«Ամենուր հարկավոր է տեղադրել տեսախցիկներ, մեծ աշխատանք պետք է տարվի բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնելու ուղղությամբ». Հասմիկ Պապյան

Հասմիկ Պապյանը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը

– Տիկի՛ն Պապյան, այսօր գրառում էիք արել, որում անդրադարձել էիք բանակում հերթական զոհին՝ նշելով. «Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ոչ լուսավոր, ոչ բարգավաճ, ոչ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին:

Բացատրություն եմ պահանջում, ընդ որում՝ հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում: Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս՝ բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը»։ Ինչո՞վ եք պայմանավորում նման իրավիճակը: Կարծում եք՝ իշխանությունը պատշաճ ուշադրություն չի՞ դարձնում այդ խնդրին: 

– Այո՛, կարծում եմ՝ պատշաճ ուշադրություն չի դարձվում այս հույժ կարևոր խնդրին: Սա պետք է լինի թիվ մեկ խնդիրը: Ուզում եմ տեսնել գեթ մեկ խստագույն պատասխանատվության ենթարկվածի:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անի իշխանությունը բանակում առկա խնդիրները հաղթահարելու համար:

– Պետք է նախ հայտնաբերվեն մեղավորները և խիստ պատասխանատվության ենթարկվեն: Դրանից զատ մեծ աշխատանք պետք է տարվի բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնելու ուղղությամբ: Ամենուր հարկավոր է տեղադրել տեսախցիկներ: Անհրաժեշտ է ներգրավել լայն հասարակությանը քննարկումների և կարծիքների փոխանակման համար:

– Իշխանության ներկայացուցիչները ամսվա մեջ 1-2 անգամ այցելում են զորամասեր, ցուցադրում ճաշարանների վիճակը, առկա փոփոխությունները: Սրանք, փաստորեն, բավարար չե՞ն:

– Փորձը ցույց է տալիս, որ բավարար չեն: Ես հիմա տարակուսած եմ՝ արդյոք առա՞ջ էլ կային այսպիսի մեծ թվով սպանությունների և ինքնասպանությունների դեպքեր, որոնց մասին մենք չէինք իմանում, թե, այնուամենայնիվ, բանակի աշխատանքի թափանցիկության արդյունքում է, որ տեղեկանում ենք դեպքերին, որն էլ մեզանից խլել է մեր հանգիստը։

 – Առհասարակ, Հայաստանում ընթացող պրոցեսներն ինչպե՞ս եք գնահատում: Ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն որքանո՛վ է հասարակական պահանջ՝ Ձեր կարծիքով:

– Հայաստանում ընթացող պրոցեսները այս պահին տարերային են, թերևս համապատասխան օրվա պահանջին: Չկան հեռահար նպատակներ: Դուք ճիշտ ասացիք, որ նշանակված է հանրաքվե, ինչը նշանակում է, որ այն հասարակական պահանջ լինելուց դեռևս հեռու է:

– Հեղափոխությունից հետո հանրության սպասելիքները, անձամբ Ձեր սպասելիքները որքանո՛վ են արդարացել: Որքանո՛վ է իշխանությունը փորձում համալիր խնդիրներին լուծում տալ:

– Հեղափոխությունից հետո ինձ համար ամենակարևորն այն էր, որ կոտրվեց «ամենակարողների», իշխանությունը իրենց եկող սերունդներին փոխանցելու և Հայաստանը «խանության» վերածելու նախկին կլանի հեռահար ծրագիրը: Իշխանությունը ոչ թե պետք է փորձի, այլ վաղուց արդեն հիմնավոր լուծումներ տա խնդիրներին: Իսկ խնդիրները շատ են, ժամանակն էլ չի սպասում…

Մանե Հարությունյան

MediaLab.am

Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա “չափաբաժնին”:Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ոչ…

Gepostet von Hasmik Papian am Mittwoch, 12. Februar 2020