«Դատավորներն այսօր էլ իրենց նախկին կապերն օգտագործում են, իսկ ԲԴԽ-ն իրենց կոռումպացված հովանավորն է». Տիգրան Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը

– Պարո՛ն Հայրապետյան, Դատական նոր օրենսգրքով դատավորների համատարած վեթինգ չի իրականացվելու, քանի որ, արդարադատության նախարարի հայտարարության համաձայն, դրա համար պետք է սահմանադրական փոփոխություններ արվեն։ Ի՞նչ ակնկալել այդ գործընթացից։

Եթե վեթինգ պետք է անի Բարձրագույն դատական խորհուրդը, ավելի լավ է ոչ մեկը ոչ մի բան չանի, որովհետև ԲԴԽ-ն ամենաանտանելի կազմն ունի։ Այսինքն՝ եթե վեթինգ պետք է արվի, առաջինը իրենք պետք է վեթինգի ենթարկվեն։

Եթե ԲԴԽ անդամ դատավորների կենսագրությունն առանձին-առանձին նայենք, կտեսնենք, որ երկար տարիներ կոռումպացված համակարգում աշխատած մարդիկ չեն կարող դա իրականացնել։ Բացի դա, վեթինգը նոր լծակ է լինելու, որ ԲԴԽ-ն փորձի դատավորների վրա ազդել։

Այսինքն՝ վեթինգի արդյունքում, ես վստահ եմ, այն ավելի փորձառու դատավորները, որոնք մինչև վերջ աղավաղել են դատական համակարգը, անցնելու են։ Այսինքն՝ սա ոչ թե վեթինգ է, այլ բոլոր դատավորներին ԲԴԽ-ի թրի տակով անցկացնելու գործընթաց է։ 

Վեթինգն այդպես չպետք է լինի, վեթինգի շրջանակներում առաջին հերթին դատական ակտերի բովանդակությունը պետք է նայվի, պետք է լինի արդար իրավաբանների խումբ, որն ամեն դատավորի վերջին տարիների «կուրյոզ» դատական ակտերը կհրապարակի։

Եվ դա պետք է լինի հրապարակային, որ բոլորը տեսնեն, թե նույն դատավորը նույն իրավիճակի վերաբերյալ ինչքան տարբեր դատական ակտեր է կայացրել։ Նույն Բարձրագույն դատական խորհրդի կազմում դատավոր կա, որ միևնույն իրավիճակի վերաբերյալ 20 տարբեր դատական ակտեր է կայացրել։ Եվ այդ դատավորը վերջին 15 տարվա ընթացքում օրենսգիրք չի կարդացել։ Հիմա այդ դատավորը ո՞նց պետք է վեթինգ իրականացնի։ Դրա համար ավելի լավ է, որևէ բան չանեն։ 

Արդարադատության նախարարը հայտարարեց, որ նոր ընդունվող դատավորների բարեվարքության ստուգում է լինելու, իսկ գործող դատավորների դեպքում հայտարարագրերի ստուգում է իրականացվելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Արդյոք որքանո՞վ է հնարավոր առողջացնել այդ համակարգը նման մեթոդով։

Գուցե այս իրավիճակում ամենալավ ճանապարհն այն է, որ դատական համակարգին ընդհանրապես չկպնեն։ Իրենք չպետք է պարտադիր մի բան անեն ու փորձեն հասարակությանը հաճոյանալ։ Եթե պետք է ոչ մի բան չանել, ավելի լավ է ոչ մի բան չանեն։ Լավ, հիմա ասել են, բայց եթե դա վտանգավոր գործընթաց է, պետք է ուղղակի բացատրել հասարակությանը, ասել՝ ոնց գցում-բռնում ենք, բոլոր փորձագետներն ասում են, որ իրավիճակն ավելի է վատանալու։

Բայց որպեսզի հասկանան, թե դատական համակարգում ինչ է պետք անել, պետք է դատական համակարգի փորձառու անձանց հարցնել։ Իսկ այդ համակարգի փորձառու անձինք են համարվում փաստաբանները, առաջինը պետք է Փաստաբանների պալատի եզրակացություն լինի։

Գործընթացին պետք է երկար տարիների փորձ ունեցող փաստաբաններ ներգրավվեն, պետք է ներգրավվեն փորձառու դատավորներ, որոնք տարբեր ձևերով փորձել են արդար դատական ակտ կայացնել, բայց համակարգը թույլ չի տվել։ Պետք է նաև արտասահմանյան փորձն ուսումնասիրեն, պետք է նաև մասնագետներ ներգրավվեն դատախազական համակարգից, որոնք ներկայումս իշխանության մաս չեն կազմում։

Այսինքն՝ մի մասնագիտական խումբ պետք է ձևավորվի, որում նաև գիտնականներ պետք է ներգրավվեն, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքն էլ պետք է հաշվի առնել, որովհետև շատ գործերով ՄԻԵԴ-ը գնահատականներ է տվել, թե ո՛ր դեպքում է դատարանն անկախ, որ դեպքում՝ կողմնակալ, և ի՛նչ պետք է արվի։

Գոնե առաջինը պետք է հասկանալ, թե ոնց է աշխատել այդ դատական համակարգը, պետք է հասկանալ, թե հիմա ոնց է աշխատում։ Պետք է շատ լուրջ վերլուծություններ արվեն, հետո նոր քայլեր ձեռնարկվեն։ Դրա համար, իմ կարծիքով, պետք է ուղղակի խիզախություն ունենալ և ասել՝ պետք չէ շտապել, մենք նորից ենք ուսումնասիրում։ 

Իսկ այն, ինչ ուզում են անել, որ ԲԴԽ-ն պետք է կարգապահական վարույթներ հարուցի, տույժ ու տուգանքներ կիրառի, ցանկացած դատավորի նկատմամբ, որի գործերն ուսումնասիրեն, 20 կարգապահական վարույթ կհարուցեն միայն ժամկետների առումով, որովհետև բոլոր դատավորները խիստ ծանրաբեռնված են։ Եթե դատավորը նորմայից 20 անգամ շատ գործ ունի, հետևաբար որոշ գործերի քննություն ձգձգվում է։ Իսկ եթե դատավորն ուզում է ավելի արդար որոշում կայացնել, իրեն ավելի երկար ժամանակ է պետք։ Իսկ այդ երկար ժամանակը հենց կարգապահական պատասխանատվության առիթ է լինելու։

Այսինքն ՝ ամենալավ դատավորին ավելի շատ կարող են կարգապահական պատասխանատվության ենթարկել։ Սա գործից չհասկանալու կամ շտապողականության հետևանք է։ Ես խորհուրդ կտայի որևէ բան չձեռնարկել, հավաքել այն անձանց, որոնք գիտեն, թե համակարգն ինչ թուլություններ ունի, որոնք են ազդում իրենց վրա։

– Այսօր ևս դատական համակարգի վրա ազդող անձինք կա՞ն։

– Այո՛, այսօր նորից նույն դատավորներն իրենց նույն կապերը փորձում են օգտագործել, իհարկե, ավելի զգույշ։ Եթե նախկինում կոռուպցիայի առումով հովանավորչություն կար, հիմա շատ զգույշ են, արդեն միայն ծանոթներին են վստահում, նույն գործելաոճով գնում են առաջ՝ շատ լավ հասկանալով, որ իրենց որևէ բան չի սպառնում։ Եվ Բարձրագույն դատական խորհուրդն էլ իրենց կոռումպացված հովանավորն է։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am