«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան, ադրբեջանագետ Արամ Փոլադյանը
– Պարո՛ն Փոլադյան, Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը «պատմական» է որակել ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան: Նման բնութագրում ավելի վաղ տվել էր նաև Նիկոլ Փաշինյանը, ինչո՞վ էր այն պատմական, ի՞նչ գործնական քայլեր կարող են հետևել այս այցին:
– Պաշտոնյաների փոխադարձ այցերը, իմ համոզմամբ, կկարողանանք պատմական որակել արդեն այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղություն կլինի՝ հիմնված արդարության վրա, ինչն այսօր առկա չէ: Զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով հայատյացության սարսափելի քարոզը՝ պետական աջակցությամբ: Սրանք իրականություններ են, որոնք ուղղակի զուգորդվել չեն կարող:
– Բայց և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը խաղաղությունը համարում են արդեն անշրջելի իրողություն, մինչդեռ դուք ասում եք, երբ տարածաշրջանում խաղաղություն լինի:
– Այդ հայտարարությունների հեղինակներն հենց իրենք պետք է բացատրեն պատճառահետևանքային կապերը՝ իրենց խոսքի և իրողությունների, հետևաբար ես չեմ կարող ասել, թե ո՛րն է նման հայտարարությունների հիմքը: Իրականում ակներև է, աներկբա փաստ, որ Ադրբեջանը մարդկության դեմ հանցագործություն կատարելուց հետո այսօր շարունակում է հայատյաց քաղաքականությունը ոչ միայն արտերկրում՝ փորձելով հիմնել նոր հասարակական կազմակերպություններ տարբեր երկրներում, որոնք պետք է զբաղվեն հայատյացությամբ, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձով և այլն, այլ նաև ներսում է աննախադեպ ծավալների հասնող հայատյաց քաղաքականություն վարում: Իրականությունը սա է, ու ես չեմ կարող ասել, որ սա խաղաղություն է:
– Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե Ադրբեջանի հետ չեն քննարկում ո՛չ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի, ո՛չ էլ արցախահայության վերադարձի հարցերը: Ադրբեջանը հրաժարվե՞լ է իր այդ մտքից, որովհետև մենք բազմիցս լսել ենք, որ Ադրբեջանը խոսել է դրա անհրաժեշտության մասին:
– Ադրբեջանը չի հրաժարվում իր բոլոր պահանջներից ու նպատակներից, երկրորդ՝ ազգակերտման իրենց ճանապարհին գաղափարական թշնամի ունենալը՝ ի դեմս հայերի, Ադրբեջանի համար ունի առանցքային նշանակություն: Անհերքելի փաստ է նաև այն, որ Ադրբեջանը թուրքական ծավալապաշտական-կայսերական շահերն է սպասարկում: Այս համատեքստում, եթե հիմա Ադրբեջանը չանի այս քայլը, անելու է մեկ ուրիշը: Եթե այդ թեման չեն քննարկում, ինչպես ասում է Փաշինյանը, ես շատ ուրախ եմ, իսկ արցախահայության վերադարձն անհերքելի է, եթե ոչ այսօր, ապա վաղը դա պետք է տեղի ունենա:
– Պարո՛ն Փոլադյան, առաջիկայում մենք ականատես կլինե՞նք սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների շարունակությանը, քանի որ, ինչպես նշում են, այս այցի հիմնական թեմաներից մեկը եղել է հենց դա:
– Այդ հարցին հստակ պատասխան տալ, բնականաբար, կարող են պատկան մարմինները, բայց իրավիճակի ու փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա հավանականությունը կա, բայց մեզ համար շատ էական հարց է այն, թե ե՞րբ ենք մենք հասնելու այն փուլին, որ ադրբեջանական բանակը դուրս գա Հայաստանի օկուպացրած տարածքներից: Սա աներկբա է, որ պետք է տեղի ունենա, բայց Ադրբեջանի այսօրվա քաղաքականությունն ու կեցվածքը ցույց են տալիս, որ դրա հավանականությունը շատ փոքր է, որովհետև Ադրբեջանը, ինչպես այլ հարցերում, այս հարցում ևս անտեսում է միջազգային բոլոր օրենքները:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















