Զիջումներ բանկերի կողմի՞ց, թե՞ խնդիրներ վարկ ունեցողների համար. Երգահան, պրոդյուսեր ՄիՔոն բարձրաձայնում է դժվարությունների մասին

Լուսանկարը՝ Բաց TV

Թեև նախօրեին Հայաստանի բանկերի միությունը հաղորդագրություն էր տարածել, որ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը՝ ՀՀ առևտրային բանկերը ստեղծված իրավիճակում ևս պատրաստ են աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իրենց հաճախորդներին, տվյալ դեպքում՝ կորոնավիրուսի համավարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող ֆիզիկական և իրավաբանական անձանց, իսկ վարչապետ Փաշինյանն էլ ուղիղ եթերով հայտարարել էր, որ բանկերն իրենց հաճախորդների հետ կաշխատեն անհատական մոտեցմամբ՝ կերկարացնեն վարկերի ժամկետը, կվերանայեն տոկոսադրույքները, այնուամենայնիվ, քաղաքացիները բանկերում նորանոր խնդիրների են բախվում։ 

Երգահան, պրոդյուսեր ՄիՔոն՝ Միքայել Մարգարյանը, «Մեդիալաբի» հետ զրույցում պատմել է, որ «Հայէկոնոմբանկը» անմարդկային, այս պայմաններում անթույլատրելի վերաբերմունք է ցուցաբերել իր նկատմամբ. 

«Մենք արդեն 10 տարուց ավելի ունենք պրոդյուսերական ընկերություն, որը զբաղվում է երաժշտությամբ, միջոցառումների կազմակերպմամբ և սպասարկմամբ։ 

Վարկը վերցրել ենք նախորդ տարվա հուլիսին, որպեսզի կառուցենք սեփական տարածք։ Միշտ պարտաճանաչ վճարել ենք։ Այս պարագայում ստացվեց այնպես, որ մարտի 16-ին մեր վճարման օրն էր, և ես իրավունք ունեի վճարելու մինչև այդ օրը ժամը 12-ը։ Ես միշտ հավելվածով վճարում եմ։ 

Եկավ Կառավարության որոշումը, 17.30-ին հայտարարվեց արտակարգ դրություն, և ես որոշեցի այդ օրը չվճարել, մինչև տեսնեմ հաջորդ օրը բանկերն ինչ են առաջարկում։ Մյուս օրը բանկից ինձ զանգահարեցին և ասացին, որ ես արդեն ժամկետանց ունեմ։

Ես ասացի, որ այս իրավիճակում իրենք պետք է ինչ-որ ձևով գնան զիջումների։ Ասացին՝ եկեք հասկանանք։ Մանրամասն նկարագրեցի, որ մեր բիզնեսն անմիջականորեն կապված է ժողովրդի հետ շփվելու հետ։ Ավելին, ես այս պահին չունեմ իմ սեփական տարածքը և իմ աշխատանքները կատարում էի՝ վարձակալելով այլ ստուդիաներ, ինչը հիմա դառնում է անհնար։

Ես վստահ էի, որ բանկն այդ ամենն իմանալով՝ կընդառաջի։ Բանկը պայման դրեց, ասաց՝ երեկվա գումարը վճարեք, հաջորդ ամսվանը կզիջենք։ Ես ասացի, թե քանի որ արդեն ամիսներով շինարարություն է գնում, ես շատ ծախսեր ունեմ, եկամուտներս նվազել է, դրան գումարվեց նաև այն փաստը, որ հիմա առնվազն երկու ամիս ես եկամուտ չեմ ունենալու։ 

Գումարն իմ ձեռքին է, ես երեկ պատրաստվում էի ձեզ վճարելու՝ մտածելով, որ վաղն աշխատանք եմ ունենալու։ Բայց քանի որ հիմա չունեմ աշխատանք, թույլ տվեք չվճարել։ Ինձ պատասխանում են, որ չեք կարող, քանի որ դա արդեն ժամկետանց է, և կապ չունի արտակարգ դրության հետ։ Սակայն բանն այն է, որ բանկը վարկերը հետաձգելու որոշումը կայացրել է ամսի 17-ից՝ մարտի 16-ը ներառյալ, և այդ որոշումը կայքում տեղադրված է։ 

Բանկն ասում է, որ իրենք անհատական մոտեցում են ցուցաբերում ամսի 16-ից սկսած»,-պատմել է նա:

Բանկը նրան տարբերակներ է առաջարկել, նախ՝ առաջարկել են այս ամիս միայն տոկոսները վճարել, հաջորդ ամիս՝ 2 տոկոս վճարել, իսկ երրորդ ամիս՝ վճարել ամբողջ պարտք մնացած գումարը, այսինքն՝ երեք ամսվա կուտակված գումարը: 

«Ես ասում եմ՝ եղբայր, եթե երկու ամիս չաշխատեմ, ես չեմ կարող երրորդ ամսում այդքան գումար վճարել։ 

Ես նորմալ աշխատանքի դեպքում եմ կարողանում մեկ ամսվա համար վճարել, ո՞նց կարող եմ եռապատիկը վճարել։ Ասում են՝ դե, եթե չկարողանաս, այդ ժամանակ մի բան կմտածենք, բայց հիմա արի ստորագրիր, որ պարտավորվում ես դա անելու։ Ես, բնականաբար, բարկացա, արեցի իմ առաջին լայվը։ 

Դրանից հետո պարզվեց, որ իրենք զանգահարում են երաշխավորներին և տեղեկացնում, որ նրանք ունեն ժամկետանց վարկ։ Երաշխավորները ինձ հարցնում են՝ կարո՞ղ է մենք «սև ցուցակ» ընկնենք։ 

Այսինքն՝ այստեղ լրացուցիչ ճնշում եղավ ինձ հարազատ մարդկանց կողմից։ Ես վերադարձա բանկ և այս պահին ես հրաժարվել եմ մուծումից։ Ես առաջարկում եմ շատ ադեկվատ բան՝ հետաձգել։ Ես երկու ամիս ավելի ժամկետով պատրաստ եմ վճարել, բայց այս երկու ամիսը չվճարեմ ոչ մի բան»,- ասել է պրոդյուսերը։ 

Ըստ նրա՝ սա խելամիտ որոշում է, քանի որ ինքը ո՛չ զրոյացում է պահանջում, ո՛չ չեղարկում, ո՛չ էլ նվազեցում. 

«Ասում եմ՝ թույլ տվեք երկու ամիս չվճարել, որից հետո ըստ ժամանակացույցի երկու ամիս ավելի վճարել։ Կամ թող գործերն այնքան լավ լինեն, ընթացքում կմարեմ»։ 

Միքայել Մարգարյանը հիմա փորձում է տվյալներ հավաքել, կառավարության որոշ անդամների հետ լուծում գտնել .

«Ես ունեմ սպառողական վարկ նաև «Կոնվերս բանկում»։ Ինչպես հասկանում եմ՝ «Կոնվերս բանկն» էլ չի ընդառաջել, բայց դա սպառողական վարկ է, իմ անձնականն է, եթե անգամ «սև ցուցակ» ընկնեմ, դա ինձ չի հետաքրքրում, իսկ այս դեպքում ես երաշխավորների խնդիր ունեմ, և ամբողջ շանտաժը գնում է դրա վրա»։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am