«Հողատու, դավաճան, կապիտուլյանտ» խոսույթի ժամանակներն անցել են, հանրության մի ստվար հատված այլընտրանք է ուզում. Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը

– Պարո՛ն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում պարոն Աշոտյանի բանտային կալանքի փոխարինումը տնային կալանքով՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը: Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը հաճախակի հայտնվում իրավապահ համակարգի դիտակետում:

– Երկրորդ հարցին կարող են պատասխանել հետապնդումն իրականացնողները, ես կարող եմ կռահել միայն ու դրա մասին հազար անգամ ասել եմ. դա կապված է Աշոտյանի քաղաքական գործունեության ու նրա խիստ և ճշգրիտ գնահատականների հետ: Որ Աշոտյանը եղել ու մնում է քաղաքական բանտարկյալ, երկրորդ կարծիք չկա, չմոռանանք, որ դեռևս առաջին կալանավորման շրջանում Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Արմեն Աշոտյանին որակել է որպես քաղբանտարկյալ:

– Ինչպե՞ս եք գնահատում իշխանության քաղաքականությունը հետընտրական շրջանում:

– Ռեպրեսիոն: Այդ նույն մարդիկ քանի դեռ ընդդիմություն չէին, իր կոալիցիոն գործընկերներն էին, «խոշոր սեփականատերեր» էին, բարեխիղճ ներդրողներ կամ բարեգործներ էին, հենց դարձան ընդդիմադիր՝ դարձան թալանչի՞, որ հիմա էլ թալանածն է հետ բերում: Այս քաղաքականությունը ռեպրեսիվ է ու ժողովրդավարության հետ որևէ կապ չունի, ու այս ամենի մեջ ամենազզվելին միջազգային կառույցների լռությունն է, որոնք ստեղծվել են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները պաշտպանելու համար: 

– Այդ քաղաքականության նպատակը ո՞րն է:

– Փորձում է «Իրական Հայաստանի» գաղափարից շեղվողներին քաղաքական դաշտից մարգինալացնել: 

– Ձեր կարծիքով՝ այս քաղաքականությունը կարո՞ղ է հասնել իր նպատակին։

– Չեմ կարող ասել, ես պայքարել եմ, որ չհաջողվի, շատ բան կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից, հանրությունից, քաղաքական ընդդիմության լիդերների քայլերից: Երկու քաղաքական ուժ կա, որ արդեն պառլամենտում են որպես ընդդիմություն, բայց մենք էլ մեր ձեռքերը ծալած չենք նստում, առաջարկներ արել ենք: 

Ես գտնում եմ, որ «հողատու, դավաճան, կապիտուլյանտ» խոսույթի ժամանակներն անցել են, հանրության մի ստվար հատված այլընտրանք է ուզում, խելամիտ լուծումներ: 

Մենք պետք է ընդունենք, որ արդյունքի չենք հասել, քանի որ համոզիչ այլընտրանք չենք առաջարկել, և քանի որ աշխարհաքաղաքական կենտրոնները, հիմնականում՝ արևմտյան, միջազգային այլ կառույցներ աջակցում են Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդավարական քաղաքականությանը: 

Այդ այլընտրանքի մասին է, որ ընդդիմությունը պետք է մտածի, մենք էլ հետները, իհարկե: Իմ երազանքն է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հավատարիմ մնան սեպտեմբերի 21-ի «այո»-ի գաղափարին և՛ օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի բոլոր դրույթներին, բայց այսօր չենք կարող այդ առումով վստահ լինել՝ առնվազն իշխանության մասով: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am