«Վարչապետի ձեռքից խլեք սմարթֆոնը, արգելեք «Ֆեյսբուք» մտնել, և կտեսնեք՝ մեկ ամիս անց ինչքան բան կփոխվի երկրում»․ Էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր էդգար Բաղդասարյանը։

Պարո՛ն Բաղդասարյան, ամիսներ առաջ ասում էիք, որ հեղափոխությունից հետո թավիշը շատ է երկրում։ Վերջին իրադարձությունները ի՞նչ են ցույց տալիս՝ իշխանությունները գնո՞ւմ են խնդիրները լուծելու ճանապարհով։

– Ես ասել եմ՝ թավիշը լավ է օպերայի վարագույրի համար։ Տխուր է վիճակը, շատ տխուր, այն առումով, որ բոլորն ապրում են վիրտուալ իրականության մեջ։ Երբ ԱԱԾ նախկին տնօրենը ու ԱԺ փոխխոսնակը մեդիայի միջոցով իրար ինչ-որ բաներ են գրում, դա նշանակում է, որ արդեն մետաստազների մեջ ենք։ Դա նորմալ բան չէ տղամարդու համար։ Նույնն էլ վարչապետն է, ապրում է վիրտուալ իրականության մեջ։ Այդ սմարթֆոնների գործածությունը պետք է արգելել և առաջինը վարչապետի ձեռքից խլել և ստիպել նրանց ապրե՝լ իրականության մեջ, ոչ թե վիրտուալ իրականության մեջ։

– Ընդդիմադիր ուժերի կողմից կարծես ակտիվացում է նկատվում։

– Բա պետք է ակտիվանան, ընդդիմությունն ակտիվանալու համար է, ընդդիմադիր ուժը ինչո՞ւ պետք է չակտիվանա։ Իշխանության կռիվ է գնում, դա նորմալ է, տեսեք՝ Ամերիկայում ի՛նչ է կատարվում։

Տեղեկություններ եղան, որ պետական հեղաշրջում է նախապատրաստվել երկրում, վարչապետը դա անվանեց հիբրիդային պատերազմ։ Սա արդյոք իշխանության թուլությա՞ն հետևանք է։

– Ես ապրում եմ իրականության մեջ, նրանց վիրտուալ աշխարհից չեմ, բայց տեսնում եմ, որ երկրի առաջին դեմքերը կախվածություն ունեն թվային տարբեր տեխնոլոգիաներից՝ առանց հասկանալու, որ իշխանությունը մի քիչ քողարկված պետք է լինի, միստիկ լինի, այդքան բաց չլինի։ Մի բան է՝ փողոցում գոռալ ու մարդիկ տանել հետևիցդ, մեկ այլ բան է երկիր ղեկավարել։ Եվ դա խոսում է մի բանի մասին՝ այդ մարդն ինքն իրեն պաշտպանված չի զգում և գտնում է, որ կողքը մարդ չկա։ Եվ այս ամենն անիմաստ կադրային քաղաքականության հետևանք է։

Իրավիճակն ավելի ծանր է, քան մենք պատկերացնում ենք։ Եթե այսպես շարունակվի… Ես պատկերացնում եմ, թե մեր հարևան թշնամիներն ի՛նչ ուրախությամբ են հետևում այս իրադարձություններին և ի՛նչ մեծ ակնկալիքներ ունեն։ Այս իրավիճակն է՝ մի՛ խանգարեք հայերին, նստե՛ք տեղներդ, իրենք իրենց հարցերը կլուծեն։ Եթե այսպես շարունակվեց, մենք կոլապսի մեջ ենք հայտնվելու։ Իրականությունը ցույց է տալիս, որ օղակներում հայտնվել են մարդիկ, ընդդիմությունը մի կողմ դնենք, հայտնվել են ռևանշիստներ։ Իշխանության մեջ կա մանկամտություն, մարդիկ են հայտնվել պառլամենտում, որոնց «պառավոզի» նման հետևից տարել է այնտեղ։ Սա խայտառակ վիճակ է, կադրային քաղաքականությունը նայեք, իրենց խորհրդականներին նայեք։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը չհասկացավ, որ ինքը պետք է կադրային ջարդ անի, առաջին հերթին իր թիմակիցների շրջանում՝ առանց մտածելու՝ ով է հետը քայլել, վատ կլինի։ Պետք է բերի մարդկանց, ովքեր ստրատեգիկ մտածողություն ունեն, ոչ թե օրվա մանր-մունր խնդիրներ լուծող։ Ընկերները, որ նստել, իրար հետ հաց են կիսել, խոսում են այն մասին, թե ով ում հետևից է գրկել։ Ո՞վ եք դուք ընդհանրապես։ Խայտառակություն է, և պատկերացնո՞ւմ եք՝ այլ երկրներում մարդիկ դա կարդում են ու ծիծաղում մեզ վրա։

– Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետական համակարգը հակահեղափոխություն է անում, այսինքն ՝ ձեր ասած կադրային ջարդն ուշացե՞լ է։ Թավի՞շն է այդ ամենի պատճառը։

– Իհարկե թավիշն է։ Այդ մարդը որևէ մեկին չի վստահում։ Ամենավստահելիները նրանք են, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Եթե մեր երկրում չկա կադրային ռեսուրս, ուրեմն մենք պետք է պետություն չունենանք, պետք է փաթաթենք տանք հարևաններին։ Այս մանկապարտեզը, 23 տարեկան մինիստրներին պետք է ավլել-թափել մի կողմ։ Նույնը վերաբերում է պատգամավորներին ու 20 տարեկան ավագանիներին։ Գիտելիքը ոչ մի բան է, ուզում ես՝ 70 կրթություն ունեցիր, եթե փորձ չունես, խնդիր է։ Իսկ փորձը նաև գիտելիք է։ Մարդը պետք է ապրած լինի, ոչ թե սև ու սպիտակ մտածողությամբ։ Ես ուղղակի կոչ եմ անում կանգ առնել և այդ լակոտությունը վերացնել։ Նորմալ տղամարդը չի կանգնում մամուլում նման հայտարարություններ անում։ «Ֆեյսբուքից» դուրս եկեք ընդհանրապես։

– Եթե ասում եք՝ թավիշը շատ, այսինքն՝ կտրուկ քայլե՞ր պետք է արվեն, ինչպե՞ս։

– Ինչ արվում է, պետք է արվի օրինական դաշտում։ Ինչքան էլ մենք ցանկանանք թուր ու թվանք առնել, փրթել-թափել՝ ասելով, որ հանրային պահանջ է, չկա՛ նման բան։ Կա օրինական դաշտ, և բոլոր գործողությունները պետք է լինեն օրինական։ Այնքան տգետ են, որ Հրայր Թովմասյանին հերոսացրին։ Այսօր Թովմասյանը դարձել է հերոս և լիքը մարդկանց մոտ սիմպատիա է հարուցում։ Սա խոսում է մեր իշխանության տգիտության մասին, մի քանի քայլ առաջ չեն կարողանում հաշվարկել: Մի երկու խոդ անել չեն կարողանում, թե ինչ կլինի, որովհետև ապրում են վիրտուալ իրականության մեջ, «Ֆեյսբուքում» են ապրում։ Ձեռքից խլեք սմարթֆոնը, թող պառլամենտն օրենք ընդունի, վարչապետին արգելեն «Ֆեյսբուք» մտնել։ Մեկ ամիս եթե չմտնի, տեսեք՝ ինչքան բան կփոխվի երկրում։

Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am