորեր հաղթահարելով` գնում էին դեպի Ստեփանակերտ և հենց այդ ճանապարհին էր, որ գյուղի երեխաներից մեկը տատին ասել էր. «Տատ, մյուս անգամ, որ թուրքերը գան, կասես ցերեկով գան, մեկ էլ արև ժամանակ, որ կարողանանք փախչել, թե չէ ցեխերի մեջով չեմ կարողանում անցնել»:

Անահիտ տատի հուշերը մերթընդմերթ լռում են, չի ուզում շատ բան հիշել, միայն ասում է` երջանիկ է, որ գյուղն ազատագրվել է, որ այսօր էլ կարող է այգի մշակել, սակայն միշտ վախենում է պոմիդոր սածիլելուց:

«Ես էլ եմ մարդ, ադրբեջանցին էլ, մենք խաղաղ բնակիչներ ենք, եթե չհրարհրվի պատերազմ, եթե կռիվ չգցեն, գյուղացիներից ոչ մեկը, թե մեր, թե նրանց կողմից վեր չի կենա ու գնա կոտորի մյուսին»:

Փառանձեմ Հովհաննիսյան

© Medialab.am