«Այս տարի, նախորդների համեմատ, Հայաստանում մնացողների թիվը շատ մեծ է». Ըստ տուրօպերատորների՝ հյուրատները «գերբեռնված են»

«Այս տարի, նախորդների համեմատ, Հայաստանում մնացողների թիվը շատ մեծ է». Ըստ տուրօպերատորների՝ հյուրատները «գերբեռնված են»
«Այս տարի, նախորդների համեմատ, Հայաստանում մնացողների թիվը շատ մեծ է». Ըստ տուրօպերատորների՝ հյուրատները «գերբեռնված են»

«Այս տարի, նախորդ տարիների համեմատ, Հայաստանում մնացողների թիվը շատ մեծ է։ Չեմ կարող հստակ ասել՝ դա կապված է վարչապետի կոչի՞ հետ, թե՞ ոչ, բայց հնարավոր է՝ դա էլ է ազդել

Նոր տարին արտերկրում անցկացնելու ցանկություն ունեցող հայաստանցիներն այս տարի ամենաշատը մեկնում են Եգիպտոս, Դուբայ, Շրի Լանկա, նաև եվրոպական ուղղություններ։ Վրաստան մեկնողների թիվը ևս մեծ է։ 

Սակայն այս տարի Ամանորը Հայաստանից դուրս դիմավորելու աժիոտաժը նվազել է։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Շելբի» ընկերության ղեկավար, տուրիզմի փորձագետ Մարինե Ավետիսյանը։

«Այս տարի, նախորդ տարիների համեմատ, Հայաստանում մնացողների թիվը շատ մեծ է։ Չեմ կարող հստակ ասել՝ դա կապված է վարչապետի կոչի՞ հետ, թե՞ ոչ, բայց հնարավոր է՝ դա էլ է ազդել։ Բայց նաև հետևյալ միտումը կա՝ մարդիկ, ովքեր 5-6 տարի Ամանորը դիմավորել են արտերկրում, մեկ անգամ էլ ուզում են տանը մնալ, հոգնել են արդեն դրսում անցկացնելուց»,- «Մեդիալաբին» ասում է Մարինե Ավետիսյանը։

Ըստ նրա, սակայն, գնացողը այնուամենայնիվ գնում է։ Գնացողների նվազում չի արձանագրվել, բայց սպասվող աճը չկա այս Ամանորին։ 

«Գնացողների թիվն այս տարի, սպասվում էր, որ պետք է կրկնապատկվեր, բայց չի ավելացել։ Կարող ենք այսպես ձևակերպել՝ չի աճել և չի նվազել։ Բայց, միաժամանակ, ունենք շատ հաճախորդներ, ովքեր ասել են՝ այս տարի մնում ենք տանը, Հայաստանում կդիմավորենք»,- հավելեց նա։ 

Նաև, Մարինե Ավետիսյանի խոսքով, նվազել է հենց դեկտեմբերի 31-ին Ամանորը արտերկրում դիմավորելու ցանկություն ունեցողների թիվը։ Կան մարդիկ, որոնք նախընտրում են հունվարի մեկին կամ հաջորդ օրերին մեկնել արտերկիր։

«Այսինքն՝ այդ մոլուցքը կամաց-կամաց նվազում է, և հենց դեկտեմբերի 31-ին չեն մեկնում»,- նշում է նա։

Հայաստանի տարածքում հյուրանոցներում ու հյուրատներում գրեթե ազատ տեղեր չկան Ամանորի օրերին, բոլորը նախօրոք ամրագրված են։ Մարինե Ավետիսյանի խոսքով՝ սպասվում է զբոսաշրջիկների մեջ հոսք, ինչը շատ լավ միտում է։ 

«Պետք է այս տարի ամեն ինչը շատ լավ կազմակերպեն, որպեսզի հաջորդ տարիների վրա էլ դա դրական ազդի։ Այսինքն՝ եթե կառավարությունն այս տարի մեծ ծախս է անում այդ ուղղությամբ, դա վատ չէ, դա հաջորդ տարիների համար էլ կունենա դրական ազդեցություն։ Տուրիզմի ոլորտում այդպես է, այս տարվա աշխատանքն ազդում է հաջորդ տարվա վրա»,- ասում է մասնագետը։

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը ևս ասում է, որ Հայաստանի հյուրանոցներն ու հյուրատները գերբեռնված ռեժիմով են աշխատում։ 2020 թվականին, նրա խոսքով, զբոսաշրջիկների թվի բավական լուրջ աճ է սպասվում։

«Ե՛վ այս տարի է ավելացել զբոսաշրջիկների հոսքը, և՛ 2020 թվականի համար է բավական ավելացել։ Օրինակ՝ մենք մեր կազմակերպությունում այս պահին անգամ ունենք որոշակի խնդիրներ, որ հյուրանոցային համարները չեն բավականացնում զբոսաշրջիկներին։ Այս պահին ունենք սպասման մեջ խմբեր, որոնց համար հաջորդ տարվա համար մենք չունենք հյուրանոց։ Եվ սպասում ենք, որ Ամանորից հետո մեր արտասահմանցի գործընկերները նորից կակտիվացնեն իրենց պատվերները»,- «Մեդիալաբին» ասում է Յաշա Սոլոմոնյանը։

Նրա խոսքով՝ իրականում Ամանորի տոների համար եվրոպական երկրներից հոսքը դեպի Հայաստան շատ ակտիվ չէ։ 

Ամանորյա տուրիզմի առանձնահատկությունն այն է, որ հիմնականում Ռուսաստանից են գալիս Հայաստան, ովքեր իրենց միջոցներով են գալիս, տուրիստական ընկերություններ չեն դիմում։ Այդ պատճառով մի փոքր դժվար է ասել, թե ի՛նչ հոսք է սպասվում այդ ուղղությունից։ 

«Բայց մյուս կողմից էլ, որպես զբոսավարների ասոցիացայի նախագահ, կարող եմ ասել, որ մեզ շտապ դիմում են ամանորյա տոների հետ կապված հենց զբոսավարի ծառայության համար՝ թե՛ անգլերեն, թե՛ ռուսերեն իմացող։ Այսինքն՝ շարժը կա, ակտիվություն ենք նկատում։ Մյուս գործոնը, որի միջոցով կարող ենք գնահատել, թե ինչ հոսք է սպասվում, հյուրանոցներում հարցումներ անելն է։ Ամանորի օրերի համար արդեն գրեթե բոլոր հյուրանոցներում ազատ տեղեր չկան։ Ինձ համար շատ ուրախալի է Գյումրիի պատկերը, Գյումրիում Ամանորի համար չկա որևէ ազատ հյուրանոց։ Սա նաև ներքին տուրիզմի ակտիվացման արդյունք է։ Այո՛, այս տարվա ծրագրերը տվեցին իրենց արդյունքը, և Գյումրին հենց նաև ներքին զբոսաշրջիկի համար դարձավ շատ սիրելի ուղղություն»,- ասում է նա։

Յաշա Սոլոմոնյանի խոսքով՝ կարող ենք արձանագրել՝ վարվող քաղաքականությունը նպաստում է զբոսաշրջիկների հոսքի աճին։ 

«Զբոսաշրջությունն էլ ապրանք է, այն պետք է գովազդես։ Եվ պետական մակարդակով նման արշավները գովազդ են նախևառաջ ներքին տուրիզմը ակտիվացնելու համար, նաև՝ արտաքին։ Իհարկե, այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան, բայց այս տարի, օրինակ՝ Թբիլիսիում շատ ակտիվ գովազդվում էր Ամանորը Երևանում անցկացնելու կոչը, ինչը նախկինում երբեք չէր արվել։ Այսինքն՝ հստակ քայլեր իրականացվում են»,- «Մեդիալաբին» ասում է Յաշա Սոլոմոնյանը։

Լուսանկարը՝ «Ֆոտոլոր»

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am