Փաշինյանը փորձում է սահմանափակել ընտրողների մասնակցությունը՝ հանրաքվեում իր ուզած արդյունքը ստանալու համար․Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ արտահերթ նիստում ընդունեց Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է սահմանել, որ ԱԺ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։ Արտահերթ ընտրությունների դեպքում հաշվարկի ժամկետը կրճատվում է մինչև 28 օր։ Այս օրենքի հապճեպ ընդունումը՝ առանց հանրային քննարկման ներկայացնելու, ինչո՞վ էր պայմանավորված:

– Ես համակարծիք եմ այն տեսակետին, որ սա Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին խոստացած սահմանադրական փոփոխություններին ընդառաջ գործողություն էր, ամբողջությամբ համաձայն եմ այս կարծիքին: Ինչո՞ւ հիմա ու հրատապ, որովհետև ես դեռ այն ժամանակ եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելուց հետո բոլոր ուղղություններով, համաժամանակյա հարձակում է գործելու, որպեսզի հասարակությունը չկարողանա կենտրոնանալ ու իր տեսակետներն ու անհամաձայնությունը հայտնել: Այս ամենը պարտադիր զուգորդվելու է տարբեր սկանդալային իրադարձություններով, որոնք մինչև այս պահը դեռ չենք տեսել: 

Հետևաբար զարմանալու որևէ բան չկա, իհարկե սա խիստ դատապարտելի որոշում է, որովհետև, այո՛, մարդը կարող է որոշակի ժամանակով բացակայել Հայաստանից՝ տարբեր պատճառներով, բայց դա չի նշանակում, թե մարդկանց պետք է զրկել ընտրություն կատարելու իրավունքից: Սահմանադրությունը այն հիմնարար փաստաթուղթն է, որը վերաբերում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ անկախ այն բանից, ինքը վերջին վեց ամսում ապրել է Հայաստանում, թե չէ: 

– Իսկ այն նպատակին, որի համար, ըստ ձեզ, իշխանությունը գնաց այս փոփոխությանը, ծառայելո՞ւ է:

– Շատ մեծ հավանականություն կա, որ իրենք կկարողանան իրենց նպատակներին հասնել, եթե ընդդիմությունը, ժողովրդական լեզվով ասած, խելքը գլուխը չհավաքի ու իր սխալների վերաբերյալ ճիշտ որոշումներ չկայացնի: Եթե իրենք շարունակեն հանդես գալ այնպես, ինչպես հանդես էին գալիս՝ նախ պառակտված, երկրորդ՝ ընդգծված թիմերով խաղալու տրամաբանությամբ, մեծ հավանականություն կա, որ Նիկոլ Փաշինյանը և՛ ճնշումներով, որ արդեն սկսվել է նաև դատավորների նկատմամբ, և՛ տարբեր այլ ուժայինների կամ գործիքակազմերի միջոցով կհասնի իր նպատակին: 

– Տիկի՛ն Կարապետյանց, այս օրենքի ընդունմամբ մարդու իրավունքների խախտում տեղի ունենո՞ւմ է, թե՞ ոչ:

– Միանշանակ, սա սահմանադրական իրավունքն է, անպայման կասեն, որ դա բացարձակ իրավունք չէ, այո՛, բացարձակ իրավունք չէ, ու շատ հստակ նշված է, թե դա ինչին է վերաբերում: Սա արհեստականորեն ազդեցություն ունենալու միջոց է, որով իշխանությունը փորձելու է ապահովել ցածր մասնակցություն, որպեսզի կարողանա ապահովել ցածր թվով «Այո» ստանալ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am