Ինչպե՞ս առաջացավ ժպիտներ հավաքելու գաղափարը. «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մանրամասներ է ներկայացնում

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը

– Պարո՛ն Մարտիրոսյան, «Անտարեսը ժպիտ է հավաքում» նախաձեռնությամբ եք հանդես եկել։ Գաղափարն ինչպե՞ս առաջացավ, ինչպիսի՞ արձագանքներ կան, մի բուռ ժպիտը որքանո՞վ կնպաստի մարդկանց այս ապատիկ վիճակից հանելուն։

– Դե երևի հիմա է ժպիտի կարիքը։ Հայաստանն ամսի մեկից սկսեց սահմանափակումներ մտցնել, և այդ ժամանակից սկսած տեղս չէի գտնում, անընդհատ ինչ-որ բաներ էի փորձում անել։ «Ապավեն» և «Մարկոս թոյս» ընկերությունների հետ համատեղ գրքեր, գրենական պիտույքներ, ներկեր սկսեցինք հավաքել, ուղարկել մեկուսացած երեխաներին։ 

Հետո սկսեցինք արտաքին գովազդի վրա ժպիտներ դնել՝ տղամարդ և կին հայկական տարազով։ Հիմա կարող է՝ ինչ-որ տեղեր քաղաքում արդեն դրված է, վրան գրված է՝ Լավ է լինելու։ 

Հովհաննես Մովսիսյանը հուշեց, որ դրանք պետք է լինեն իսկական ժպիտներ, ոչ թե արհեստական։ Այդպես սկսվեց փնտրտուքը, թե ինչ ձևաչափով լինի, ինչպես այդքան ժպիտ դնենք արտաքին գովազդի վրա. աշխարհը պետք է ժպտա։ 

Հետո տեքստը գրեցի, ուղարկեցի Արքմենիկ Նիկողոսյանին, որն ինչ-որ շտկումներ արեց, որ օրենքների մեջ լինեն։ Հիմա դուք մի մասն եք տեսնում. հիմնականում կա՛մ մեկնաբանություններում են գրում, կա՛մ իմ մեյլին են ուղարկում։

Ոչ մեկը մինչև վերջ չի կարդում ամբողջական տեքստը։ Հետո դրեցինք նաև անգլերեն տեքստը։ Նաև ռուսերեն տեքստն է պետք ավելացնել. դեռ չունենք ավելացված։ 

Գուցե ամբողջ հայությունը կամ ամբողջ աշխարհը միանա։ Երեկ մի պահ զգացի, որ կարծես թե մարդկային կոմունիկացիաների վիրուսը շատ արագ հաղթում է ցանկացած վիրուսի՝ կոչվի դա էբոլա թե կորոնա։ Էլ չեմ ասում, որ եթե այդ ժպիտները գոնե 0.1 աստիճան բարձրացնեն Հայաստանի ջերմաստիճանը, այդքանով կնպաստեն, որ վիրուսն ավելի շուտ չորանա։ 

– Պարո՛ն Մարտիրոսյան, ըստ էության իրավիճակը հաղթահարելու հնարավորություն եք փնտրում։ 

– Ունենք նաև ուրիշ ակցիաներ, որոնք «Մեդիա գրուպի» հետ ենք նախաձեռնել։ Դրանք առողջապահության ոլորտի հետ են կապված։ Չեմ ուզում բացել, որ անակնկալ լինի։ Նախաձեռնել ենք մյուս գովազդային ընկերություններին էլ հավաքել, որ էֆեկտն ավելի զիլ լինի։ 

«Մեդիա գրուպի» ղեկավարների հետ հանդիպեցինք, քննարկեցինք, էսքիզներ առաջարկվեցին։ Թեմաները տարբեր են. օրինակ՝ կարող է լինել առանց տեքստի, բայց պատկերացրեք՝ բետոնը կամ ասֆալտը ծակած ծաղիկը ինչքան ջանք ու ճիգ է գործադրում, որ ծակի ու դուրս գա։ 

Այսինքն՝ արդյոք մենք մարդ լինելով կարո՞ղ ենք լրացուցիչ ճիգ գործադրել այս ճգնաժամը հաղթահարելու։ Մենք այդ կարողությունն ունենք, ու այդ բետոնը ծակած ծաղկի օրինակով ցույց ես տալիս՝ ինչի՞ այդպիսի բաներ ա բնությունը անում։ Իսկ եթե դու բնության կորոնան ես, դու հաստատ պիտի կարողանաս անել։ 

Մի նախաձեռնություն կա սոցիալական հեռավորության հետ կապված, որը դիալոգի տեսքով է լինելու։ Օրինակ՝ ենթադրենք՝ ես ձեր պապն եմ, դուք ինձ ասում եք՝ «Պա՛պ, հեսա կգամ, ճաշ կեփեմ քեզ համար» կամ «Տա՛տ, իրիկունը կգամ, քեզ բան կբերեմ»։ Տատն էլ ասում է՝ «Ցավդ տանեմ, ավելի լավ ա՝ դու իմ ArCa համակարգով փոխանցումն արա, ես կպատվիրեմ՝ կբերեն»։ 

Սա սմարթ տատիկների ու պապիկների՝ իրենց պաշտպանությունն ապահովելու ստրատեգիայի մասին։ Տարբեր բաներ ենք փորձում անել։ Որոշ բաներ դրված են առողջապահության նախարարության կայքում։ Օրինակ՝ ձեռնոցը շատ ավելի կարևոր է, քան դիմակ կապելը, կամ ձեռքով չբարևելը, վերելակի կոճակներին կամ դռան բռնակներին չդիպչելը։ 

Հիմա փորձելու ենք նման բաների ուշադրություն դարձնել։ Միայն թե մեթոդներն է պետք հորինել՝ ինչպես լինեն կարված՝ Ֆեյսբուքո՞ւմ, որովհետև մարդիկ հիմա Ֆեյսբուքում են, արտաքին գովազդո՞ւմ, որովհետև աշխատողները, միևնույն է՝ դուրս են գալիս և այդ անակնկալ պաստառները գուցե նկարեն և տեղադրեն սոցիալական ցանցերում, օնլայն-օֆլայն պտույտը կիրականացվի։ 

Դրա նման մի բան են այս ժպիտները։ Այն ժպիտները, որոնք ծնվեցին օֆլայնում, որովհետև օֆլայն են նկարվում, ոչ թե օնլայն, տեղադրվում են Ֆեյսբուքում, որտեղից էլ մենք կընտրենք և կտեղադրենք օֆլայնում, այսինքն՝ իրական կյանքում։ Կյանքից էլի կնկարեն և կտեղադրեն սոցիալական ցանցեր։ Այսպիսով՝ կստացվի ժպիտների շրջապտույտ։

Մանե Հարությունյան

MediaLab.am

#Antares_needs_your_smiles

#Անտարեսը_ժպիտ_է_հավաքում