Նախկին պաշտոնյաների ապօրինի գույքի բռնագանձման ցանկացած գործընթաց պետք է լինի թափանցիկ, որպեսզի հարցեր չմնան. Իրավապաշտպաններ

Նախկին պաշտոնյաների ապօրինի գույքի բռնագանձման ցանկացած գործընթաց, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, պետք է լինի թափանցիկ, որպեսզի երկիմաստ ու անպատասխան մնացած  հարցեր չմնան։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին ու հարուցված քրեական գործին։

Ըստ Սաքունցի՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով, բայց պետք է լինի նաև համակարգային մոտեցում։

«Այսինքն՝ Գագիկ Խաչատրյանը ընտանեկան կլաններից մեկն է, բայց նախկին ամբողջ կոռուպցիոն համակարգը բաղկացած է եղել տարբեր ընտանեկան կլաններից՝ նախկին նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի գլխավորությամբ։ Հիմա, եթե գնում են առանձին կլանների կողմից ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը հետ վերադարձնելու ճանապարհով, մեկ այլ մեխանիզմ է, բայց եթե համակարգային չես մոտենում հարցին՝ որպես կազմակերպված հանցավորության, դա խնդիրներ է առաջացնում»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին նրա որդիների միջոցով տրվել է առանձնապես խոշոր չափերի` 22.401.000 դոլար կաշառք։

ԱԱԾ հաղորդագրությանը հաջորդեց Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը, որում մասնավորապես նշվում է, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի, այդ թվում՝ հանդիպումների ժամանակ, պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։

«Ավելին, որպես պահանջի մաս ներկայացվել է մեր մյուս կարևոր գործունեության՝ հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերության օտարումը ևս։ Ապօրինությունների բաղկացուցիչ մասն է կազմել բոլոր գույքերի, այդ թվում նաև՝ ընկերություններում բաժնեմասերի վրա դրված անօրինական կալանքը։ 

Սպառնալիքները հասել են ընդհուպ մինչև այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինենք համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինությունները և տեղեկացնում, որ ճնշումների, սադրանքների, պետական որոշ լծակների ոչ իրավաչափ կիրառման միջոցով իրականացվող ճնշումներին տեղի չենք տալու»,- նշվում էր նրա հայտարարությունում։

Գագիկ Խաչատրյանի որդուն պատասխանեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, ում տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ՀՀ Կառավարության ունեցած տվյալներով՝ Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն:

«Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը: Ինչ վերաբերում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ Կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել, և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, Կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաև այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում»,- նշվում է հայտարարությունում։

Ըստ վարչապետի խոսնակի հայտարարության՝ Կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: «Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռք բերելով»,- նշել էր Մանե Գևորգյանը:

Արթուր Սաքունցի խոսքով՝ պարզելու համար՝ իրոք ճնշումներ եղե՞լ են Գագիկ Խաչատրյանի ընտանիքի նկատմամբ, թե ոչ, ինչպես նրա որդին է պնդում, պետք է քննություն իրականացվի։ Այդ տեղեկությունը քննությունը պետք է հաստատի։ «Ընդհանուր է ասվում, որ ճնշում է եղել, բայց ում կողմից է եղել, ում կողմից են պահանջներ ներկայացվել, այսօրվա իշխանության ներկայացուցիչներից ում կողմից են ապօրինություն թույլ տրվել՝ պարզ չէ։ Բայց մյուս կողմից էլ, երբ վարչապետի մամլո խոսնակն է հայտարարություններ անում, պետք է դարձյալ կոնկրետ փաստերով նշի կամ գործողությունները պետք է նկարագրվեն»,- ասում է Սսքունցը։

Իրավապաշտպանի խոսքով ՝ընդհանրապես սա ուղերձ պետք է լինի նախկին իշխանության ներկայացուցիչների համար, որ իրենք իրենց նախաձեռնությամբ իրենց եկամուտների օրինականությունը հիմնավորող փաստեր ներկայացնեն հանրությանը։ «Այնպես չէ, որ եթե բռնված չեն, ուրեմն գող չեն, այդ տրամաբանությունը չպետք է գործի։ Հանրային վստահության տեսանկյունից հենց իրենք պետք է շահագրգիռ լինեն ու ներկայացնեն անհրաժեշտ հիմնավորումներ։ Բայց քանի որ պաշտոնատար անձանց մասին է խոսքը, իրենց պաշտոնական եկամուտների ու փաստացի ունեցվածի միջև ահռելի տարբերությունը այլ ենթադրություն, քան այն, որ դրանք ձեռք են բերվել կոռուպցիոն մեխանիզմներով, չի թողնում։ Բայց մյուս կողմից էլ դրանք հատվածային կոռուպցիոն մեխանիզմներ չեն եղել, սա կազմակերպված քրեական բանդա է եղել, որը ղեկավարել է պետությունը»,- հավելում է Արթուր Սաքունցը։ 

Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով՝ իր համար սկզբունքային է այն, որ ՀՀ-ում քրեաօլիգարխիկ որևէ համակարգի և դրա ներկայացուցիչների ողնաշարը պետք է կոտրել մինչև վերջ։ Դա պետք է արվի դատարանի ուժի մեջ մտած վճռով, և հատվածական մոտեցում չպետք է ցուցաբերվի։

«Հայաստանում պետք է վերականգնվի օրինականությունը, և քրեաօլիգարխիկ համակարգի մաս կազմող ցանկացած ներկայացուցչի բոլոր արարքներին պետք է տրվի իրավասու դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով գնահատական։ Միայն դատարանը կարող է անձին ճանաչել մեղավոր՝ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված արարքի կատարման մեջ և նրան ենթարկել քրեական պատասխանատվության»,- «Մեդիալաբին» ասում է Նորայր Նորիկյանը։

Ըստ փաստաբանի՝ մյուս հարցն այն է, թե ինչո՞ւ է հիմա միայն Գագիկ Խաչատրյանը, բա մնացածնե՞րը։

«Ես կարող եմ ասել, որ ոչ ոք այս խնդրով չպետք է անձեռնմխելի լինի։ Ես չգիտեմ՝ Գագիկ Խաչատրյանի տակ ինչ կա թաքնված, դրանց պատասխանը պետք է տրվի, բայց որևէ մեկը չպետք է հույս ունենա, որ արդարադատության ձեռքը կարող է իրեն չհասնել։ Երբ խոսքը 20 կամ 22 մլն դոլար կաշառք տալու մասին է, մոտավորապես պատկերացնո՞ւմ եք դա ինչ գումար է»,- հավելում է նա։

Հետևաբար, Նորայր Նորիկյանի խոսքով, այդ համակարգի ճարտարապետները պետք է ենթարկվեն պատասխանատվության, և այդ գումարները պետք է վերադարձվեն ՀՀ ժողովրդին։

MediaLab.am