«Մեկ շաբաթ վարակի հետ նույն տանն ենք ապրել»․ Սոնա Պետրոսյանը Մարալիկից` մեկուսարան

Մարալիկ քաղաքում բնակվող 38-ամյա Սոնա Պետրոսյանը 12-րդ օրն է՝ երեխաների հետ մեկուսացվել է Գյումրու «Գյումրի» հյուրանոցում, քանի որ սկեսուրի և ամուսնու կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Երկու օրից թեստի կրկնակի բացասական լինելու դեպքում բոլորը դուրս կգրվեն, Սոնան երեխաների հետ՝ մեկուսարանից, ամուսինն ու սկեսուրը՝ ինֆեկցիոն հիվանդանոցից:

Սոնա Պետրոսյանը պատմում է, որ ամուսինը վարակվել է սկեսուրից, սկեսուրն էլ՝ Մարալիկի առողջության կենտրոնում աշխատելու ժամանակ, իսկ ինքն ու երեխաները վարակված չեն՝ ըստ մինչև այժմ եղած թեստի արդյունքների:

«Կեսուրս աշխատում էր Մարալիկի առողջության կենտրոնում, Մարալիկի առողջության կենտրոնում սկզբնական շրջանում մեկ հոգի կար վարակված, դրանից հետո իր հետ շփվածներին թեստավորեցին, 20-ից 9-ինը պարզվեց դրական, դրանից հետո ամբողջ հիվանդանոցում կատարեցին թեստավորում՝ քույրերի, սանիտարների, բժիշկների մեջ, 60 հոգու, որից 8-ը, պարզվեց, դրական պատասխան ստացան, որից մեկը իմ կեսուրն էր»,- ասում է նա:

Պետրոսյանը նշում է, որ մինչև սկեսուրի թեստի պատասխան գալն արդեն ամուսինը սկսել է ջերմել, ունեցել է հազ, շնչառական խնդիր, օդը չի բավականացրել: «Արդեն համոզված էինք, որ մինչև կեսրոջս թեստի պատասխանը ստանալը իր թեստն էլ է դրական գալու»,- ասում է նա:

Պատմում է, որ հիվանդանոցի աշխատողները, որոնց մոտ վիրուսի հաստատում է եղել, ունեցել են ջերմություն, ինքնազգացողության վատացում. «Բայց բոլորը մտածել էին, որ հիվանդանոցի ջեռուցումն անջատել էին, իրենք  մրսել են ու դրա համար թեթև գրիպ են տանում: Երբ առաջին սանիտարը դիմել էր բուժհաստատություն, և նրա թեստը դրական էր եղել, դրանից հետո սկսեցին թեստավորել»:

Պետրոսյանն ասում է, որ ընտանիքում վեց հոգով են ապրում, ճիշտ է՝ տունը մեծ է, բայց ընդհանուր առմամբ մեկ շաբաթ վարակի հետ նույն տանն են ապրել. «Բայց ես և երեխաներս չենք վարակվել, ըստ առաջին թեստի արդյունքների, ինձ թվում է՝ որոշ օրգանիզմներ կան՝ չեն ընդունում վարակը, մտածում եմ՝ ինչպե՞ս կարող էր ամուսինս տանը երեք օր ջերմություն ունենար, մենք ապրեինք նույն սենյակում, նույն տան մեջ, օրգանիզմս չվերցներ»: 

Սոնա Պետրոսյանն ասում է, որ մեկուսացման առաջին օրերը հոգեբանորեն բավական ծանր էր տանում, սակայն բուժաշխատողներն օգնել են իրենց զրույցներով և խորհուրդներով. «Սկզբնական շրջանում որ եկա, շատ վատ հոգեբանական վիճակում էի, բուժքույրերն ինձ ասում էին՝ ինչի՞ց եք վախենում, նրանք շատ հանգստացրեցին, ասացին՝ մի վախեցեք, կարող է 37.1 ջերմություն ունենաք, որը կարող է վախից, սթրեսից ջերմություն լինի, ասեցին, որ երեկ-առաջին օրը 60 հոգի մեկուսարանից դուրս են գրել, բոլորն էլ ունեցել են սթրեսային ջերմություն: Ես մի քիչ հանգստացա և հասկացա, որ ճիշտ էին ասում մեր առաջին թեստերի բացասական պատասխանը գալուց հետո»:

Մեկուսարանի պայմաններից գոհ է, միակ խնդիրը, որ նշում է, ինտերնետի հասանելիությունն է, երեխաները չեն կարողացել այս օրերին Զումով դասերին մասնակցել:

«Ես իմ երեխաների հետ մի սենյակում ենք, 4 տեղանոց սենյակ է, պայմանները լավ են, օրական մեզ երեք անգամ սնունդ են տալիս: Հիգիենայի պարագաները, ինչ անհրաժեշտ է՝ առաջարկում են, օրական երկու անգամ ջերմաչափում են: Պայմաններից գոհ ենք: Երկու շաբաթ երեխաները դասից բացակայեցին: Տանը օգտվում էին, բայց էստեղ տասներորդ օրն է՝ կապ չունենք»,- նշում է նա:

Նկարը՝ մեկուսարանից


Ասում է, որ երեխաների համար դժվար է, քանի որ սեփական տանն ու ազատությանն են սովորել, սենյակում հիմա տարբեր խաղեր են խաղում. «Տնից խաղեր են բերել. միասին խաղում են, տղաս սպորտով է զբաղվում, սպորտի պարագաներ բերել է այստեղ, զբաղվում է»: 

Սոնան հույս ունի, որ երկու օրից թեստի կրկնակի բացասական արդյունքից հետո տուն կգնան: Խորհուրդ է տալիս մարդկանց հետևել կանոններին՝ դուրս գան ձեռնոցով և դիմակով, մտածել ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանիքի, կողքի գտնվող մարդկանց, աշխատակիցների մասին:

Նա ընդգծում է, որ Հայաստանում վարակի առաջին դեպքի իմանալուց հետո շատ զգուշություն է պահպանել, խանութ է գնացել ձեռնոցով և դիմակով, օգտագործել ալկոգել և անգամ դրանով բակը մաքրել, որպեսզի վիրուսը ոչ մի կերպ տուն չմտնի: «Բայց սա ցույց տվեց, որ վարակը միայն մեկից չի կախված, դրա համար բոլորը պետք է հետևեն, որ վարակը չտարածվի»,- ընդգծում է նա:

Արփինե Արզումանյան

MediaLab.am