Ապօրինի դատավճիռ, քաղաքական պատվեր, որն անխոս իրականացրեց դատարանը Միքայել Սրբազանի գործով. Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Տիկի՛ն Ալեքսանյան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը դատապարտվեց երկու տարի ազատազրկման: Ինչպե՞ս կգնահատեք դատավճիռը:

– Այս դատավճիռն ապօրինի է, քաղաքական պատվեր, որն անխոս իրականացրեց դատարանը: 

– Սպասելի՞ էր:

– Սպասելի էր, քանի որ տեսնում ենք, անօրինականությունների դեպքերում իշխանությունները շատ հետևողական են: Հասկանալի էր, քանի որ սա Եկեղեցու դեմ արշավի շրջանակում է Նիկոլ Փաշինյանը ձեռնարկել, հետևաբար պարզ էր, որ հետևողականորեն իրականացնելու էր: 

– Այս դատավճիռը նախադեպ կարո՞ղ է լինել:

– Մենք տեսնում ենք, թե դատական համակարգն ինչ վիճակում է, Բագրատ Սրբազանի գործը վերցնենք, կեղծ մեղադրանք է, չէ՞: Սա իշխանությունների ձեռագիրն է, նկատենք, որ Միքայել Սրբազանն ունի բարձր հեղինակություն, իսկ վարչապետը հեղինակություններ չի սիրում: 

– Տիկի՛ն Ալեքսանյան, համակարծի՞ք եք հնչող տեսակետներին, որ իշխանությունը Սրբազանից վախեր ուներ ու այս կերպ փորձում է այդ վախերը հաղթահարել, լռեցնել նրան:

– Ես համաձայն չեմ, Նիկոլ Փաշինյանը վախեր չունի, նա այնպիսի բաներ է անում, որ դրանք վախի հետևանք չեն: Առաջին մարդն է, որը խախտում է օրենքը, շատ եմ ցավում, որ մեր երկիրը այս կերպ գահավիժում է, ասել է, չէ՞, ո՞վ է այն դատավորը, որն ինձ կհակադրվի: Բայց այս կյանքում ամեն բան վերջ ունի: Միքայել Սրբազանն ուժ և կամք ունի հաղթահարելու այս ամենը, Աստված զորացնի նրան: Ցավում եմ, որ այսքան անամոթաբար, բացահայտ ապօրինի վճիռ կայացրեցին, ընդ որում՝ լռության պայմաններում. քաղհասարակությունը որևէ կերպ չանդրադարձավ այս խնդրին: Շատ բարձր եմ գնահատում Միքայել Սրբազանին, որ ինքը կարողանա հաղթահարել այս երկու տարին, եթե ավելի շուտ միջոցներ չձեռնարկենք հեռացնելու այս իշխանություններին: 

– Իսկ միջազգային իրավապաշտպան կառույցներից արձագանքներ ակնկալել պե՞տք է:

– Դա պետք է փաստաբաններն անեն, իրենք գնալու են Եվրոպական դատարան, բայց մինչ այդ պետք է սպառեն ներպետական ատյանները, չգիտեմ՝ կարո՞ղ են արդյոք հրատապության կարգով դիմել, գուցե տարիքի կամ առողջական խնդիրների հետ կապված ինչ-որ բան մտածեն: Չգիտեմ, ի՞նչ կլիներ այդ դատավորին, եթե ինքն արդար որոշում կայացներ, բայց Փաշինյանի շուրջը հավաքվածներն առանց կարծիքի, անդեմ, ստրկամիտ մարդիկ են: Այդ դատավորն իրավունք չունի աշխատել այդ համակարգում, հենց նրա նմաններն են անարգում և ապականում համակարգն ու մեր երկիրը: Հաշվի առնենք, որ մարդուն դատել են խոսքի համար: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am