«Օրական 1000 կամ 2000 թեստ անել 3 մլն բնակչություն ունեցող երկրում՝ շատ քիչ է, պետք է գոնե կարողանանք 5000 թեստ անել». Վիրուսաբան

Լուսանկարը՝ www.Mediamax.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը

– Պարո՛ն Զաքարյան, վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության թվերը կարծես նվազում են, կարո՞ղ ենք ասել, որ իրավիճակը կայունանում է, ի՞նչ փուլում ենք գտնվում։

– Դժվարանում եմ գնահատական տալ, որովհետև առկա տեղեկությունը բավարար չէ։ Մի քանի օրվա կտրվածքով թվերը բավարար չեն՝ հասկանալու համար, թե ինչ դինամիկա է մեզ սպասում, հատկապես եթե հաշվի առնենք, որ, օրինակ՝ երեկ ընդամենը 1100 թեստ է արվել։

Կարևոր է հասկանալ՝ հաստատված դեպքերի քիչ քանակը քիչ թեստերո՞վ է պայմանավորված, թե՞ թեստերի քանակը նույնն է, բայց հաստատված դեպքերի քանակն է նվազում։

Ընդ որում, այդ տատանումները մեզ մոտ ընդհանրապես սովորական են։ Եթե նայենք մեկ ամսվա կտրվածքով դեպքերին, անընդհատ տատանումներ են, և այդ տատանումները հիմնականում կապված են հենց թեստերի ոչ կայուն քանակի հետ, մենք, օրինակ՝ ամեն օր 2000 թեստ չենք անում, մի օր 1000 ենք անում, մյուս օրը՝ 2000։ Հետևաբար, վաղ է ինչ-որ գնահատական տալ։

Մահացության ցուցանիշն է կարծես վերջին շրջանում աճել, արդյոք հնարավո՞ր էր կանխել դա որոշ չափով։

– Չեմ կարող ասել՝ հնարավո՞ր էր կանխել, թե՞ ոչ, որովհետև ես համակարգի ներսում չեմ աշխատում։ Յուրաքանչյուր մահվան դեպք իր հետևում ունի ինչ-որ պատմություն, և դժվար է գնահատել՝ դա հնարավո՞ր էր կանխել, թե՞ ոչ, եթե բժշկական միջամտությունն ավելի շուտ արվեր կամ այլ կերպ արվեր։ Հայաստանի մահացության ցուցանիշներն առանձնապես չեն տարբերվում տարածաշրջանի մյուս երկրների մահացության ցուցանիշներից։

Վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին, որ իրավիճակի կայունացում կա, իսկ դա այն բանի շնորհիվ է, որ մարդիկ հետևել են հակահամաճարակային միջոցառումներին։ Դիմակ կրելը և մյուս միջոցառումները որքանո՞վ են ազդում իրավիճակի կայունացման վրա։

– Հակահամաճարակային կանոններին հետևելը միանշանակ իր արդյունքը պետք է տա։ Այսինքն՝ եթե երկրի բնակչությունն անխտիր հետևի այդ միջոցառումներին, աստիճանաբար դրա արդյունքները կերևան։ Բոլոր երկրները, որոնք հաղթահարեցին համաճարակային իրավիճակը, այդկերպ հաղթահարեցին։

Թե ինչ չափի կայունություն կա մեզ մոտ՝ դժվարանում եմ գնահատական տալ, որովհետև մի քանի օրվա կտրվածքը շատ քիչ է գնահատելու համար։ Թեստերի քանակից շատ բան է կախված։ Եթե վաղը թեստավորեն 500 հոգու, ու դրանից ընդամենը 100-ը դրական լինեն, դա չի նշանակում, որ մեզ մոտ թվերը նվազել են։

Այսինքն՝ վարակվածության իրական պատկերը հնարավոր չի՞ լինում պարզել, ինչքան շատ թեստ անեն, այնքան շա՞տ դեպքեր կարձանագրվեն։

– Ռեալ պատկերը ոչ մի երկրում չկա՝ կապ չունի՝ դա Հայաստանն է, թե ԱՄՆ-ը։ Ռեալ պատկեր միայն այն դեպքում է հնարավոր ունենալ, երբ ամբողջ բնակչությանը pcr (պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեստ կանեն, կտեսնեն՝ տվյալ պահին ով է վարակված, ով՝ չէ։

Բայց քանի որ դա չի արվում, ռեալ պատկերը երբեք չենք ունենա։ Եվ այս պարագայում մեզ համար շատ կարևոր մի հանգամանք կա՝ մեծ ուշադրություն պետք է դարձնել բժշկական դիագնոստիկային։ Ես տեսնում եմ, որ մեր ռեսուրսները շատ սահմանափակ են՝ թե՛ թեստերի քանակի, թե՛ թեստավորման հնարավորության առումով։

Օրական 1000 կամ 2000 թեստ անել 3 մլն բնակչություն ունեցող երկրում՝ շատ քիչ է։ Ամբողջ Եվրապայում մենք ամենաքիչ թեստեր արած երկրների ցուցակում ենք, թեև բնակչության թվաքանակով հիվանդացության բարձր ցուցանիշներ ունենք։ Ռեսուրսները պետք է մեծացնել, որպեսզի շատ թեստավորում իրականացվի։ Պետք է հասնել նրան, որ գոնե օրական կարողանանք 5000 թեստ անել։

– Արդեն կարծես պարզ է, որ շոգ եղանակը չի ազդում վիրուսի վրա, այդ դեպքում հիվանդացության նվազեցման ճանապարհը ո՞րն է։

– Այսօր կան երկրներ, որտեղ եղանակը ավելի տաք է, բայց համաճարակը շարունակվում է։ Այնպես որ, անիմաստ է հույսը դնել եղանակի վրա։ Պետք է շարունակել հետևել հակահամաճարակային կանոններին։ Որևէ կանխատեսում անել հնարավոր չէ։ Ամեն երկրում իրավիճակը շատ տարբեր է եղել, մարդկանց վարքագիծը ևս շատ տարբեր է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am