«Հնարավոր է` հաջորդ տարվա մրցույթի բոլոր հաղթողները առցանց մեդիայից լինեն». ՄԱԿ-ի գրասենյակը մրցանակներ հանձնեց` նաեւ «Մեդիալաբին»

«Հնարավոր է` հաջորդ տարվա մրցույթի բոլոր հաղթողները առցանց մեդիայից լինեն». ՄԱԿ-ի գրասենյակը մրցանակներ հանձնեց` նաեւ «Մեդիալաբին»
«Հնարավոր է` հաջորդ տարվա մրցույթի բոլոր հաղթողները առցանց մեդիայից լինեն». ՄԱԿ-ի գրասենյակը մրցանակներ հանձնեց` նաեւ «Մեդիալաբին»

ՄԱԿ-ի հիմնադրման 67-ամյակի և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակի առթիվ անցկացվեց ՄԱԿ-ի լրագրողական մրցանակաբաշխությունը, որին մրցանակների արժանացան Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքները լավագույնս լուսաբանած 4 լրագրողներ:
Առաջին մրցանակին արժանացավ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության թիմը, երկրորդին՝ Լիանա Գյոզալյանը «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթից և Նարեկ Մանուկյանը 1in.am էլէկտրոնային լրատվամիջոցից: Երրորդ մրցանակակիրը Էլեոնորա Արարատյանն է` «Մեդիամաքս» լրատվական գործակալությունից:
Մրցույթին ներկայացված էին 2012 թ. ընթացքում ՄԱԿ-ի աշխատանքները լուսաբանած շուրջ 44 լրագրողական աշխատանքներ, որոնից յոթն արժանացան մրցանակի՝ 4-ը լավագույն, 3-ը՝ խրախուսական: Խրախուսական մրցանակի արժանացան միջազգային www.IWPR.net –ը, ինչպես նաև www.Medialab.am–ը:

«Մեզ համար մի փոքր դժվար էր ընտրություն կատարել, քանի որ շատ լրագրողական աշխատանքներ կային, որոնք պրոֆեսիոնալ մակարդակի էին: Մենք ուրախ ենք, որ այս տարի առցանց լրատվամիջոցներից շատ լրագրողներ մրցանակ ստացան: Դա ցույց է տալիս որ Հայաստանում շատ ակտիվ է դարձել սոցիալական ու ինտերնետ մեդիան: Նկատելի է, որ հայկական կայքերը շատ ակտիվ են լուսաբանում մեր աշխատանքները ու համագործակցում են մեզ հետ»,- «Մեդիալաբին» ասում է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն (ՄԱԿ ՀՏՎ) ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

Նրա կարծիքով` այդ միտումը կշարունակվի նաև գալիք տարի, և հնարավոր է, որ գալիք տարի մրցույթի բոլոր հաղթողները առցանց մեդիայից լինեն:

«Մեդիալաբը» նոր որակ է բերել: Եվ ոճը, և աշխատանքը, և ընդհանրապես թեմայի լուսաբանման մոտեցումը շատ հետաքրքիր են, և շատ կուզենք, որ նույն ոճով շարունակի համագործակցել մեզ հետ»,- ասում է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը:

Մրցանակաբաշխության ընթացքում բացվեց նաև Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքներն ու ձեռքբերումները ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես, որը շրջելու է Հայաստանի ողջ տարածքով:

«Անցած 20 տարիներին, համագործակցելով գործընկերների հետ, մենք նպաստել ենք երկրի զարգացման նպատակների իրագործմանը՝ պետության կարողությունների զարգացման, օրենսդրական բարեփոխումների աջակցման և սոցիալական կապերի ու երկրի դիմակայության ամրապնդման միջոցով: Իմ խորին երախտիքն եմ հղում Հայաստանի ժողովրդին, որը խորապես հավատում է հանուն խաղաղության, կայուն զարգացման և մարդու իրավունքների մեր աշխատանքին»,- ասում է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am