Անսովոր ճակատագիր. երգչուհի Հասմիկ Հարությունյանն իր ռոմանտիկ սիրուց մինչև մտահոգիչ իրականություն

«Երբ ինձ հարցնում են` ի՞նչ անենք, որ ամուսնանանք, ասում եմ` CD ձայնագրեք, ամուսինը ճամփա կընկնի»,- ծիծաղում է ՀՀ վաստակավոր երգչուհի Հասմիկ Հարությունյանը և պատմում իր սիրո ռոմանտիկ ու անսովոր պատմությունը, թե ինչպես է ամուսինը 10 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լսել իր երգերը և ճամփա ընկել` յուրահատուկ ձայնով երգչուհուն գտնելու:
«Ինձ նման խենթ է´լ չկա»,- ծիծաղում է ամուսինը` Անդրանիկ Միքայելյանը, ով իր թավ բեղերով, հետաքրքիր ակցենտով և ձայնի հնչեղ տեմբրով հիշեցնում է Ուիլյամ Սարոյանին. մեծ գրողի մորաքրոջ թոռն է Անդրանիկը:
Անդրանիկի նախնիները մինչև Մեծ Եղեռնը Սեբաստիայից գաղթել են ԱՄՆ և հնարավորություն են ունեցել «էրգրից» իրենց հետ տանելու պետքական իրեր: Այդ իրերից մի քանի զույգ բրդե նախշուն, լավ պահպանված գուլպաներ զարդարում են Հասմիկի և Անդրանիկի ազգային ոճով կահավորված հյուրընկալ բնակարանը:

«Էդ պատմական CD-ն սա է»,- ասում է Անդրանիկը` ցույց տալով հնամաշ ձայնասկավառակը, որն անընդհատ լսելով 1997-ին որոշել է գտնել երգչուհուն. «Չգիտեի` ինչպիսի´ն է, ի´նչ տարիքի, ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ, միայն գիտեի, որ զուլալ, կրթված, պարզ, յուրահատուկ ձայն ունի»:

Յուրահատուկ ձայնով երգչուհուն այնքան էլ հեշտ չի եղել գտնել. «Ես ապշած էի, քանի որ վստահ էի, թե նման երգչուհին պիտի ճանաչված աստղ լիներ, սակայն Հայաստանում ոչ ոք չէր ճանաչում Հասմիկին»:

Ամուսինները պատահաբար հանդիպում են Երևանի երգի պետական թատրոնում:

«Խնդրեցի ինձ համար ձայներիզից «Մշո գեղեն» երգը երգի, քանի որ, ինչպես պարզվեց, երկուսս էլ մշեցի ենք: Երգեց, ու նորից լսեցի այդ զուլալ ձայնը»,- հիշում է Անդրանիկը:

Զուլալ ձայնն Անդրանիկն արդեն 10 տարի է` լսում է ամեն օր. Հասմիկն անընդհատ երգում է` ճաշ պատրաստելիս, արդուկելիս: Քանի որ «Շողակն» անսամբլը, որի մեներգչուհին է Հասմիկը, փորձասենյակ չունի, նրանց բնակարանում են անցկացվում նաև «Շողակնի» փորձերը:

«Եթե Անդրանիկը չլինի, թևերս կկոտրվեն, նրա մեջքը զգալով եմ անում այս ամենը»,- պատմում է Հասմիկն ու տապակում ամուսնու սիրած ոսպով բլիթները, որը վերջում համեմելու է կաթի, կարագի, թթվասերի, մանանեխի խառնուրդից պատրաստած սոուսով:

Հասմիկին արտերկրում գնահատում են ու ճանաչում օտարազգիները, ամերիկուհիներից բաղկացած «Կիտկա» անսամբլի ղեկավարն է: «Աղջիկներս էնքան լա~վ են հայերեն երգում»,- ժպտում է երգչուհին ու պատմում, որ հոկտեմբերին աղջիկները Հայաստանում էին, համերգ են տվել կոնսերվատորիայի դահլիճում, իսկ Երևանում եղած ժամանակ սնվել են Հասմիկենց տանը. «Կսնանկանայինք, եթե դրսում ուտեին, համ էլ ես սիրով եմ պատրաստում»:

Ամերիկուհիները հիացած են հեռացել Հայաստանից. երգչուհու ձայնից, ինչպես նաև խոհարարական արվեստից և որոշել են, հայրենիք վերադառնալով, ստեղծել առցանց հաղորդաշար, որտեղ երգչուհին իր հումորով, դիմացինին թևաթափ անող ժպիտով, թեթևությամբ ու լեգենդներով կսովորեցնի համեղ ճաշեր պատրաստել:

Ազգային երգերն անբասիր կատարող Հասմիկը ջերմ ընդունելության և գնահատանքի է հասնում օտար ափերում:

«Էմիրություններում մշակույթի վարչության պետն ապշած էր: «Դուք էսպիսի մշակո՞ւյթ ունեք, սա հայտնություն է»,- ասաց մեր համերգից հետո, իսկ հայաստանյան համերգներն ու հեռուստաշոուները դժվարհասանելի են երգչուհու համար:

«Ես մաֆիայում չկամ»,- ասում է նա:

Հասմիկն ունի թողարկած տասը ձայնասկավառակ, բոլորի պատվիրատուներն էլ արտերկրից են. «Ամենևին էլ փառահեղ պայմաններ չեն առաջարկում, եթե իմ երկրում լինի պատվիրատուն, ավելի լավ»: Ձայնասկավառակները Հայաստանում չեն վաճառվում, երգչուհին գնում է դրանք, դժվարությամբ հասցնում հայրենիք, հանձնում վաճառքի:

«Էստեղից էլ օտարերկրացին առնում է ու տանում դուրս: Ամբողջ տանջանքս ջուրն է ընկնում, էլ ինչի՞ անեմ»,- հարցնում է նա:

Նա ցույց է տալիս իրենց բնակարանի պատին փակցված պաստառը, որի վրա ժողովրդական արտիստուհի Արաքս Դավթյանն է. «Էս տարի կորցրեցինք մեծ երգչուհուն, գիտե՞ք, որ կոնսերվատորիայում դասավանդում էր` ստանալով 9000 դրամ, Մոսկվայի Մեծ թատրոնում էր երգում, որ հետ գար հայրենիք ու մի որոշ ժամանակ ապրեր»:

Երգչուհին ասում է, որ Դավթյանի կորստից հետո հասկացավ, որ Հայաստանից ակնկալիքներ ունենալը միամտություն է:

«Ծիծաղելի, վիրավորական և նվաստացուցիչ է այն տեսահոլովակը, որը նկարահանվում է, որ երգչին ճանաչեն ու վաղը օլիգարխի հարսանիքին երգելու հրավիրեն»,- հայ երգիչների տեսահոլովակների մասին ասում է երգչուհի Հասմիկ Հարությունյանը:

Նա մտահոգված է կասկածելի և ամեն քայլափոխի հնչող երաժշտությունից, որը մատուցվում է իբրև ժողովրդական երգ:

Ժողովրդական երգը փոխանցվել է մեզ սերնդեսերունդ` բանավոր, հետո` մեր խազերով և ավելի ուշ` մեր նոտագրությամբ: Գենետիկ հիշողության կամուրջն ա ժողովրդական երաժշտությունը, եթե չկարողանանք էդ կամուրջը պահել ու պաշտպանել, ուրիշը կպաշտպանի»,- ասում է նա:

Երգչուհին բացատրում է, որ աշխարհը ներկայումս բաժանված է մշակութային տարածքների. «Եթե մենք մեր մշակույթը չպահենք, կկորչենք»:

Անհանգստանալու փոխարեն այսօր, երբ ոչ միայն ռեստորաններում, այլև Հանրային հեռուստատեսության եթերից թուրքական երաժշտություն է հնչում, կառավարությունը ռուսալեզու դպրոցներ է բացում:

«Ինչպես ազգային երաժշտություն չիմացողը չի կարող Մոցարտ հասկանալ, այնպես էլ մայրենիին լավ չտիրապետողը չի կարող ռուսերեն իմանալ»,- համոզված է նա:

Երգչուհին հիշում է վերջերս իրեն այցելած մի թրքուհու, որը Հասմիկին խնդրել է իրեն օգնել, քանի որ հայ ազգային երգի մասին թեզ է գրում:

«Մի օր էլ ասաց, թե թուրքական արխիվներում պահվում են նոտագրված հայկական երգեր. գաղթից հետո կառավարությունը մարդիկ է ուղարկել, որ Անատոլիայում մնացած հայերից հավաքեն հայկական մշակույթը»,- ասում է Հասմիկը:

Հասմիկ Հարությունյանն ասում է, որ թրքուհին իրեն տեղեկացրել է, որ այդ արխիվներն առայժմ փակ են նույնիսկ իրենց համար:

«Մի օր էլ, երբ մենք լրիվ քոռանանք և ստորանանք, մեր մշակույթի տերը կդառնան»,- մտահոգվում է Հասմիկը:

Արփի Մաղաքյան

Լուսանկարները` Իննա Մխիթարյանի

© Medialab.am