Ընդդեմ խտրականության՝ հանուն հավասար իրավունքների

Ընդդեմ խտրականության՝ հանուն հավասար իրավունքների
Ընդդեմ խտրականության՝ հանուն հավասար իրավունքների

Parliamentmonitoring.am- Արժեքների համաշխարհային հետազոտությամբ (World Value Survey Database 2010-2014) պարզվել է, որ Հայաստանում այլ մարդկանց նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի միջին մակարդակը 56.3 % է: : Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ մեր հայրենակիցներն առավել անհանդուրժող են նույնասեռականների (92.7%), ՁԻԱՀ ունեցողների (76.9%) և այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների (56.6%) նկատմամբ: Անհանդուրժողականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ 37 % է:

2014 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը։ Փաստաթղթի 8-րդ կետը սահմանում է, որ Արդարադատության նախարարությունը պետք է ուսումնասիրի ՀՀ օրենսդրության համապատասխանությունը խտրականության արգելմանը վերաբերող միջազգային իրավական նորմերին, ինչպես նաև քննարկի «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու նպատակահարմարությունը։

Խնդրի շուրջ քննարկումները Հայաստանում շարունակվում են, սակայն դեռ որոշակիացված չեն լուծման տարբերակները՝ մշակե՞լ առանձին նորմատիվ ակտ, թե՞ տարբեր ոլորտներում օրենսդրական փոփոխություններ իրականացնել։ «Այս հարցում ժամկետներ դժվար է նշել, բայց կարծում եմ՝ 2015թ-ը կլինի այն ժամանակահատվածը, որ այս հարցերի վերաբերյալ որոշակիություն կունենանք»,-թեմային առնչվող հանրային քննարկումներից մեկի ժամանակ ասել էր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ հավելելով, որ Հայաստանն այս ոլորտը դիտարկում է որպես եվրոպական գործընկերների հետ համագործակցության կարևոր դաշտ:

Հայաստանը վավերացրել է այս ոլորտում ընդունված միջազգային իրավական փաստաթղթերի մեծ մասը, ստորագրել է մարդու իրավունքների ավելի քան 50 միջազգային կոնվենցիա, այդ թվում` բոլոր հիմնարար կոնվենցիաները: Այս բոլոր փաստաթղթերը ամրագրել ու կարևորել են խտրականության բացառումը՝ որպես իրավական սկզբունք, իսկ դրանց միացած պետությունները հանձնառություն են ստանձնել համապատասխանեցնել ներքին օրենսդրությունն այդ պահանջներին ու բացառել խտրականության դրսևորումները հասարակական հարաբերություններում, ինչպես նաև խոցելի խմբերի նկատմամբ: 

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 26-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է. «Բոլորը հավասար են օրենքի առջև և ունեն հավասար պաշտպանվածության իրավունք` առանց որևէ խտրականության։ Oրենքով պետք է արգելվի ցանկացած խտրականություն և բոլորի համար երաշխավորվի հավասար ու արդյունավետ պաշտպանություն խտրականությունից այնպիսի հիմքերով, ինչպիսիք են ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքը, ազգային կամ սոցիալական ծագումը, գույքային դրությունը, ծնունդը կամ այլ կարգավիճակը»:

Խտրականության բացառումը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ (հոդվ. 14.1), ինչպես նաև` ավելի քան 40 օրենսդրական ակտերի առանձին դրույթներով (Աշխատանքային, Քրեական, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր և այլն)։ Հայաստանյան օրենսդրական դաշտում այս պահին գործում է միայն մեկ օրենք, որն ուղղակիորեն վերաբերում է խտրականության բացառմանը՝ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին» օրենքը: Այն, սակայն, կարգավորում է խտրականության բացառման ողջ տիրույթի ընդամենը մեկ՝ գենդերային ոլորտը։ 

Մասնագետները կարծում են, որ խտրականության արգելքի ամրագրումը Սահմանադրությամբ և օրենքներով չի կարող բավարար համարվել խտրականությունը բացառելու համար: Ըստ նրանց՝ թեև ՀՀ տարբեր օրենսդրական ակտերում գոյություն ունեն խտրականությունն արգելող իրավանորմեր, սակայն դրանք հիմնականում սահմանում են խտրականության բացառման ամենահայտնի հիմքերը (սեռ, տարիք, ռասա, հայացքներ, և այլն) ու որևէ իրավանորմ չի սահմանում դրանցից օգտվելու մեխանիզմներ։ Արդյունքում, նշված նորմերը կիրառվում են դեկլարատիվ կերպով, իսկ խտրականության բացառման մի քանի հիմքերի՝ օրենքով սահմանված լինելը հնարավորություն չի տալիս արդյունավետ պայքարել խտրականության դրսևորումների դեմ: 

Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները, իրավապաշտպանները շարունակում են պնդել, որ Հայաստանում լայն տարածում ունեն հասարակական և ինստիտուցիոնալ խտրականությունը, անհանդուրժողականությունն ու ոտնձգությունները, ստեղծված չէ պաշտպանության համապարփակ շրջանակ:

Նվարդ Մարգարյան, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ. «ՀՀ-ում խտրականության դրսևորումների կարելի է հանդիպել գրեթե ամենուր, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում ենթարկվել է այս կամ այն տեսակի խտրականության, սակայն դեպքը չի որակվել «խտրականություն»` եզրույթի և հասկացության մասին ոչ լիարժեք պատկերացումների, գիտելիքների բացակայության պատճառով: Խտրականությունը դրսևորվում է թե´ անհատական, թե´ խմբային և թե´ ինստիտուցիոնալ մակարդակներում: Բոլոր դրսևորումներն էլ մտահոգիչ են, սակայն առավել մտահոգիչ է, որ խտրականությունը խրախուսվում է պետական մակարդակով, առանձին շրջանակների կողմից, որը երկրում ստեղծում է անպատժելիության մթնոլորտ»:

Փորձագետը համոզված է, որ խտրական դրսևորումների արգելքի լավագույն հիմքը համապատասխան օրենքի առկայությունն է: 
Առանձին օրենքի ընդունման անհրաժեշտությունը նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում Հայաստանին ուղղված հանձնարարականներից է: ՀՀ կառավարությունը մինչև 2015թ. հունիս ամիսը պետք է որոշի՝ արդյոք ի թիվս այլ հարցերի վերոնշյալ հանձնարարականն ընդունո՞ւմ է որպես պարտավորություն: 

Խտրականության դեմ պայքարի մասին առանձին օրենսդրություն ունենալու հարցը քննարկվում էր ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակում: Հարցը երկրորդ պլան մղվեց այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը:

«Հայաստանը դեռևս չունի խտրականության դեմ համապարփակ իրավական շրջանակ: Մարդու իրավունքների գործողություների ծրագրում միայն առաջակվում է գնահատել ՀՀ համապատասխան օրենսդրության համատեղելիությունը միջազգային օրենսդրությանը և կշռադատել խտրականության դեմ օրենսդրության ընդունման արժանիքները: Ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, թեև խտրականությունը և թշնամությունը շարունակվում են լինել հիմնական խնդիրները: Համատարած խտրականության արտահայտումներ են դիտվում նաև հաշմանդամների նկատմամբ տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների առումով», – նշված է Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության՝ 2014 թ․ ընթացքում գրանցած առաջընթացը գնահատող փաստաթղթում: 

Հատկանշական է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2013 թ. նախաձեռնել էր «Խտրականության դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի մշակում: Նախագիծը նպատակ ուներ խտրականության արգելքի մեխանիզմեր ստեղծել հատկապես աշխատանքային հարաբերությունների ոլորտում: «Օրինագիծը նախատեսում է կյանքի, աշխատանքի, անվտանգության և առողջության պաշտպանության ապահովումը կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչների, ընչազուրկների և բոլոր այն քաղաքացիների համար, որոնք հայտնվում են ծայրահեղ խոցելի վիճակում գործատուների կամ պետական մարմինների խտրական և անօրինական գործողությունների պատճառով». փորձագիտական մակարդակով մշակված նախագիծն այսպես էր բնորոշել օմբուդսմենը: Օրինագիծը նախնական քննարկումների փուլից այն կողմ չանցավ: 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան. «Մենք գիտեինք, որ կա խնդիր, որը կարգավորման կարիք ունի: Գրեցինք օրենքի նախագծի մի տարբերակ, որը հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ անձանց հետ քննարկվեց, ու այդքանով էլ գործընթացն ավարտվեց: Պաշտպանը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք չունի, բայց պատճառը դա չէր: Նախագծի հանդեպ կար հանրային հետաքրքրություն, սակայն պարզվեց, որ կան նաև հանրային վախեր, չափազանցված պատկերացումներ, որոնք նախագծի բովանդակության հետ կապ չունեին: 

Օրենքը յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ սեռից, տարիքից, մասնագիտությունից, քաղաքական հայացքներից, սոցիալական դիրքից, ֆիզիկական հնարավորություններից, թույլ կտար պաշտպանվել խտրականության դրսևորումներից: Մեր նպատակն էր գտնել օրենսդրական մեխանիզմ՝ ընդդեմ խտրականության: Նախագծում մարդկանց որևէ խումբ, սեռ չէր առանձնացվում, բայց որոշ մարդիկ սկսեցին մտածել, թե այդ օրենքը կարող է քայքայել հայոց ընտանիքը: Ենթադրություններ հնչեցին, թե այն կխարխլի երեխաների որդեգրման ավանդական ինստիտուտը, քանի որ օրենքը սահմանում էր հավասար իրավունքներ բոլորի համար: 

Եղած քննարկումներն ու ճշտումները մեզ համոզեցին, որ ովքեր գիտակցում էին, որ նախագիծը կապ չունի հանրային ֆոբիաների հետ, նույնիսկ նրանք արդեն որոշակի վախ ու անհանգստություն ունեն դրա հետ կապված: Արդյունքում, Կառավարության մեր այն գործընկերները, որոնք պետք է գնահատեին խնդրի կարևորությունը, այլևս հետաքրքրություն չդրսևորեցին նախագծի նկատմամբ, ու այն մնաց չմշակված վիճակում: Բայց նույնիսկ այս տեսքով այն կարող է լավ հիմք լինել, եթե Ազգային ժողովը կամ Կառավարությունը որոշեն աշխատել դրա վրա ու ավարտին հասցնեն գործընթացը»: 

Ըստ փորձագետների՝ խտրականության արգելքի մասին առանձին, ինքնուրույն օրենքի բացակայությունը հանգեցնում է նրան, որ քաղաքացիները բազմաթիվ իրավիճակներում զրկվում են արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներից։

ՀՀ օրենսդրական դաշտում խտրականություն հասկացության ձևակերպումը բացակայում է ՝ ասում է փաստաբան Արա Ղազարյանը, մինչդեռ հենց այդ սահմանումն է այն հիմնաքարը, որից սկսվում է իրավական պաշտպանության իրականացումը։ 

«Գոյություն ունեցող իրավանորմերը, որոնք ցրված են տարբեր օրենսդրական ակտերում, չեն կարող իրավական պաշտպանության արդյունավետ հնարավորություններ տրամադրել: Դրանց կիրառումը դեկլարատիվ բնույթ է կրում: Մինչդեռ հասարակական հարաբերություններում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք պահանջում են գործուն միջոցներ ձեռնարկել քաղաքացիներին խտրական վերաբերմունքից պաշտպանելու համար: Անհրաժեշտ է օգտվել միջազգային փորձից և նոր մոտեցումներ մշակել՝ հաշվի առնելով խտրականության առանձնահատկությունները»,- ասում է փորձագետը: 

Փաստաբաններ Արա Ղազարյանն ու Վահե Գրիգորյանը վերջերս իրավական հետազոտություն են իրականացրել, որում ուսումնասիրել են ՀՀ օրենսդրության մեջ խտրականության արգելմանն առնչվող խնդիրները, միջազգային փորձը, նաև կոնկրետ առաջարկություններ են ներկայացրել: 

Հեղինակների գնահատմամբ՝ պակաս կարևոր չէ նաև խտրականության բացառման դատավարական կողմը, որը նույնպես պաշտպանված չէ ներկա իրավակարգավորմամբ։ Իսկ օրենքի բացակայության առավել բացասական հետևանքներից է կարգավորվող մարմնի բացակայությունը։ Փորձը ցույց է տալիս, որ խտրականության բացառման ուղղությամբ ընդհանուր քաղաքականության մշակման հարցում առավել կարևոր դեր ունեն հավասարության մարմինները, քան տարբեր պետական գերատեսչական մարմինները և նույնիսկ դատարանները. հավասարության մարմիններն ավելի մատչելի են, նվազ ծախսատար, վարույթն իրականացվում է ավելի արագ, իսկ դատավարական ընթացակարգերը՝ պարզեցված։

Ուսումնասիրության հեղինակները եզրահանգել են, որ առկա իրավիճակն ընդհանուր առմամբ բարձրացնում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի խախտման մասին հարց, երբ իրավական կառուցակարգը քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոց չի հանդիսանում։

Հեղինակ` parliamentmonitoring.am