«Կեղծ լուրեր տարածող մարդկանց նպատակը հենց այդ է՝ ինչքան շատ զոհեր լինեն, այնքան ավելի շատ է ընկնելու իշխանության վարկանիշը». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը

– Պարոն Վարդանյան, այս փուլում ապատեղեկատվության տարածումը մեծ չափերի է հասել, վարչապետն Ազգային ժողովում հայտարարեց՝ հանձնարարել է, որ ձևավորվի խումբ, որը կուսումնասիրի այդ ապատեղեկատվության աղբյուրները, թե արդյոք այս հարցում օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունե՞ն, ովքե՞ր են ֆինանսավորում այդ շրջանակներին։ Ի՞նչ է կատարվում ձեր կարծիքով։ 

– Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, և այդ հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ կետերից մեկը կեղծ լուրեր տարածելն է, քաոս սփռելը, հասարակության մեջ հուսահատության զգացումներ սերմանելը։

Սա վաղուց է նկատվում, բարձրաձայնվել է քաղաքագետների ու մեկնաբանների կողմից և նոր երևույթ չէ։ Իշխանությունը նոր է սկսել հասկանալ, թե դա ինչ է իրենից ներկայացնում, կամ էլ գիտեր, բայց ուշադրություն չէր դարձնում։

Վարչապետի հայտարարությունից հասկացա, որ հանձնաժողով է ստեղծվելու՝ ուսումնասիրություններ իրականացնելու համար։

Սա դարձյալ անհասկանալի և անընդունելի է։ Եթե երկրի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ, ապա դրանով պետք է զբաղվի հատուկ մարմինը, տվյալ դեպքում՝ Ազգային անվտանգության ծառայությունը։

Հենց այդ կառույցը պետք է փնտրի, գտնի ապատեղեկատվություն տարածողներին և փորձի պարզել՝ նրանք կապվա՞ծ են այլ երկրների հատուկ ծառայությունների հետ, թե՞ ոչ։ Իմ խորին համոզմամբ՝ կապված են։ Զարմանալի է, թե ինչո՞ւ պետք է հանձնաժողովը զբաղվի դրանով, եթե ամբողջ աշխարհում դրա համար կան հատուկ ծառայություններ։

Ապատեղեկատվություն տարածող խմբերի գործունեության շրջանակը կարծես լայն է՝ սկսած նրանից, որ մարդկանց քարոզում են դիմակ չկրել, վերջացրած նրանով, որ, ինչպես վարչապետը պատմեց, տաքսիներում տեղեկություններ են տարածում, թե վարչապետն ու նրա ընտանիքի անդամները թանկարժեք գնումներ են կատարում։ Այսինքն՝ հասարակության մեջ կոնկրետ տրամադրություննե՞ր են փորձում ձևավորել։

– Նպատակները շատ պարզ են՝ հուսահատության զգացումի տարածում, որ հերթական անգամ Հայաստանում կոռումպացված իշխանություն է հաստատվել, որ այս իշխանությունը թալանչի է, փորձում է կեղեքել ժողովրդին, որ սրանք ոչնչով չեն տարբերվում նախկիններից։

Այսինքն՝ եթե կարճ ձևակերպենք, ապա նպատակն է հուսահատության մթնոլորտ ձևավորել հասարակության շրջանում։ Որոշ քաղաքական ուժեր կփորձեն այդ ամենի ֆոնին իշխանության գալ։

Հաշվի առնելով, որ սոցիալական լուրջ դժգոհություններ կան՝ կապված կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի հետ, հասարակության զգալի մասն օբյեկտիվորեն աղքատացել է, հնարավոր է, որ մարդիկ սկսեն վատ տրամադրվել իշխանության նկատմամբ։

Այդպիսի նախանշաններ արդեն կան, հասարակության մի հատվածն օբյեկտիվորեն արդեն վատ է տրամադրված իշխանության նկատմամբ։ Այն, որ մարդկանց ֆինանսական վիճակը վատացել է, ուզած թե չուզած նրանց զգալի մասը վատ է տրամադրվելու իշխանությունների դեմ։ Եվ այդ ֆոնին, գեներացնելով այդ հուսահատ տրամադրությունները, այդ ուժերը կփորձեն իշխանությունը վերցնել Նիկոլ Փաշինյանից։

Երբ դիմակ չկրելու կոչեր են արվում հանրությանը, նպատակը ո՞րն է, որ համավարակը տարածվի ու անվերահսկելի իրավիճա՞կ ստեղծվի երկրում։

– Նման տեղեկություններ տարածող մարդիկ հենց այդ նպատակն ունեն՝ ինչքան վատ լինի, այնքան լավ սկզբունքով են առաջնորդվում։ Այսինքն՝ ինչքան շատ զոհեր լինեն, այնքան ավելի շատ է ընկնելու իշխանության վարկանիշը։

Եվ միգուցե հենց այդ նպատակն էլ հետապնդում են։ Նման խմբերում միգուցե ոչ բոլորն են հասկանում, թե խաղն ինչի մասին է, միգուցե ոմանք, կապված լինելով որևէ խմբի հետ, սպասարկում են նրանց շահը՝ լավ չհասկանալով հետևանքները։ Ես չեմ հավատում, որ այդ բոլոր մարդիկ հասկանում են, թե ինչ են անում, միգուցե մեկ-երկուսն են հասկանում, մյուսները պարզապես խաղում են այլոց խաղը։

Իշխանությունն ինչպե՞ս պետք է դիմագրավի այս ամենին՝ խուսափելու համար ծանր հետևանքներից։

– Ես կարծում եմ, որ Ազգային ժողովն անելիք ունի օրենսդրական տեսանկյունից։ Սա ոչ թե իշխանության հարց է, այլ նախևառաջ՝ ազգային անվտանգության։

Այսօր ամբողջ աշխարհում սկսել են դրա դեմ լուրջ պայքարել, հայտարարություններ են տարածվել ՆԱՏՕ-ի, այլ կառույցների մակարդակով, որ կեղծ լուրերի, ապատեղեկատվության, ֆեյք նյուզի տարածումը շատ հաճախ ուղիղ սպառնալիք է պետությունների ազգային անվտանգությանը։

Օրինակ՝ Միքայել Մինասյանի հետ կապված անձը բացահայտ կեղծ տեղեկատվություն էր տարածել վարչապետի մասին։ Դրանից հետո փաստերի ստուգման հարթակը փաստերով ապացուցեց, որ վարչապետի ընտանիքին վերագրվող առանձնատունը ոչ թե Կանադայում, այլ ԱՄՆ-ում է գտնվում, պատկանում է ուրիշ անձնավորության։ Երբ այդ փաստերը հրապարակվեցին, դրանից հետո դարձյալ տեղեկությունը տարածողի ֆեյսբուքյան էջում շարունակում էր մնալ այդ լուրը, նա հեռացնում էր հակադարձող մեկնաբանությունները՝ թողնելով իր կեղծ տեղեկատվությունը։

Սա նշանակում է՝ ակնհայտ է, որ միտումնավոր կեղծ տեղեկատվություն է տարածվում, և սա առաջին դեպքը չէ։ Կրկնում եմ՝ սա միայն իշխանության հարցը չէ։ Մենք հիշում ենք, որ ամիսներ առաջ կեղծ տեղեկատվություն տարածվեց Իրանի մասով, թե իբր Հայաստանի վարչապետը ողջունել է Թրամփի գործողությունը իրանցի գեներալի նկատմամբ։ Եվ դա տարածվեց նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում։

Այսինքն՝ այդ ուժերի կողմից կեղծ տեղեկատվության տարածումն ազգային անվտանգության խնդիր է։ Եվ իշխանությունը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն դրա դեմն առնելու համար։ Եվ օրենսդրական կարգավորումների միջոցով պետք է քրեականացվի կեղծ տեղեկությունների տարածումը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am

«Բժիշկը» / Շարժվող ծաղրանկար

«Բժիշկը» / Շարժվող ծաղրանկարՄի՛ թույլ տուր, որ հիմարացնեն քեզ։ Խուսափի՛ր մարդաշատ վայրերից: Դիմակը կյանքեր է փրկում: #ինքնամեկուսացիր #մնատանը #ԿրիրԴիմակ#ՓրկիրԿյանքեր

Gepostet von MediaLab- Newsroom Laboratory am Mittwoch, 10. Juni 2020