Ալեն Սիմոնյանի հայտարարությունները նպատակ ունեն արժեզրկել, ապալեգիտիմացնել Եկեղեցին. Դավիթ Խաժակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը

– Պարո՛ն Խաժակյան, Վեհափառ Հայրապետի դեմ հարուցվել է քրգործ, նախօրեին էլ Ալեն Սիմոնյանը ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում մասնավորապես ասել է. «Ասենք, որ որևէ երկրում, եթե պարզվի, որ X անձը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում Եկեղեցում, մանկապիղծ է, եթե իրավապահ մարմինները արձագանքեն դրան, կամ որևէ քաղաքական գործիչ քննադատի մանկապղծությունը կամ նման մի բան, դա հարձակո՞ւմ կլինի Եկեղեցու վրա: Չի կարելի թաքնվել այս սև սքեմի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է և կարելի է անել այն, ինչ ուզում ես, և երբ գան քո հետևից, դու կասես, որ դա հարձակում է Եկեղեցու վրա»: Ինչպե՞ս կգնահատեք այս իրողությունները:

– Թե Սիմոնյանի այս հայտարարությունը, թե՛ սրանից առաջ հնչած բազմաթիվ քրեական բնույթի մեղադրանքներ մինչ այս պահը չեն հաստատվել, ու դա վկայում է այն մասին, որ իշխանությունները պարզապես Եկեղեցու դեմ իրականացնում են հակաքարոզչություն, փորձելով արժեզրկել, հեղինակազրկել Եկեղեցին, այլ ոչ թե առանձին անհատների, որովհետև առանձին անհատների թիրախավորման դեպքում կլինեին հստակ դեպքեր, փաստեր, քննվող գործեր, այլ ոչ թե ընդհանուր հետապնդում Եկեղեցու ու Եկեղեցուն հավատարիմ գործիչների նկատմամբ: Սա քարոզչական ֆոն է ապահովում, որպեսզի Եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումները հասնեն իրավական դաշտ, այն, ինչը և անում են: 

– Վեհափառի դեմ հարուցված այս քրգործին ի՞նչ զարգացումներ կարող են հետևել: 

– Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ քարոզչությունը մինչև ուր կհասնի, որովհետև մենք հասկանում ենք, որ եթե մինչ այս պահը Վեհարանի նկատմամբ գրոհը տեղի չի ունեցել, ապա տեղի չի ունեցել այն պատճառով, որ իշխանությունները չեն կարողացել քարոզչության միջոցով մարդկանց համոզել, որ Եկեղեցում իշխանության միջամտությունը արդարացված է, իսկ այն, ինչ հիմա իրականացվում է, ոչ այլ ինչ է, քան Եկեղեցու անկախության նկատմամբ միջամտություն, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական միջամտություն, որը ակնհայտ է, որ կա, այլև իրավական միջամտություն, որովհետև վարչական դատարանի որոշումը՝ կասեցնել Վեհափառի համապատասխան որոշումը, կարգադրությունը, ուղղակի աբսուրդ է ու միջամտություն Եկեղեցու գործերին: 

Ընդ որում, ինձ համար ակնհայտ է, որ եթե դա լիներ այլ կրոնական կազմակերպություն, որի վերաբերյալ դատարանը կամ քաղաքական իշխանությունը որոշում կայացներ, ապա կասկած չունեմ, որ կհետևեր մի այնպիսի միջազգային արձագանք, որ իշխանությունները սահմանափակում են կրոնական ազատությունը: Պարզապես քանի որ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են հայ ժողովուրդը, ապա պաշտպանողն էլ տվյալ դեպքում պետք է լինի հայ ժողովուրդը, ու ոչ թե այլ որևէ միջազգային կառույց կամ այլ պետություն: 

– Միայն դրանո՞վ եք հիմնավորում միջազգային կառույցների, երկրների արձագանքի բացակայությունը:

– Այդ թվում նաև այն ընտրական կոնսենսուսով, որը կա Փաշինյանի շուրջ, որովհետև միջազգային դերակատարների համար առաջնահերթություն է աջակցել կամ վնասել որևէ իշխանության՝ կախված իր շահերից, իսկ դա բխում է նրանից, թե որքանով է տվյալ իշխանությունը հարմար իրենց շահերն առաջ մղելու համար, իրենց ասելով՝ նկատի ունեմ երրորդ պետությունների, ընդ որում, կապ չունի՝ դա եվրոպական պետություն է, ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը: Իսկ Փաշինյանը լավագույնս առաջ է մղում այդ պետությունների շահերը, հետևաբար այդ պետությունների համար շատ ձեռնտու է աշխատել այս իշխանությունների հետ՝ ի հեճուկս հայ ժողովրդի ու մեր պետության շահերի:

– Ալեն Սիմոնյանի հայտարարություններից հետո հնարավոր համարո՞ւմ եք, որ մենք կտեսնենք ինչ-որ քրեական գործեր այս կամ այն հոգևորականների նկատմամբ՝ այդ մեղադրանքով:

– Ես ոչինչ չեմ բացառում, բայց եկեք արձանագրենք մի բան. մինչև այս պահը հարուցված բոլոր քրեական գործերով, նկատի ունեմ Սրբազանների նկատմամբ մինչ այս եղած քրգործերը, բոլորի դեպքում նախաքննական գաղտնիք գրեթե առկա չէ, այսինքն՝ մենք ամեն ինչ տեսնում ենք, ու այդ տեսածի շրջանակում ակնհայտ է, որ այդ մեղադրանքները պարզապես չեն հիմնավորվում, ու ընտրված խափանման միջոցներն էլ աբսուրդի ժանրից են: 

Սա իրավական թողտվություն է, որը միանշանակ իրականացվում է քաղաքական պատվերով, որքան սա կարող է խորանալ՝ կարծում եմ, կախված է նրանից, թե ինչպիսի դիմադրողականություն կցուցաբերի հասարակությունը: Ամեն ինչ կախված է հասարակության արձագանքից և ոչ իհարկե իրավական գործընթացներից, որովհետև այստեղ չի կարող խոսք լինել արդարադատության մասին: Պետք էլ չէ հուսալ, որ եթե Ալեն Սիմոնյանը իր ասածները չկարողանա հաստատել, ապա կենթարկվի իրավական պատասխանատվության, կրկնում եմ, սրանք քաղաքական, քարոզչական բնույթի խոսքեր են, որոնց նպատակն է ապալեգիտիմացնել Եկեղեցին, բայց, կրկնում եմ՝ ամեն բան կախված է հասարակության արձագանքից, այդ առումով է, որ գալիք ընտրությունները վճռորոշ են լինելու մեզ համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am