Ըստ էության դատավորը. Մհեր Ենոքյան

Երբ պարապում էի Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար, ուսումնասիրում էի Հայոց պատմություն: Իմացա, որ դեռ IV-րդ դարից Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը` Հայոց կաթողիկոսը, եղել է ՄԵԾ ԴԱՏԱՎՈՐ և հետևել օրենքների արդարացի կատարմանը: Ու եթե ինձ հարցնեն՝ ինչն է այսօր մեր դատարանին պակասում, կասեմ՝ քրիստոնեական մարդասիրությունը: Քրիստոնյաներիս համար հավատի խորհրդանիշ է խաչված Հիսուսը` Աստծո Որդին, ով Աստվածաշնչում նաև Մարդու Որդի անունն ունի: Տեսնես ե՞րբ պետական օրենքները համահունչ կդառնան Աստծո օրենքներին, իսկ դատավորները Մարդուն սիրով կընդունեն ու կճանապարհեն…տեսնես ե՞րբ մեղավորները կներվեն, իսկ անմեղները Աստծո ողորմությանը կարժանանան… Համակարգիչները ծրագրերի միջոցով են խնդիրներ լուծում, դատավորները մարդկային ճակատագրեր են լուծում գրված օրենքներով: Համակարգչի աշխատանքի համար հոսանք է անհրաժեշտ, իսկ դատավորներին` մարդու նկատմամբ Սեր:
Վերնագրի ընտրության հարցում ինձ օգնեց Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը, երբ դեկտեմբերի 3-ին արտագնա /ինչ էլ բառ է/ նիստի էր եկել «Նուբարաշենի» բանտ: Ներկայացնում էի, որ իմ գործում 17 տարի անց նոր երևան եկած հանգամանքներն այդպես էլ չեն դարձել քննության նյութ դատախազության համար, 1996 թ-ին դատախազության քննիչը փաստաթղթերը կազմել է բազմաթիվ խախտումներով՝ հորինվել են իրականում գոյություն չունեցող վկաներ, անգամ դատակենսաբանական փորձաքննությունն է խախտումներով կազմվել: Մինչդեռ դատավոր Խաչատրյանը ընդհատում էր ինձ.
-Ըստ էության խոսեք…

Հետո ներկայացրեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ստացած փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ 1996 թ-ի ողբերգության իրական դրդապատճառի մասին դեռ 8 տարի առաջ եմ բարձրաձայնել, որ թե՛ Նախագահականում, թե՛ Դատախազությունում, թե՛ Մայր աթոռում տեղյակ են եղել, որ Իոսիֆ Աղաջանովի սպանությունը Արամ Հարությունյանը կատարել է նրա՝ հրեական արմատների պատճառով՝ կրոնական ատելության հողի վրա: Եվ ինչպես 96-ին, այնպես էլ հիմա, պատկան մարմինները լռեցրել ու լռեցնում են ինձ:

Ինչևէ, դատավոր Խաչատրյանը թռուցիկ աչքի անցկացրեց Մայր Աթոռից տրված տեղեկանքը, ձեռքի հետ էլ թերթեց դեռևս 8 տարի առաջ Վեհափառ Տիրոջը գրված նամակիս պատճեն, նաև Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի դիմումը Վեհափառին: Այո՛, հենց նրա միջոցով էի կարողացել նամակներս դուրս բերել բանտից, քանի որ փախուստիցս հետո ինձ զրկել էին ամեն ինչից: Դատավորն այս ամենից հետո հոնքերը կիտեց ու նորից.

– Ըստ էության խոսեք:

Էլ չդիմացա.

– Պարոն Խաչատրյան, այն ինչ ներկայացնում եմ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ է, ճակատագրիս վրա խաչ են քաշել 20 տարեկանից, ես էլ 17 տարի է պնդում եմ, որ մարդ չեմ սպանել: Դատախազության գործն եմ անում չորս պատի մեջ նստած՝ հավաքում եմ արխիվային նյութեր, բայց հենց դատախազությո՛ւնը պիտի խոսեր 15 տարի նստած ու արդեն դրսում գտնվող Արամ Հարությունյանի, իմ, Արամի քրոջ հետ, ով սպանության միակ վկան է եղել: Բայց ոչ մի քննություն չի արվել:

Դատավորը նորից ընդհատում է ինձ.

– Խաչատրյան չէ, ասա` հարգելի դատարան:

Դե, արի ու դիմացի` մարդ չե՞ք, չունե՞ք անուն-ազգանուն …հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանն, ով նշանակում է դատավորներին, տեղյակ է այսպիսի «ըստ էության» դատավորների մասին:

Դատական նիստը ավարտվեց, դատավորը դատախազի հետ դուրս եկավ: Տասը րոպեից դատավճիռս պատրաստ էր: Ինչպիսի օպերատիվություն ճակատագիր որոշելու համար… մերժում, նորից, կրկին, դարձյալ մերժում: Փաստորեն դատախազությունը ճիշտ դուրս եկավ՝ իմ գործը չվերաբացելով, բայց տասնյակ տարի հենց դատախազությունն էր նշում՝ բերեք նոր հանգամանքներ: Բերեցինք, բայց ոչ մի վերաբացում:

Արդար չեմ լինի, եթե մի լավ բանի մասին չգրեմ. դատի ժամանակ ես վանդակի մեջ չէի: Երբ ասացի, որ Եվրոպական կոնվենցիայի համաձայն, մարդուն վանդակի մեջ պահելը իրավունքների խախտում է ու նվաստացնում է նրա արժանապատվությունը, որ Հայաստանի դեմ ԵԴ-ն նմանատիպ դատավճռի նախադեպ ունի, նույն Խաչատրյանը կարգադրեց վանդակի դուռը բացել: Փաստորեն, եթե Եվրոպան չլիներ, մենք մարդուն դեռ վանդակի մեջ էինք տեսնելու…

Քաղաքացիական խիզախություն պահպանած դատավորների մասին

Մատաղիսի գործով տղաները՝ Արայիկը, Մուսան ու Ռազմիկը պայքարեցին 9 տարի իրենց անմեղությունն ապացուցելու համար: Շնորհավորում եմ բոլորին, առաջին հերթին՝ քաղաքացիական հասարակությանը, քանի որ տղաների հետ պայքարեցին նաև քաղաքացիները, փաստաբանները: Առաջին գրքումս էլ գրել եմ, որ «Նուբարաշենի» բանտում, ցմահականների հարկաբաժնում, շատ են նախկին զինվորները, ովքեր այստեղ են հայտնվել 18-20 տարեկանում: Կան մարդիկ, ովքեր նստած են մոտ 20 տարի, այսինքն՝ դատապարտվել են հեռու-մոտ 90-ականներին: Կան նաև մեկ ծառայակցի սպանության գործով ցմահ դատապարտված միանգամից երկու զինվորներ: Նրանցից մի քանիսը մինչ օրս չեն ընդունել իրենց վերագրված արարքը, ինչպես և ես: Մենք տարիներ շարունակ պայքարում ենք արդարությանը հասնելու համար: Ավելին ասեմ՝ բանտում հայտնվելու օրվանից երազում եմ արդարացման դատավճռի մասին, պայքարում, ու մի օր, գուցե արդեն ազատության մեջ, ես կհասնեմ դրան:

Հավատացեք՝ անմեղ, չափազանցված պատիժ կրող, սխալ դատված մարդիկ ու քավության նոխազներ շատ կան մեր բանտերում: Իսկ դատական սխալներն ուղղելը միայն կարող է բարձրացնել հանրության վստահությունը արդարադատության նկատմամբ:

Որպես ապագա իրավաբան, արդեն որոշել եմ՝ իմ գիտելիքները կխորացնեմ հենց դատական սխալների շտկման գործիքների կատարելագործման ու կիրառման ուղղությամբ, որպեսզի բանտում չհայտնվեն սխալ դատվածներն ու անմեղները:

«Մհերի դուռն» ու բնապահպանները

Ցմահ բանտարկության խնդիրներն ու բնապահպանությունը չկապվող օղակներն են: Սա միայն առաջին հայացքից: Բայց երբ խոսքը արդարության պահանջի մասին է, ոլորտը կապ չունի: Կարևորը քաղաքացիական խիզախությունն ու դիրքորոշումն է: Հարազատներս վերջերս ուղարկել էին «Մհերի Դուռը» բեմական ընթերցման տեսագրությունը, նաև մամուլի արձագանքները: Նայեցի, զարմացա, ոգևորվեցի: Նորից եմ ասում՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Մարդկանց: Ռեպորտաժներից մեկում տեսա ու լսեցի նաև բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին, ում հանդիպել էի նաև դեկտեմբերի 3-ին՝ բանտում, իմ գործով դատի ժամանակ: Մարիամի խոսքերից, արդարության համար պայքարի նրա ոգուց նոր ուժ ստացա, ուժ՝ չհանձնվելու ու առաջ շարժվելու: Ամեն նոր ակցիայի հետ տեսնում, զգում, հասկանում եմ, որ մենակ չեմ պայքարում արդարությանը հասնելու համար: Ու ամենակարևորը՝ խենթերն անտեսանելի կապով գտնում են իրար: Ողջունո́ւմ եմ Ձեզ, սիրելի բնապահպաններ: Բանտում նստած հետևել եմ Ձեր, Մեր բոլորի պայքարին Մաշտոցի պուրակում, Թռչկանի ջրվեժի մոտ, ափսոսացել, որ ֆիզիկական ազատություն չունեմ, այլապես ես էլ բուտիկի տանիք կբարձրանայի, կռիվ կտայի ջրվեժի գեղեցկության համար: Ես էլ ձեր սերնդակիցն եմ ու ցանկանում եմ կիսվել որոշ մտքերով:

Ի՞նչ կլիներ, եթե որևիցե մեկը կամ մի խումբ մարդիկ սեփականաշնորհեին, օրինակ, տառերը կամ արգելեին մարդկանց խոսել, քանի որ կհամարեին, որ բառերն իրենց` «ընտրյալներին» են պատկանում: Կլռեի՞նք: Մեր երկրի բնական հարստությունները` ջուրը, բուսական և կենդանական աշխարհը, հողը` իր ընդերքում պահվող մետաղներով, թանկարժեք քարերով, մեզ բոլորիս են պատկանում, սակայն մի խումբ մարդիկ կամ ընտանիքներ, իրենց վեր դասելով այլ քաղաքացիաներից, մեր երկրի հարստությունները դարձրել են իրենց սեփականը:

Ուղեղիս հուշադարանին պահ տված մի դեպք

Ծննդյան տոներն են մոտենում, ուզում եմ մի լավ բան հիշել ու պատմել Ձեզ, բայց պատմելիքս և՛ լացելու, և՛ ծիծաղելու է միաժամանակ:

1998 թիվ: Ցրտերը նոր էին սկսվել: Դիմեցինք բանտի ադմինիստրացիային, որ թույլատրեն գոնե մեկ սվիտր ունենանք խցում: Բանտում ջեռուցում չկար ընդհանրապես. էլեկտրական սալիկ կամ որևէ այլ տաքացնող սարք չէին թույլատրում, իսկ շորերից՝ միայն սև սպեցովկա կոչվածը: Նոյեմբերի վերջն էր արդեն` թույլատրեցին մեկ սվիտր, ինչը մարմինը տաք պահելու հարցը, ճիշտ է, չէր լուծում խոնավ, սառը, ասֆալտապատ հատակով խցում, բայց, դե, չեղածից լավ էր: Դեկտեմբերի վերջին օրերն էին: Մարդ մնացած հսկիչ կար հարկում, եկավ, բոլորիս զգուշացրեց, թե պետը որոշել է հավաքել տնից ստացած այդ մեկական սվիտրները: Ի՞նչ անել: Խցում չորսով էինք: Ով ինչպես ու ինչքան կարողացավ, գործի դրեց հնարամտությունն ու երևակայությունը: Երկուսն իրենց սվիտրները պահեցին ներքնակների մեջ, ոսկեվազցի Արմենն իրենը գցեց զուգարանի հատակին, իբրև մաքրելու շորի կտոր: Իմ աչքով պատի ռադիոն ընկավ: Իջեցրեցի, բացեցի և փորձեցի մի կերպ սեղմելով` սվիտրս տեղավորել մեջը: Չստացվեց: «Միգուցե թևքերը կտրեմ»,-ասացի ինքս ինձ ու արագ կտրեցի, կախ տվեցի լվացարանից, իսկ ժիլետ դարձած նախկին սվիտրս հազիվ թաքցրեցի ռադիոընդունիչի մեջ: Հասցրեցինք ավարտել քողարկումը, խուզարկող խումբը ներս մտավ: Նրանց մենք «զինգեռ կամանդա» էինք ասում: Այդ անունը նացիստական ճամբարների հետ էր ասոցացվում: Արտասանեք զինգեռ բառը ու ինքներդ կհամոզվեք: Ինչևէ, զինգեռականներն ամեն ծակ ու ծուկ հոտոտեցին. ներքնակների միջից գտան երկուսի սվիտրները, լվացարանի մոտ կախած սվիտրիս թևքերը նույնպես դուրս շպրտեցին, հետո նրանցից մեկը մտավ զուգարան և, ասես, մտածված միզեց հատակին գցած սվիտր-շորի վրա: Գնացին: Ոսկեվազցին այլևս ձեռք չտվեց իր սվիտրին: Ռադիոընդունիչի միջից հանեցի ժիլետ դարձած սվիտրս… այսպես էին Սուրբ Ծննդյան և Ամանորի տոները անցնում մահապարտների խցերում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Դեկտեմբերի 21-ն է: 3 տարի առաջ՝ երկրորդ փախուստիցս հետո, հենց այս օրը ինձ բռնեցին Ամիրյան-Զաքյան խաչմերուկում: 21 օր մաքուր օդ էի շնչել: Ուզում էի ծննդյանս օրը՝ դեկտեմբերի 26-ը ու Ծննդյան տոները դիմավորել Ազատության մեջ: Չստացվեց…

Նոր՝ 2013-րդ տարվա գալստին հաշված օրեր են մնացել: Ամանորյա գիշերը ես միշտ կարմիր մոմ եմ վառում, քառակի ճաղերի արանքից երկար նայում եմ երկնքին, աչքերս փակում ու տեղափոխվում եմ տուն, ուր ամեն տարի ամանորյա սեղանին իմ բաժակը լի է լինում, մտովի շնորհավորում եմ հարազատներիս, համբուրում սիրածս կնոջը…Աստծուն խնդրում եմ, որ մարդասիրությամբ ու արդարամտությամբ լցնի պետական այրերի սրտերն ու մտքերը, որ մեր քաղաքացիների հետ Հայաստանը դարձնենք պետություն, ուր օրենքը բոլորի համար հավասար է: Ամբողջ սրտով բարին եմ ցանկանում բոլոր Մարդկանց:

Մհեր Ենոքյան,

ցմահ բանտարկյալ՝ «Նուբարաշենի» կլոր բանտ,

Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող