Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած վերջին հարցման տվյալների՝ գործող իշխանության ընտրական աջակցությունը զգալիորեն նվազել է 2021 թվականի ընտրությունների համեմատ։

Հարցման մասնակիցների 47 տոկոսը նշել է, որ 2021-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկել է «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Սակայն այն հարցին, որ եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ում օգտին կքվեարկեին, նույն հարցման մեջ ՔՊ-ն ստացել է արդեն միայն 24 տոկոս աջակցություն։
Այսինքն՝ ըստ նույն հարցման արդյունքների, իշխող ուժի ընտրազանգվածը 47 տոկոսից նվազել է մինչև 24 տոկոս, այլ կերպ ասած՝ ՔՊ-ի ընտրական աջակցությունը գրեթե կրկնակի կրճատվել է։

Միևնույն ժամանակ հարցման մասնակիցների շրջանում բավական մեծ է նաև այն մարդկանց բաժինը, որոնք չեն ասում, թե ում օգտին կքվեարկեին։ Սոցհարցումների փորձը ցույց է տալիս, որ գործող իշխանությանը աջակցողները սովորաբար չեն խուսափում այդ մասին բարձրաձայնելուց, մինչդեռ պատասխանելուց հրաժարվող կամ ընտրությունը թաքցնող ընտրողները հաճախ հակված են իշխանության դեմ դիրքորոշման։
MediaLab.am

















