«Մարդիկ, որոնք պնդում են՝ եկեք բոլորս վարակվենք, պատրա՞ստ են ունենալ տասնյակ հազարավոր մահվան դեպքեր և հաշմանդամ դարձած մարդիկ». վարակաբան

Լուսանկարը՝ www.Mediamax.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է  ՀԳԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վարակաբան Հովակիմ Զաքարյանը

– Պարո՛ն Զաքարյան, վերջին օրերին կորոնավիրուսի օրական գրանցված դեպքերի թիվն ավելանում է, ինչի՞ հետևանք է սա։

– Սա վիրուսի արագ տարածման հետևանք է։ Եթե վիրուսը տարածվում է, բնականաբար, ինչ-որ ժամանակ դեպքերն ավելի կշատանան, մինչև կհասնի մի վիճակի, երբ կլինի դեպքերի առավելագույն քանակ։ Հետո աստիճանաբար կսկսի նվազել։ Այսինքն՝ այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, այն շարունակելու է տարածվել, որովհետև եղած միջոցառումները շատ վատ կազմակերպվեցին։ Եվ ի հետևանք ունենք այն, ինչ տեսնում ենք։

– Հնարավո՞ր է, որ վիրուսի տարածումն այնքան արագ լինի, որ առողջապահական համակարգը չհասցնի սպասարկել մարդկանց։

– Այո՛, կարող է ծանրաբեռնվածությունն այնքան մեծ լինել, որ այլևս հնարավոր չլինի սպասարկել բոլոր հիվանդներին։

– Կառավարությունը մտադիր է արտակարգ դրության ժամկետը երկարաձգել, բայց միաժամանակ թուլացվում են սահմանափակումները։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլերը, և ի՞նչ պետք է անել հիվանդության տարածումը կանխելու համար։

– Դա ամենաանտրամաբանական բանն է։ Եթե հենց դեպքերն ավելանալու պատճառով է արտակարգ դրության ժամկետը երկարացվում, ապա պետք է է՛լ ավելի խստացնել միջոցառումները, արտակարգ դրության պայմանները։ Եթե դա չի արվում, այդ դեպքում անիմաստ են նաև արտակարգ դրության ժամկետը երկարացնելը և դրան զուգահեռ թուլացման քայլեր անելը։ 

Իրար հակասող ու անտրամաբանական քայլեր են։ Եթե արտակարգ դրության երկարացման նպատակն է հասնել նրան, որ դեպքերի քանակն սկսի նվազել, ապա դրան հասնելու համար պետք է է՛լ ավելի խստացնել արտակարգ դրության պայմանները, ոչ թե թուլացնել, բայց թղթի վրա ունենալ արտակարգ դրություն։

Առջևում ամառ է, եղանակի տաքացումը կարո՞ղ է նշանակություն այս վիրուսի համար։

– Դա կարող է դեր խաղալ կամ ոչ։ Սկզբում սպասումներն այնպիսիք էին, որ մարդիկ, այդ թվում՝ ես, կարծում էին, որ եղանակի տաքացմանը զուգահեռ համաճարակի բռնկումը կսկսի նվազել։ Այդ սպասումները հիմնված էին նաև այն բանի վրա, որ շատ ուրիշ սուր շնչառական վարակներ ցուրտ ու չոր եղանակին են իրենց լավ զգում։ Բայց մենք հիմա տեսնում ենք, որ առայժմ նվազման լուրջ միտում կա միայն այն երկրներում, որոնք շատ խիստ կարանտինային միջոցառումներ են իրականացրել, բայց եղանակի հետ կապված չեն եղել նվազման միտումներ։ Միգուցեև նվազի եղանակի կտրուկ տաքացման պարագայում, բայց հստակություն չկա։ 

– Կառավարությունը կանխատեսում է, որ դեռ մեկ տարի ապրելու ենք այս վիրուսի հետ, այսինքն՝ անիմաստ են համարում մեկ տարի սահմանափակումներ կիրառել, վնաս հասցնել տնտեսությանը։

– Իհարկե, դրա համար պետք են նոր կանոններ, մոտեցումներ ու չափորոշիչներ։ Եթե երկիրն աստիճանաբար բացվում է, ապա այդ աստիճանաբար բացվելը պետք է լինի ոչ թե նախկին կյանքին վերադառնալու ձևով, այլ որոշակի փոփոխություններ մտցնելով մեր առօրյայի մեջ, որոնք պարտադրված փոփոխություններ են։ 

Եթե մարդիկ վերադառնում են աշխատանքի, պետք է աշխատանքի վայրում նոր սանիտարական կանոններ լինեն, այդ կանոններին պետք է հետևեն բոլորը։ Մի բան է կանոնները սահմանել թղթի վրա, մեկ այլ բան է անել ամեն ինչ, որ դրանք կիրառվեն։

Կառավարության պաշտոնյաների կողմից հասարակության իրազեկման լայն աշխատանքներ են իրականացվում, բայց մարդկանց մոտ կարծես արմատացած չէ այդ կանոնները պահպանելու մշակույթը։ 

– Իրազեկումը պարտադիր քայլ է, բայց իրազեկմանը զուգահեռ պետք է ունենաս գործիքակազմ, որպեսզի հետևես, որ բոլոր իրազեկված մարդիկ պահպանեն այդ կանոնները։ 

Եթե դու իրազեկում ես, որ պետք է, օրինակ՝ փակ տարածքում դիմակ կրել, բայց մյուս կողմից՝ չես ապահովում, որ բոլորը խանութում դիմակով լինեն, այդ դեպքում այդ իրազեկումն ինչ-որ մարդկանց համար արժեքավոր է, մարդիկ հետևում են այդ կանոններին։ 

Բայց միշտ կգտնվեն մարդիկ, որոնք ուղղակի այդ իրազեկմանը չեն հավատա ու չեն հետևի, իսկ նրանք մեծամասնություն են։ Սա բնորոշ է բոլոր երկրներին, ոչ միայն հայերին։ 

Եթե դու նոր կանոններ ես սահմանում, ուրեմն պետք է ամեն ինչ անես, որ ապահովվի կանոնների իրագործումը։ Եթե կանոններին չեն հետևում, միջոցառումները ոչ մի արդյունք չեն ունենա։

Դուք ի՞նչ կարծիք ունեք այն մասնագիտական այն տեսակետի մասին, որ բնական իմունիտետ կձևավորվի այն դեպքում, երբ մեծ թվով մարդիկ վարակվեն այս վիրուսով։

– Դա շատ լավ կարծիք է, բայց այստեղ կա հարցի երկրորդ կողմը՝ այս վիրուսի պատճառով մահացության տոկոսը բավական բարձր է։ Այսինքն՝ մենք հիմա գործ ունենք մի վարակի հետ, որի մահացությունը միջինը 4-5 տոկոս է, որոշ երկրներում՝ նույնիսկ ավելի բարձր։ Հետևաբար, պատկերացրեք, եթե մեր երկրում, օրինակ՝ 500 հազար մարդ վարակվի և ապացուցված լինի, որ այդքան մարդ վարակվել է, ինչքան բարձր կարող է լինել մահվան դեպքերի քանակը, որքան մարդիկ կարող են լուրջ առողջական խնդիրներ ունենալ։ Սա է ամենակարևոր հարցը։ Դեռևս շատ քիչ է ուսումնասիրված, թե մարդիկ առողջանալուց հետո, հատկապես նրանք, ովքեր լուրջ թոքաբորբ են տանում, որքան ժամանակ են շարունակում լուրջ առողջական խնդիրներ ունենալ։ 

Մարդիկ այս վիրուսով վարակվելուց ու բուժվելուց հետո հիվանդանոցից դուրս են գրվում, բայց շարունակում են դեռևս լուրջ առողջական խնդիրներ ունենալ։ 

Այսինքն՝ այս ամենը հաշվարկ է։ Այն մարդիկ, որոնք պնդում են՝ եկեք բոլորս վարակվենք, պատրա՞ստ են ունենալ տասնյակ հազարավոր մահվան դեպքեր և այդքան էլ հաշմանդամ դարձած մարդիկ։ Այսինքն՝ դա և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ հոգեբանական լուրջ բեռ կարող է դառնալ փոքր երկրի համար։

Բայց հավանական է, չէ՞, այն տարբերակը, որ այսօր Հայաստանում ավելի շատ մարդ է վարակված կորոնավիրուսով, քան պաշտոնական թվերն են։

– Ոչ թե հավանական է, այլ դա ամբողջ աշխարհում է այդպես։ Որոշակի թեստերի քանակով գիտեն, թե որքան մարդու մոտ է վիրուսը հաստատված բայց բնական է, որ վիրուս ունեցող մարդկանց թիվն ավելի մեծ է, քան այն, ինչ գրանցվում է։ Գրանցվող գրիպի դեպքերն էլ են ավելի շատ, քան իրականում հաստատվում է։

Ասածս հետևյալն է՝ պոպուլյացիոն իմունիտետը շատ լավ ու գործող տարբերակ է, եթե մենք գործ ունենք շատ փոքր մահացության տոկոս ունեցող հիվանդության հետ։ Բայց այս վիրուսից մահանում է վարակվածների 5 տոկոսը, իսկ սովորական գրիպից՝ ընդամենը 0,2-0,3 տոկոսը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am