«Դա ժողովրդի սեփականությունն է». ՔՊ պատգամավորը՝ Եկեղեցու հողերի սեփականության կարգավիճակի փոփոխության մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 

– Պարո՛ն Պարսիլյան, անցած տարեվերջին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով առաջարկվում է, որ Եկեղեցուն հողամասերը այլևս չտրամադրվեն անհատույց սեփականության իրավունքով, այլ՝ միայն անհատույց օգտագործման։ Այսինքն՝ հողը կշարունակի պատկանել պետությանը կամ համայնքին, և անհրաժեշտության դեպքում պետությունը կամ համայնքը կկարողանա հետ պահանջել այն։ Նախօրեին ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը նաև պարզաբանեց, որ փոփոխությունը հետադարձ ուժ չի ունենալու։ Ինչպե՞ս եք գնահատում նախագիծը, կարծիքներ են հնչում, որ սա Եկեղեցի-իշխանություն լարվածությունից բխող որոշում է:

– Եկեղեցի-իշխանություն հարաբերություններից բխող փոփոխություն չէ, որովհետև խոսքը հողերի մասին է, որոնք պատկանում են ժողովրդին, ու այս դեպքում միակ ինստիտուտը որպես իշխանություն հանդիսանում է պետությունը: Ի վերջո, խոսքը ոչ թե իշխանությանը պատկանող հողերի մասին է, այլ պետությանը պատկանող հողերի մասին է: Չեմ կարծում, թե Եկեղեցին այստեղ խնդիրներ է ունենալու, որովհետև որպես հավատքի կենտրոն, ժողովրդին պատկանող կառույց՝ պետք է մտավախություններ չունենա, որ մի օր ժողովուրդը չուզենա, որ այս կամ այն համայնքի կենտրոնը չլինի կամ ուրիշ տեղ լինի: 

Մյուս կողմից՝ եթե Եկեղեցին դիտարկում ենք որպես իրավաբանական անձ, կրոնական կառույց, այստեղ արդեն ժողովուրդը կառավարման, վերահսկողության գործիքակազմ չունի, որպեսզի կարողանա, օրինակ՝ այդ հողերի ճակատագիրը վերահսկել: Մենք ունենք դեպքեր, երբ, օրինակ՝ մանկապարտեզներ են տրվել Եկեղեցուն, այդ մանկապարտեզները վերածվել են փլատակների, նպատակային չեն օգտագործվել և այլն: Այս մասով՝ կարծում եմ, շատ արդար է, որ ժողովրդի սեփականությունը մնա ժողովրդի կառավարման ներքո: Եկեղեցին եթե իրականում խնդիրներ չունենա սեփական հոտի հետ, որովհետև Հայաստանում ի վերջո մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են ու որոշումներ կայացնողը ինքն է, խնդիրներ չի ունենա անհատույց իրեն տրված հողատարածքների հետ: 

– Նման փոփոխության անհրաժեշտությունը դուք տեսնո՞ւմ էիք:

– Անձամբ այդ առումով շատ չեմ մտածել, բայց միշտ անհանգստացել եմ, որ սեփականության իրավունքով է տրվել, որովհետև հենց այնպես նվիրաբերել ժողովրդի սեփականությունը իրավաբանական ինչ-որ մի կառույցի, որը ժողովրդի կողմից կառավարվող չէ, մի փոքր տրամաբանական չէ: Բայց, կրկնում եմ, որ Եկեղեցին մտահոգվելու առիթ չունի: 

– Պարո՛ն Պարսիլյան, ասում եք, որ ժողովուրդը որոշի իրեն պատկանող հողերի ճակատագիրը, վերահսկողություն իրականացնի, բայց այդ որոշում կայացնողն ի վերջ իշխանությո՞ւնը չէ՝ անկախ նրանից, թե ո՛վ է օրվա իշխանությունը:

– Այդ իշխանությունը, որ ասում եք, գալիս է ժողովրդի ընտրության ճանապարհով, ու իր ցանկացած քայլ կարող է անդրադառնալ իր դեմ շատ լուրջ հետևանքներով: Ցանկացած իշխանություն, որը եթե իհարկե ավտորիտար համակարգում չէ, ու ընտրությունները չեն կեղծվում, ապա չի գնա այնպիսի քայլերի, շատ լավ իմանալով, որ զրկվելու է ժողովրդի քվեից: Այսինքն՝ ժողովուրդն ունի ինստիտուցիոնալ լծակներ ազդելու իշխանության որոշումների վրա: Իսկ այ Եկեղեցին ո՛չ հաշվետվության գործիքակազմեր ու ինստիտուտներ ունի, ո՛չ կառավարման մեխանիզմ ժողովրդի կողմից, այսինքն՝ այն ավտորիտարին ավելի մոտ կառույց է՝ որպես կրոնական կառույց, ես ուզում եմ ընդգծել այդ բաժանումը հավատքի, կրոնի ու արդեն կառույցի միջև: 

Այն դասական ավտորիտար կառույց է, ու այստեղ ժողովուրդը ազդեցության ոչ մի լծակ չունի, ու մենք, էլի եմ ասում, ունենք դառը դեպքեր, երբ Թալինում մանկապարտեզի շենքի պակաս կար, բայց այդ շենքն անհատույց տրված էր Եկեղեցուն, ու այն վերածվել էր փլատակների և նպատակային չէր կիրառվում: Նման դեպքեր կարող ենք շատ բացահայտել, ու նորմալ է, որ հողերը մնան պետությանը, այսինքն՝ ժողովրդին, դա նորմալ է, ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում: Ֆրանսիայում էլ բոլոր եկեղեցական հողերը պատկանում են պետությանը, բայց չենք կարող ասել, որ դա խնդրահարույց է Եկեղեցու համար: Եթե սա դիտարկենք Եկեղեցին ավելի վերահսկելի դարձնելու դիտանկյունից, նույնիսկ այդ պարագայում էլ խնդրահարույց չէ, որովհետև ավելի է սերտանում Եկեղեցի-պետություն կապը: 

– Այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ գոնե ձեր իշխանության օրոք այս փոփոխությունը լինելու է Եկեղեցուն ճնշելու միջոց, որ Եկեղեցին կարող է առնչվել կամայականության հետ:

– Ճնշում կարող է լինել այն դեպքում, երբ որոշում կայացվի գործող եկեղեցիների տարածքները վերցնել, բայց չեմ կարծում, թե որևէ քաղաքական ուժ նման ռիսկի կդիմի, նման գործողություն կիրականացնի ժողովրդի հանդեպ: Նման քայլի ոչ մի իշխանություն չի գնա, հասկանալով, թե Եկեղեցին որքան կարևոր է ՀՀ քաղաքացիների համար՝ որպես հավատքի կենտրոն:

– Ստացվում է, որ ձեր իշխանությունը այս փոփոխությամբ փորձում է Եկեղեցի-պետություն համակարգերն իրար ավելի՞ մոտեցնել:

– Ոչ թե համակարգերը մոտեցնել իրար, այլ դարձնել ավելի ինստիտուցիոնալ ու ճիշտ կառավարելի, որովհետև երբ խոսում ենք սեփականության մասին, արդեն գործ ունենք Հայ Առաքելական Եկեղեցի իրավաբանական անձի հետ, որը հաշվետվողականությունից լրիվ զուրկ է, երաշխավորված չէ, որ այդ կառույցում չեն կարող լինել հակապետական խմորումներ: Եթե մենք գործ ունենք իրավաբանական անձի հետ, որտեղ պետությունը որևէ վերահսկողական մեխանիզմ չունի, շատ ավելի հավանական է, որ այլ ուժերի կողմից կարող է այդ իրավաբանական անձը վերահսկելի դառնալ: Շատ կարևոր է, որ պետությունը, իր անվտանգությունից ելնելով, իր տարածքային սեփականությունը պահի իրեն: 

– Այսինքն՝ ավելի շատ վերահսկելիություն ապահովելու նպատակո՞վ է արվում փոփոխությունը:

– Պետությունը ցանկացած ոլորտ պետք է վերահսկելի դարձնի, որովհետև իշխանությունը տիրապետում է հայ ժողովրդի սեփականությանը ու իհարկե պետք է մաքսիմալ վերահսկողություն իրականացնի, որովհետև ամենակարևոր բանին է տիրապետում, ու դրա համար էլ հենց ինքն է միակ պատասխանատուն: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am