ՍԴ խնդրի լուծումը չափազանց կարևոր է, և խորհրդարանը կարող է օրենքով իրեն տրված իրավասությունը իրագործել և խնդիրը լուծել. Կարապետ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Կարապետ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգվեց։ Տեսակետ կա, թե այն երկարաձգեցին՝ այս փուլում սահմանադրական հանրաքվեից խուսափելու համար։ Եթե մեկ ամսից արտակարգ դրությունը հանվի, նո՞ր կարող ենք մտածել սահմանադրական հանրաքվեի մասին։

– Քանի դեռ արտակարգ դրության ժամկետը չի լրացել, չենք կարող հանրաքվե անցկացնել։

– Եթե մեկ ամսից նորից երկարաձգվեց, ստացվում է՝ մենք այս տարի սահմանադրական հանրաքվե չե՞նք անցկացնի։

– Եթե արտակարգ դրությունը շարունակելու անհրաժեշտությունը մնա, իրավաբանորեն արտակարգ դրության ժամանակ հնարավոր չի լինի հանրաքվե անցկացնել, բայց արտակարգ դրությունն էլ ինքնանպատակ չէ, շատ կարևոր խնդրի լուծմանն է ուղղված։

Մարդկանց առողջության պաշտպանությունը պետության կարևորագույն գործառույթներից է։ Այնպես որ, այսօր կա շատ ավելի հրատապ խնդիրներ լուծելու անհրաժեշտություն, իսկ հանրաքվեն, ոչինչ, կսպասի։

– Ռուսաստանը հեռավար քվեարկության օրինագիծն ընդունեց։ Որքանո՞վ սա կարող է արդյունավետ լինել Հայաստանի համար, եթե մենք էլ որոշենք այս ճանապարհով գնալ։

– Սա լուրջ օրենսդրական նախաձեռնություն է պահանջում, լուրջ փոփոխություններ օրենքներում, որպեսզի նման հնարավորություն ստեղծվի՝ էլեկտրոնային կամ փոստային եղանակով մարդկանց քվեարկության հնարավորություն տալու համար։ Սա մի քանի օրում լուծվող հարց չէ, տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում շատ երկար ժամանակ, ռեսուրսներ են պետք նման օրինագիծ մշակելու և ընդունելու համար։ Լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։

– Արդյոք լուրջ չէ՞, որ այսքան երկարաձգվեց ՍԴ խնդրի լուծումը։ Խորհրդարանն արդյոք այս խնդրին չի՞ կարող այս փուլում լուծում տալ։

– Որևէ մեկը խորհրդարանը չի զրկել այդ խնդրին լուծում տալու իր իրավունքից, այնպես որ, խորհրդարանն իր հայեցողությամբ պետք է որոշի՝ խնդրին նման լուծում տալի՞ս է, թե՞ ոչ։ Իրավաբանորեն այդպիսի հնարավորությունից խորհրդարանին որևէ մեկը չի զրկել, քանի որ Սահմանադրության դրույթները կարող են փոխվել խորհրդարանի միջոցով։ Եվ այս տարբերակն էլ կա։

– Խորհրդարանը Սահմանադրության 213-րդ հոդվածի մասով կարող էր փոփոխություն իրականացնել, ա՞յս տարբերակը նկատի ունեք։

– Նույնը, ինչ դրվում է հանրաքվեի՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը, կարող է արվել խորհրդարանում, խոսքը նույն հոդվածի մասին է, որով էլ առաջացել էր անորոշությունը ՍԴ անդամ դատավորների տարբերությունների, պաշտոնավարման տևողության հետ կապված։

Այս բոլոր խնդիրները, որ ստեղծել է 213-րդ հոդվածը, ձևակերպման փոփոխությամբ կարող է լուծվել, այդ նույնը կարող են անել միանգամից՝ առանց հանրաքվեի, ԱԺ-ն այդ իրավունքն ունի։

– Հիմա ավելի արդյունավետ չի՞ լինի խորհրդարանով այդ խնդիրը լուծել՝ չթողնելով ՍԴ խնդիրը բախտի քմահաճույքին։

– ՍԴ խնդրի լուծումը չափազանց կարևոր է, և ես շատ ուրախ կլինեմ, եթե խորհրդարանն ինքը օրենքով իրեն տրված իրավասությունը իրագործի, փոփոխություն անի և խնդիրը լուծի։

Այնպես որ, սա էլ պակաս հրատապ չէ, քան համավարակի դեմ պայքարը, և քանի դեռ մենք չունենք Սահմանադրության համապատասխան կազմով ՍԴ, չենք կարող խոսել Հայաստանում ժողովրդավարության լիակատար առկայության և զարգացման հիմքերի մասին, որովհետև ՍԴ դերը շատ կարևոր է բոլոր տեսակի ընտրական գործընթացների վերահսկողության, վիճելիության առումով և այլն, այսինքն՝ ՍԴ-ն առանցքային դեր ունի, և եթե այն աշխատող չէ այնպես, ինչպես Սահմանադրությամբ է նախատեսված, ապա այդ խնդիրը տարածվելու է ամբողջ պետության վրա։

– Իշխանությունն ասում է, որ, այո՛, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարելի անցկացնել, քանի դեռ համավարակը չի վերացել, և իրենք ուղիներ են փնտրում։ Եվ այս համատեքստում արդարադատության նախարարը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ իշխանությունը գնում է խորհրդարանով ճգնաժամը հանգուցալուծելու ճանապարհով։

– Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ հարցեր է արդարադատության նախարարն ուղղել՝ խորհրդատվություն ստանալու համար։ Ամեն դեպքում ես ուրախ կլինեմ, եթե շատ արագ այս հարցը խորհրդարանում լուծվի։

Հարցերը վերաբերում են 2015 թ. Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձևավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման շրջանակների սահմանմանը, ինչպես նաև նախապես նշանակված և համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը։

– Ես չէի ուզենա մտածել, որ Հայաստանում մեր պետական մարմինները, իրավաբանները չեն կարող այդ հարցերին պատասխաններ տալ և անպայման պետք է առաջնորդվեն ինչ-որ միջազգային խորհրդատվական կազմակերպության խորհրդով։

Եվ այսքան շատ դիմելը, իմ կարծիքով, նսեմացնում է մեր ինքնիշխանությունը և ինքնուրույն գործելու ունակությունները կասկածի տակ է դնում, որովհետև ամեն հարցի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալ իհարկե կարելի է, բայց մի քիչ չափազանցվում է նրանց կարևորությունը մեր կյանքում։

Հիմա եթե հանձնաժողովը կարծիք տվեց, որ չի կարելի, իսկ մեզ մոտ ժողովրդավարության զարգացումը թելադրում է նման փոփոխություններ, մենք ի՞նչ պետք է անենք։ Այս դեպքում մենք ունենք անհրաժեշտություն և հրատապություն ՍԴ հարցը լուծելու, և ես չեմ կարծում, որ կարիք կար դիմել և ստանալ հանձնաժողովի խորհուրդը։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am