«Կրկին ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու ակտիվություն են ցուցաբերում». հայտարարություն

«Կրկին ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու ակտիվություն են ցուցաբերում». հայտարարություն
«Կրկին ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու ակտիվություն են ցուցաբերում». հայտարարություն

Մամուլի ազատության եւ ստեղծված իրավիճակի շուրջ հայտարարություն են տարածել լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունները: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Այս տարեսկզբին հայաստանյան լրագրողական կազմակերպություններն արձանագրեցին, որ 2012 թվականին ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի քանակը զգալիորեն նվազել է։ Դա նկատեց նաեւ «Human Rights Watch» միջազգային կազմակերպությունը, որը օրեր առաջ հրապարակած զեկույցում նշել է, որ Հայաստանում լրատվամիջոցների դեմ քաղաքական շարժառիթներով նախաձեռնած`վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական գործերը դադարել են էական խնդիր լինելուց։

Մինչդեռ վերջերս քաղաքական շրջանակների եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները կրկին ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու ակտիվություն են ցուցաբերում՝ դրանց դեմ դատական հայցեր ներկայացնելով։ Եվ կրկին դրամական պահանջներն առավելագույն չափով են։ Միաժամանակ՝ լրատվամիջոցների գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդություններ են ներկայացվում։ Ասվածի վառ օրինակներն են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի եւ նրա որդու հայցն ընդդեմ «1in.am»-ի, ինչպես նաեւ՝ գործարար Խաչիկ Խաչատրյանի երկու հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի։

Ինչ վերաբերում է դատարաններին, ապա նրանց համար մոդայիկ է դարձել, հայցի ապահովման միջոցների պահանջները մասամբ բավարարելով, արգելանք դնել լրատվամիջոցի հիմնադրի գույքի վրա։ Ֆորմալ առումով, կարծես թե, անխոցելի այս որոշումներն արատավոր պրակտիկա են ձեւավորում, երբ հայցվորների համար գայթակղիչ պայմաններ են ստեղծվում լրատվամիջոցին ճնշելու՝ նախքան վճռի կայացումը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, անընդունելի ենք համարում քաղաքական գործիչների եւ գործարարների նմանատիպ պայքարը լրատվամիջոցների դեմ եւ կոչ ենք անում նրանց առավել հանդուրժողականություն ցուցաբերելու եւ ծագող խնդիրները փորձել լուծելու արտադատական ճանապարհներով։

Կոչ ենք անում նաեւ դատարաններին՝ ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու եւ լրատվամիջոցների գույքի վրա արգելանք դնելու պահանջները բավարարելու միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում՝ հաշվի առնելով, որ նման մեխանիզմների կիրառումը հոգեբանական ճնշում է ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել ինքնագրաքննության։

Եվս մեկ անգամ ՀՀ Ազգային ժողովի ուշադրությունն ենք հրավիրում այն խնդրին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված փոխհատուցում նշանակելու չափանիշների պակասը գայթակղիչ հանգամանք է դառնում շատ հայցվորների համար, ովքեր ցանկանում են հաշիվներ մաքրել ԶԼՄ-ների հետ։ Ուստի կոչ ենք անում քայլեր ձեռնարկել համապատասխան դրույթները հստակեցնելու ուղղությամբ»։

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

«ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՀԿ

«ՄԱՐՏՈՒՆՈՒ ԿԱՆԱՆԱՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ» ՀԿ

«ԵՐԱՇԽԻՔ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ

© Medialab.am