Չհավատալով` ընտրությունների չեն գնում. Ադիբեկյանը կոչ է անում չափումներ անել «նուրբ մշակման գործիքներով»

Չհավատալով` ընտրությունների չեն գնում. Ադիբեկյանը կոչ է անում չափումներ անել «նուրբ մշակման գործիքներով»
Չհավատալով` ընտրությունների չեն գնում. Ադիբեկյանը կոչ է անում չափումներ անել «նուրբ մշակման գործիքներով»

Հայաստանում, ըստ սոցիոլոգիական հարցումների, ընտրողների 70 տոկոսը մտադիր է մասնակցել ընտրությունների, որից 40 տոկոսն ակնկալում է լուրջ խախտումներով ընտրություններ:

ՀՀ տարածքում 1650 չափահաս բնակչության շրջանում «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ արդար և համեմատաբար արդար ընտրություններ ակնկալողները կազմում են 17 տոկոս:

Թեթև խախտումներով ընտրություններ ակնկալողները կազմում են 36 տոկոս, իսկ ՀՀ բնակչության 25-35 տոկոսը չի հետաքրքրվում ընտրություններով:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ պետք է նուրբ մշակման գործիքների միջոցով պարզել, թե արդար ընտրություններ չակնկալողների մեջ ի՞նչ խմբեր կան:

Իսկ ԱՄՆ ազգային ինստիտուտի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ընտրողների միայն 12 տոկոսն է հավատում արդար ընտրությունների անցկացմանը:

Սոցիոլոգ Ադիբեկյանը վրդովված ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ավելի վաղ արված հայտարարությունից, թե ինչպես կարելի է նման հարցումների արդյունքով գնալ ընտրությունների, նա նշում է, որ այդ հարցումները չեն անցկացվել նուրբ մշակման գործիքներով:

«Ստացվում է, որ մեր բնակչությունը, չհավատալով ընտրություններին, գնում է ընտրության: Մենք գիտակից ազգ ենք, և սա շատ վիրավորական է հայ ազգի նկատմամբ: Եթե չափումներդ նուրբ չեն, նման կոպիտ եզրակացություն չես կարող անել»,- ասում է նա:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն` ընտրություններին մասնակցել տատանվողների 30 տոկոսին ընտրախցիկի մոտ կարող է բերել լավ քարոզարշավը (13 տոկոս), լավ եղանակը (5 տոկոս), անձնական հարցի լուծումը, հատուկ վերաբերմունքն ու լավ վճարը (10 տոկոս):

«Կան մարդիկ, որոնք տարեց են, տրանսպորտի խնդիր ունեն և չեն կարող գնալ ընտրությունների: Եղանակի խնդիր կա, կանանց տնային զբաղվածության, ինչպես նաև հաշմանդամների, որոնք սովորաբար չեն գնում ընտրությունների»,- ասում է Ադիբեկյանը:

Նրա խոսքով` քարոզարշավի ընթացքում ներկայացված թվերը կփոփոխվեն, քանի որ շատերին ընտրախցիկների մոտ է բերում լավ քարոզարշավը, իսկ նյութական ակնկալիքներ ունեցողները կազմում են 10 տոկոսը:

«Ավելի լուրջ խնդիր են ներկայացնում ժամանակավոր գրանցումները: Մարդկանց հանում են գրանցումից, տանում ուրիշ տեղամաս և մարդը, չիմանալով դրա մասին, գնում-տեսնում է` անուն-ազգանունը ջնջված»,- նշում է Ադիբեկյանը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուր

© Medialab.am