Փաշինյանը շատ խոր ու դառը մոլորության մեջ է. կա դժգոհություն, ու այն շատ ավելի սուր է, քան մինչև 2018-ը. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, այսօր վարչապետը հերթական գրառմամբ է հանդես եկել: Նա նշել է, թե Հայաստանում լարվածություն, ապատիա, ատելություն չկան, որ դա ընդամենը ընդդիմադիր որոշ շրջանակների խոսույթն է: Ի՞նչ կարծիք ունեք այս պնդման մասին: 

– Նիկոլ Փաշինյանը, ինչպես բոլոր նախկին ղեկավարները, կա՛մ կտրվել է իրականությունից, կա՛մ ուղղակի հերթական անգամ փորձեց մանիպուլյացիայի ենթարկել հազարամյա, ի դեպ՝ եկեղեցական տոնը, որը մարդիկ հազարամյակներ առաջ էլ են նշել ու ուրախացել: 

Այս գրառումն իրականում ոչ մի լավ բան չի ասում Նիկոլ Փաշինյանի մասին, որովհետև մի դեպքում նա չի ուզում սկզբունքորեն տարբերակել տոների ժամանակ մարդկանց ուրախությունը իրական պատկերի հետ կամ եթե չի տեսնում ու իրականությունից կտրված է, միևնույն է, երկու դեպքում էլ իր համար խնդրահարույց է՝ հատկապես ընտրություններից առաջ: 

Բայց ես չեմ կարծում, թե նա կտրված է իրականությունից, նա շատ լավ զգում է նյարդը, ավելին՝ նա առանձին դիտարկումներ է անցկացնում ու շատ լավ տեղյակ է իր վարկանիշի, ընդհանուր դժգոհությունների ու հասարակության մյուս դիրքորոշումների մասին: 

– Այդ դեպքում նման գրառման նպատակը ո՞րն է:  

– Այն մարդկանց, որոնք դեռ շարունակում են հավատալ Նիկոլ Փաշինյանին ու սպասում են տրված խոստումների իրականացմանը, փորձում է հանդարտեցնել ու հանգստություն ներշնչել: Ինչպես Վեհարանի վրա գրոհելու կոչ-գրառումները ուժի ցուցադրության տարրեր են՝ իրեն դեռ հավատացողներին համոզելու, որ ինքը երկրի թիվ մեկ մաչոն է, նույն տրամաբանությամբ այս գրառումն է, որ փորձում է հանգստություն, հանդարտություն բերել մարդկանց, թե ամեն ինչ նորմալ է, բայց չեմ կարծում, թե դա հաջողվելու է իրեն: 

Հասարակության մի մեծ խումբ, որն ի վիճակի է տրամաբանորեն մոտենալու իրադարձություններին, իսկապես ունի անհանգստություն, ու դա մի փոքր խմբակի կամ մերժվածների անհանգստությունը չէ, այստեղ Նիկոլ Փաշինյանը շատ խոր ու դառը մոլորության մեջ է, որովհետև անգամ այն մարդիկ, որոնք իր թիմակիցներն են եղել, այն մարդիկ, որոնք պատրաստ են եղել իրեն աջակցելու անգամ պատերազմում պարտությունից հետո, այդ մարդկանց մեջ կա սարսափելի մեծ ծավալի դժգոհություն, ու այդ նյարդն օդի մեջ է, մի կայծ է պետք ընդամենը, որ այդ կայծը կապիտալացվի: 

– Նկատի ունեք, որ կա այդ դժգոհությունը հասարակության շրջանում, ու Փաշինյանն ամենևին էլ չի՞ բերել իր խոստացած ապագան, ինչպես պնդում է:

– Այո՛-այո՛, ամբողջ հասարակության մեջ բոլոր շերտերում, բոլոր՝ սկսած մեր սիրելի տաքսու վարորդներից վերջացրած գիտնականներով, մանկավարժներով, եթե կուզեք՝ անգամ ամենաբարձր պարգևավճար ստացող ոստիկանների մեջ, արդարադատության համակարգում կա դժգոհություն, ու այդ դժգոհությունը շատ ավելի սուր է, քան կար մինչև 2018-ը:

Այն ժամանակ էլ կար դժգոհություն իշխանություններից, բայց չկար այս չափի նվաստացում, մենք ունեցել ենք ներքին դժվարություններ, խոչընդոտներ, բայց երբեք այսքան համընդհանուր ազգային նվաստացման, նվաստացման՝ ոչ թե դրսից, այլ ներսից՝ իշխանությունների կողմից, երբեք ենթարկված չենք եղել, ու այս նվաստացումը հասել է ամենապիկային վիճակին՝ իմ տեսած բոլոր ժամանակների համեմատ:

– Որ ասում եք՝ ընդամենը մեկ կայծ է պակասում, ո՞րը կարող է լինել այդ կայծը, որ այդ համընդհանուր դժգոհությունը, ինչպես ասում եք, իր ողջ ծավալով դրսևորվի:

– Համոզված եմ, որ այն պահին, երբ հասարակությանը ճիշտ առաջարկ արվի, այս իշխանությունն ուղղակի կարող է մինչև հաջորդ տարվա ընտրությունները հավաքել իր իրերն ու գնալ: Եթե եղավ ճիշտ, ողջամիտ, գրագետ առաջարկ, ազգային ծրագիր եղավ, այս իշխանությունը կարող է անգամ չմասնակցել ընտրություններին, որովհետև վերարտադրվելու ոչ մի շան չի ունենա:

– Իսկ եթե չլինի՞ այդ այլընտրանքը:

– Եթե մնան միայն քոչարյանականները, սերժականները ու նիկոլականները, ապա մեծ է հավանականությունը, որ այս իշխանությունը կվերընտրվի, որովհետև այս իշխանության համար վերարտադրվելը կենսական նշանակություն ունի, որովհետև առանց ոստիկանության, հատուկ ծառայությունների պաշտպանության այս մարդիկ այլևս չեն կարող Հայաստանում ապրել ու նաև իրենց առաջ դրված պարտավորությունները կատարելու համար իրենք պետք է գնան վերընտրվելու, դիկտատորական ռեժիմի: 

Ես այսօրվանից կարող եմ կանխատեսել, որ ամենաանհավանական խախտումները, որոնք մենք չենք տեսել մինչև այս պահը, տեսնելու ենք այս ընտրությունների ժամանակ, բայց հույս ունեմ, որ մեր հասարակությունը չի հանձնվի, ու նաև որակյալ առաջարկ կարվի հասարակությանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am