«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը
-Պարո՛ն Միքայելյան, Կառավարությունն օրերս հաստատել է երկու նոր վարկային համաձայնագիր՝ ընդհանուր շուրջ 320 մլն դոլարի չափով։ Մասնավորապես, նախատեսվում է Ասիական զարգացման բանկից ստանալ 150 մլն դոլարի վարկ՝ 15 տարի ժամկետով և 4,58% տոկոսադրույքով, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից՝ 170 մլն եվրոյի՝ շուրջ 200 մլն դոլարի վարկ՝ 28 տարի ժամկետով և տարեկան 3,9% տոկոսադրույքով։ Հաշվի առնելով Հայաստանի պետական պարտքի ներկայիս մակարդակն ու տնտեսության վիճակը՝ ինչպե՞ս եք գնահատում նոր վարկերի ներգրավման այս որոշումը։
– Անցած տարվա վերջից մինչև հուլիսի սկիզբ Հայաստանի պետական պարտքը չի աճել, այսինքն՝ նոր վարկեր չեն վերցրել, բայց հաշվի առնենք, որ Կառավարությունը ստանձնեց նոր պարտավորություններ, օրինակ՝ կենսաթոշակների բարձրացում այն պարագայում, երբ դա չկար 2026-ի հաստատված բյուջեի ծրագրում, այսպիսով ստեղծվում է մոտ 150 մլն դոլարի չափով պակաս, իսկ դա պետք է համալրել:
Նախաձեռնվեց նաև հսկայական բարեփոխում առողջապահության ոլորտում՝ ապահովագրության տեսքով, դարձյալ նախընտրական նպատակով: Սա էլ մոտավորապես 300 մլն դոլար արժեցավ Հայաստանի վրա: Նման պարտավորությունները այդքան էլ Հայաստանի հնարավորություններից չէին բխում՝ հատկապես ժողովրդագրական փոփոխությունները հաշվի առնելով: Այսպիսով, Հայաստանը վերջին տարվա ընթացքում ձևավորված ունի բավականին լուրջ սոցիալական պարտավորություններ, պարզ է, որ գումարը չի բավականացնում, ու նոր պարտքերի կարիք է ստեղծվել:
Իրականում այսքանով ամեն բան չի վերջանա, ու այս տարվա ընթացքում միանշանակ նոր պարտքի կարիք է լինելու, որովհետև բացի սովորական բյուջետային գործընթացից, մենք ունենք ևս մեկ հանգամանք՝ հին պարտքերի ու դրանց տոկոսադրույքների մարումը, ինչն էլ բյուջեում ձևավորում է պակասուրդ, որը պետք է մարվի, ու դա բավական լուրջ գումար է: Անցած տարի գերազանցել է 1 միլիարդ դոլարը, այս տարի պակասուրդը նախատեսված է ընդհանուր առմամբ 1,4 միլիարդ դոլարի չափով, պարզ է, որ այդ գումարը հիմնականում ծախսվելու է հենց պարտքերի մարման համար:
Ինչ վերաբերում է տնտեսական վիճակին. դրանից ելնելով՝ կարող եմ ասել հետևյալը. ընդհանրապես ճիշտ չէ պարտք վերցնել տնտեսության աճի փուլում, իսկ մենք հիմա այդ փուլում ենք, ու վերջին հինգ տարիներին Հայաստանի տնտեսությունն աճում է ու բավականին արագ է աճում, այս վիճակում ընդհանրապես ճիշտ է պարտքեր տալը, բայց հիմա տնտեսությունը գերտաքացվում է քաղաքական նպատակներով, տաքացվում է թյուր կառավարման պատճառով ու դա խոցելի է դարձնում տնտեսությունն այն վիճակում, երբ պետք է սկսվի համաշխարհային ճգնաժամ, ինչի մասին վերջերս խոսում են: Երկրները հիմնականում պարտք վերցնում են ճգնաժամերի ժամանակ, իսկ եթե տեղի ունենա այդ ճգնաժամը, ապա այստեղ մենք արդեն ավելի խոցելի ենք լինելու: Նաև պետք է ասեմ, որ այս պահին պարտքի բեռն այդքան մեծ չէ, ու կարելի է ասել կառավարելի է:
– Սա ավելացնո՞ւմ է Հայաստանի արտաքին պարտքը:
– Այս պահին իհարկե ավելանում է, ու նորից եմ ասում, որ տարվա ընթացքում էլի կավելանա, բայց ասեմ, որ վերջին տարիներին կա միտում, որ ավելի շատ ավելացվում է ներքին պարտքը, այլ ոչ թե՝ արտաքինը, այսինքն՝ պետական պարտքի աճը վերջին տարիների ընթացքում տեղի է ունեցել հիմնականում ներքին պարտքի հաշվին, սա էլ լավ չէ, բայց փաստ է: Արտաքին պարտքը այս պահին կարող է մեծանալ, բայց տարվա ընթացքում կարող է և չմեծանալ, որովհետև հիմա վերցնում ենք, հետո կարող ենք վճարել: Տարվա վերջում միայն ավելի հեշտ կլինի գնահատել՝ արտաքին պարտքն աճե՞լ է, թե՞ չէ:
– Պարո՛ն Միքայելյան, հնարավո՞ր է, որ քաղաքացին իր մաշկի վրա զգա այս պարտքերի հետևանքը, օրինակ՝ ապրանքների թանկացման տեսքով:
– Սպառողի վրա անմիջականորեն չի ազդում, դա միայն կարող է արտահայտվել հարկերի աճով, ու մենք դա արդեն տեսնում ենք:
– Այսինքն՝ ձեր գնահատմամբ՝ նոր պարտքերի անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է հենց այդ երկու նոր սոցիալական պարտավորություններով՝ կենսաթոշակների բարձրացմամբ և առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ։
– Ամենայն հավանականությամբ, իրականում, որովհետև այս պարտքերը չափով մոտավորապես համընկնում են այս երկու սոցիալական նոր պարտավորություններին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















