«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը
– Պարո՛ն Հարությունյան, վերջին երկու օրվա ընթացքում ամենաքննարկվող թեման Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետ ընտրվելն է, դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս քննարկումներին:
– Երրորդ ժամկետ ասվածը խնդրահարույց կլիներ, եթե մեր երկիրը նորմալ իրավիճակում լիներ, մարդիկ կառավարեին, հետո փորձ անեին ավելի երկար կառավարելու, բայց հիմա Հայաստանում իշխանության են մարդիկ, որոնք Հայաստանն աղետալի վիճակի մեջ են գցել, իսկ այս պայմաններում էական չէ երրորդ ժամկետ, չորրորդ ժամկետ: Այս իշխանությունը պետք է հեռանար կապիտուլյացիոն պարտության հաջորդ օրը:
Ցավոք, մեր իրականության մեջ իրադարձություններին ուղիղ գնահատական չի տրվում, փաստորեն մենք դարձել ենք մի հասարակություն, որտեղ դավաճանությանը, ատելությանը, պարտություն բերող իշխանությանը մենք սկսում ենք դրական կամ անտարբեր նայել: Ցավոք սրտի, մենք այսքան բարոյական ճգնաժամի մեջ ենք գտնվում: Այս մարդիկ պետք է ընդհանրապես օրենքի առաջ կանգնեն, իսկ մենք դրել նրանց ժամկետի հարցն ենք քննարկում, մենք քննարկում ենք քաղաքական պրոցեսները՝ հաշվի չառնելով այն իրականությունը, որի մեջ ապրում ենք, սա աբսուրդ է:
Այս իրականության մեջ նման հարց քննարկելը ոչ միայն ժամանակավրեպ է, այլ նաև բովանդակային առումով է խնդրահարույց: Եթե իշխանությունը լավը լիներ, մարդիկ գոհ լինեին, երկիրը գնար կայուն զարգացման, ու այդ իշխանություններն էլի ասելիք ունենային, ապա կարող էին գնալ երրորդ կամ չորրորդ ժամկետ, ինչը մեր օրենքը թույլ է տալիս: Իսկ այս պարագայում ժողովուրդը պետք է գնահատական տա, այստեղ արժեհամակարգի խնդիր է, եթե հայ մարդու համար սովորական է, որ իր իշխանությունը կարող է երկիրը կործանման եզրին հասցնել, տարածքային ու մարդկային այսքան կորուստներ բերել, եթե նորմալ է, որ երկրի վարչապետը կարող է նման պահելաձև ու խոսույթ ունենալ, ապա Նիկոլ Փաշինյանին հազար անգամ էլ կարող են ընտրել: Մարդու մտածողությունը պետք է փոխվի, որ ինչ-որ առաջընթաց գրանցվի:
– Հետընտրական զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում:
– Շատ վատ, որովհետև մենք տեսնում ենք մասնավորապես պառլամենտ անցած ուժերի կեցվածքը, խոսքս ընդդիմադիրների մասին է, որոնք ասում էին, թե հաղթելու են, միակն են ու ամբողջ էլեկտորատն իրենց շուրջ էին համախմբում՝ հարվածելով մյուս ընդդիմադիր ուժերին: Բայց մենք տեսանք, որ այդ ուժերը դաշտը բևեռացրին իրենց շուրջը՝ խաբելով, թե հաղթելու են, բայց փաստացի չհաղթեցին: Նրանց գնահատականին, թե ընտրությունները իշխանությունը կեղծել է, պետք է հաջորդեին փողոցային ցույցերը, երթերը, ինչը դեռևս չենք տեսնում:
– Ընտրությունների կեղծման մասով համակարծիք չե՞ք:
– Մենք էլ ենք բողոքարկել, այնպես չէ, որ մենք համակարծիք չենք դրան: Շատ ընդդիմադիր ուժեր էլ կան, որոնք չեն ճանաչում արդյունքները: Հստակ է, որ տեղի են ունեցել անվերջանալի ու անթիվ ընտրախախտումներ: Նման գործելաոճը բնական է այս իշխանության համար, որովհետև նրանք ամեն գնով պետք է վերարտադրվեին, գնդակն ի սկզբանե, մեծ հաշվով, պառլամենտ անցած ընդդիմադիր ուժերի դաշտում էր ու է: Հիմա պետք է տեսնենք, թե ինչպես են իրենք հակադարձելու այս իշխանության գործողություններին:
– Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ սպասելիքներ ունեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ու Սահմանադրական դատարանից:
– Ոչ մի սպասելիք էլ չունեմ: Գործընթաց է, որը պետք է տեղի ունենա, ու լավ է, որ տեղի է ունենում: Աշխարհում ընդհանրապես նորմալ է, որ մարդիկ դուրս են գալիս հետընտրական ցույցերի, եթե իհարկե չեն ընդունում ընտրության արդյունքները: Հիմա, եթե պառլամենտ անցած ընդդիմությունն ընդունում է այդ արդյունքները ու ցույցեր չի անելու, թող այդպես էլ ասի ու մարդկանց այլ հայտարարություններով չծանրաբեռնի: Եթե չեն գնալու պառլամենտ, ապա թող հստակ գործողությունների ծրագիր առաջարկեն, երկրորդ նախագահն ասում էր՝ հեղափոխություն եմ անելու, եթե ձայները կեղծվեն: Հիմա ասում են՝ կեղծվել է, բայց հեղափոխությանը միտված որևէ գործողություն չկա:
– Կարծիքներ են հնչում, թե հիմա հեղափոխության, փողոցային պայքարի ռեսուրս չկա:
– Բա եթե այդպես է, ապա ինչո՞ւ են արվում հայտարարություններ, որոնք իրատեսական չեն, ի վերջո, մեր քաղաքական դաշտում ինչ-որ մեկը ստանձնելո՞ւ է խոսքի պատասխանատվություն, թե՞ ոչ: Եթե չես կարող անել, ապա մի ասա, նմանատիպ խոսքերից մարդիկ միայն տուժում են: Ինչքան անպատասխանատու մթնոլորտ լինի, այդքան Նիկոլ Փաշինյանը շարունակելու է իշխանություն լինել, որովհետև նրանից անպատասխանատու ու մեծախոս դժվար է լինել: Գնդակը պառլամենտ անցած ընդդիմադիրների դաշտում է, նրանք պետք է կարողանան գեներացնել փողոցը, ի վերջո, այդքան մարդ քվեարկել է իրենց օգտին, էլ չեմ ասում, որ կլինեն այլ՝ իրական ընդդիմադիր ուժեր, որոնք ևս կմիանան այդ պայքարին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















