Վանաձորում տիրող տարօրինակ իրավիճակի մասին բարձրաձայնել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը` ՀՔԱՎ-ը` խոսելով վերջին օրերին քաղաքում սկսված «համատարած» խուզարկությունների մասին:
Ըստ գրասենյակի` «ստացած հավաստի տեղեկությունների համաձայն՝ 2012 թ. սեպտեմբերի 25-ին և 26-ին համատարած խուզարկություններ են իրականացվել Վանաձոր քաղաքի բնակիչների բնակարաններում»:
«Հերթական անգամ ոստիկանությունը կիրառում է «խուզարկություն օպերացիան» իր տեսակետից «անբարեհույս» քաղաքացիներին հետապնդելու, վախեցնելու, ահաբեկելու նպատակով: Ե’վ դատարանի, և’ ոստիկանության կողմից նման գործելաոճը չեն կարող նպաստել իրենց նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանը: Ավելին՝ հանգեցնում են իրավական համակարգի արժեզրկմանը»,-նշված է ՀՔԱՎ կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության, բնակիչների մեծ մասը, խուսափելով հնարավոր հետապնդումներից, վախենում է բարձրաձայնել այդ փաստերի մասին եւ միայն քաղաքացի, Վանաձոր քաղաքի ավագանու անդամ Արմեն Այվազյանն է բացեիբաց խոսել ստեղծված իրավիճակի մասին:
«Հերթական անգամ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, խորամուխ չլինելով խուզարկությունների վերաբերյալ միջորդությունների հիմնավորվածությանը, հաստատելով դրանք, նպաստում է ոստիկանության կողմից քրեական գործով առնչություն չունեցող քաղաքացիների բնակարանները խուզարկելուն,-նշված է հայտարարության մեջ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, դատապարտելով համատարած խուզարկությունների կիրառումը, պահանջում է ՀՀ գլխավոր դատախազությունից քննության առարկա դարձնել այս հարցը»:
© Medialab.am