Նիկոլ Փաշինյանը միաժամանակ դատական հայցեր է ներկայացրել ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի դեմ։ Վարչապետը Հովսեփյանից և Մարուքյանից պահանջում է հրապարակային ներողություն, իր գնահատմամբ վիրավորական և զրպարտություն պարունակող հայտարարությունների հերքում, ինչպես նաև 6-ական միլիոն դրամ փոխհատուցում։
Սոֆյա Հովսեփյանը սա գնահատում է որպես հանրային խոսքը զսպելու և իշխանության քննադատներին վախեցնելու փորձ։
«Նրա մեսիջը մեկն է՝ զսպել հանրային խոսքը, ուղղակիորեն վախեցնել մարդկանց ու թույլ չտալ, որ մարդիկ կարծիք արտահայտեն»,- «Մեդիալաբին» ասում է Հովսեփյանը։
Սոֆյա Հովսեփյանի դեմ ներկայացված հայցի հիմքում «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցն է, որտեղ նա հայտարարել էր, որ Փաշինյանը նախապես գիտեր, թե ինչպես են ձևավորվելու ընտրությունների արդյունքները, նրան մեղադրել էր ընտրությունների արդյունքները կանխավ իմանալու և դրանք կեղծելու մեջ, ինչպես նաև վարչապետին անվանել էր «տականք»։
Փաշինյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել նախկին պատգամավորին հրապարակային ներողություն խնդրել և հերքել նշված արտահայտությունները։ Նա նաև պահանջում է Հովսեփյանից բռնագանձել ընդհանուր 6 միլիոն դրամ, որից 2 միլիոնը՝ վիրավորանքի, իսկ 4 միլիոնը՝ զրպարտության համար։
Հովսեփյանի խոսքով՝ այս դատական հայցերը միայն իր դեմ ուղղված քայլ չեն, այլ ուղերձ են բոլոր նրանց, ովքեր հրապարակայնորեն քննադատում են իշխանությանը։
«Նրա մեսիջը մեկն է՝ զսպել հանրային խոսքը, ուղղակիորեն վախեցնել մարդկանց ու թույլ չտալ, որ մարդիկ կարծիք արտահայտեն ընտրությունների վերաբերյալ, երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների, այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում թշնամի պետության հետ բանակցությունների ժամանակ»,- նշում է նա։
Նախկին պատգամավորի կարծիքով՝ իշխանության նպատակը նաև մեկուսացնելն է այն մարդկանց, որոնք բարձրաձայնում են հանրային կարևորություն ունեցող թեմաները։
«Երբ դու այդ ամենը տեսնում ու բարձրաձայնում ես, որպեսզի մարդիկ ևս իմանան այդ մասին, որովհետև մարդկանց մեծ մասն ապրում է Հ1-ի Հայաստանում ու ոչնչից տեղյակ չէ, Նիկոլ Փաշինյանի նպատակն է մեկուսացնել բոլոր այն մարդկանց, որոնք այս կամ այն թեման բարձրաձայնում են, հանրային հնչեղություն են տալիս դրանց, որ մարդիկ չշարունակեն ապրել Հ1-ի Հայաստանում»,- ասում է Հովսեփյանը։
Նա վստահեցնում է, որ դատական հայցով իրեն լռեցնել հնարավոր չի լինելու։
«Փորձում է այս կերպ վախեցնել ինձ ու մյուսներին, ովքեր բարձրաձայնում են իրականությունը, բայց, հիասթափեցնեմ, այս կերպ չի հաջողվի ինձ լռեցնել»,- ասում է նա։
Հովսեփյանը հավելում է, որ եթե դատարանը որոշի բավարարել Փաշինյանի պահանջը, ինքը պատրաստվում է կառավարության շենքի դիմաց դրամահավաք կազմակերպել և քաղաքացիների աջակցությամբ հավաքված գումարը փոխանցել վարչապետին։
«Շատ ծիծաղելի է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ինձ լռեցնել կամ վախեցնել գումարով, որովհետև գոնե ինձ համար գումարը որևէ արժեք չունի: Ես միակ մարդն եմ եղել իրենց թիմում, իրենք շատ լավ գիտեն դա, որ գումարով երբևէ չեմ գայթակղվել, ու եթե դատարանը որոշի, որ ես պետք է գումարի փոխհատուցում տամ Փաշինյանին, ապա, առանց ամաչելու իմ դիրքից, ուղղակի զրոյացնելու եմ նրան՝ որպես վարչապետ, որպես երկրի ղեկավար, 10-10-ական դրամով այդ գումարն ամիսներով, օրերով հավաքելու եմ ու տանելու եմ մուտք անեմ այն հաշվին, որը կտա, ու կդիմեմ միջազգային դատարան, որ ուղղակի խայտառակ լինի ու հասկանա, որ չի կարողանալու լռեցնել: Նա չկարողացավ ինձ լռեցնել, երբ ես իր թիմում էի, չկարողացավ լռեցնել, երբ դուրս եկա, որքան էլ իմ մասին ստեր հորինեց, հիմա ևս չի կարողանա լռեցնել, մարդիկ ինձ կօգնեն այդ գումարը հավաքելու»:
Փաշինյանի ներկայացրած մյուս հայցը վերաբերում է Էդմոն Մարուքյանի՝ ընտրություններից հետո արած հրապարակային հայտարարություններին։ Փաշինյանը վիճարկում է Մարուքյանի այն պնդումները, թե իշխանությունը կեղծել է ընտրությունների արդյունքները, ինչպես նաև վիրավորական է համարում իր հասցեին հնչեցված «տարրական, պուճուր ընտրակեղծարար» ձևակերպումը։ Հայցով նա պահանջում է պարտավորեցնել Մարուքյանին ներողություն խնդրել, հերքել այդ հայտարարությունները և վճարել ևս 6 միլիոն դրամ փոխհատուցում։
Էդմոն Մարուքյանն իր հերթին «խայտառակություն» է որակել նման հայցերը և հայտարարել, որ քաղաքական գործչի նկատմամբ նման հայցերը քաղաքական խոսքի սահմանափակման փորձ են և հակասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին։ Նա նաև նշել է, որ ցանկանում է դատարանում անձամբ լսել Նիկոլ Փաշինյանի բացատրությունը, թե ինչից և ինչպես է վիրավորվել։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















