Ո՞ւմ համար էր հեղափոխությունը

Հեղափոխությունից հետո վարչապետը հայտարարեց, որ կադրային ջարդ չի լինելու, բոլորին պետք է տրվի շանս ապացուցելու, որ կարող են աշխատել նոր Հայաստանի դավանած արժեքներին համապատասխան:

Նորանշանակ ԱԱԾ տնօրենին ու ոստիկանության պետին ներկայացնելով էլ նկատեց, որ այդ ժամանակը սպառվել է, եկել է գնահատելու պահը:

Մինչ այդ, հավատարիմ ժամանակ տալու մոտեցմանը, նշանակվեցին Սերժ Սարգսյանի օրոք աշխատած, նույնիսկ՝ վերջինիս շատ մոտ գտնվող նախարարներ, նախկին ռեժիմին հլուհնազանդ մի քանի փոխնախարարներ դարձան նախարար, շատ փոխնախարարներ շարունակեցին պաշտոնավարել: 

Ընդ որում, «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ նախարարի և փոխնախարարի պաշտոնները քաղաքական են: Հասարակությունը սպասում էր, որ թիմի անդամ չհանդիսացող, հեղափոխությանը չմասնակցած (շատ դեպքերում՝ խանգարած), Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի թալանի և կողոպուտի ռեժիմի հետ համերաշխ համակերպված անձինք, որոնք այսօր բարձր քաղաքական պաշտոն են զբաղեցնում, առնվազն կհայտարարեն, որ հիմա կիսում են իշխանության եկած թիմի գաղափարախոսությունը, գիտակցում են, որ նշանակվել են քաղաքական պաշտոնի և քաղաքական պատասխանատվություն են կրում հեղափոխական թիմի հետ: 

Հիմա ժամանակն է հարց տալ. քաղաքական պաշտոն զբաղեցրածներից քանի՞սն են հրապարակային ողջունել հեղափոխությունը: Հարկ է պարզաբանել՝ խոսքը ոչ թե հազարավոր և իրենց գործը պատշաճ կատարող և իրենց տեղերում մնացած միջին մակարդակի չինովնիկների մասին է, այլ բարձրաստիճան՝ նախարարի կամ տեղակալի պաշտոն զբաղեցնողների:

Հեղափոխությունն այնքան շռայլ գտնվեց, որ նաև շանս տվեց Սերժ Սարգսյանի օդիոզ այլ կադրերի՝ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին, հաշվեքննիչ պալատի ղեկավար Լ. Յոլյանին, ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանին, մինչև վերջերս՝ Հ1-ի ղեկավար Մարգարիտա Գրիգորյանին: 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովներում նշանակվեցին-ընտրվեցին նախկինում տարբեր գերատեսչություններում հարմարավետ տեղավորված անձանց՝ նորանշանակ, հեղափոխության ալիքով եկած անդամները զբաղեցնում էին երկրորդական/ենթակա պաշտոններ:

Վարչապետը մի քանի անգամ է գնահատական տվել հնից մնացած կադրերին, և այդ գնահատականը վերջիններիս օգտին չէր: Իսկապես, անգամ անզեն աչքով է երևում, որ վերջիններիս եռանդն ու նվիրվածությունը համեմատության որևէ եզր չունեն իրական հեղափոխականների, իշխող կուսակցության լիդերների ու ներկայացուցիչների հետ: Մի պարզ օրինակով կտեսնենք, թե որքան շատ են կառչած հին բարքերին, սովորություններին Սերժ Սարգսյանի օրոք աշխատած՝ այսօր նախարար ու փոխնախարար դարձածները. հեղափոխական նախարարները, որպես իրենց տեղակալների թեկնածուներ առաջադրել են հիմնականում նոր սերնդի մարդկանց, այնինչ այն գերատեսչությունները, որոնք ղեկավարում են հնից եկածները, ոչ միայն փոխնախարարն են (կամ՝ գերատեսչության ղեկավարի տեղակալները) նախկին ռեժիմի ներկայացուցիչներ, այլև այդ գերատեսչությունները փակ են Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարող անձանց համար՝ ամիսներ շարունակ մարդիկ փորձում են վերականգնվել բռնապետական ռեժիմի օրոք նրանց ապօրինի պաշտոններից զրկված պաշտոնների, սակայն հանդիպում են լուռ և հետևողական դիմադրության:

Բարձրագույն քաղաքական պաշտոններում հների հարմարավետ տեղավորվելը, լռակյաց, իբր, ինտեգրումը հեղափոխական թիմին ունեն նաև ուշագրավ ներքաղաքական համատեքստ: 

Վարչապետն ու իր թիմը երկու տարի շարունակ գործում են նախկինների վերահսկողության տակ գտնվող մեդիառեսուրսների կատաղի հարձակումների ներքո: Այդ, այսպես կոչված լրատվամիջոցները նաև շռայլ կերպով հարթակ են տրամադրում պաշտոն չստացած նախկինների ներկայացուցիչներին՝ ամենախիստ, կոշտ, երբեմն հայհոյախառն քննադատության համար: 

Զօրուգիշեր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ենթակվում են ամենատարբեր քարոզչական հարձակումների: Թվում է, թե խոսքը ողջ կառավարության, իշխանության թիմի մասին է: Սակայն ուշադիր հայացքը հետաքրքիր երանգներ է բացում. նախկին ռեժիմի քարոզիչները տարբերակված մոտեցում ունեն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: 

Ամենակատաղի հարձակումները հասցեագրվում են վարչապետին, քաղաքական թիմի ներկայացուցիչ նախարարներին, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին: Ուշագրավ է, որ Սարգսյանի օրոք աշխատած՝ այժմ Փաշինյանի կառավարություն առաջին դեմքով տեղափոխված նախարար-գերատեսչության ղեկավարներին հակաքարոզչությունը «անտեսում» է:

Միքայել Մինասյանի, Թավադյանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները կարիք չունեն հարվածելու նրանց: Հնից մնացած նախարարներից և ոչ մեկը չի հայտարարել Փաշինյանի թիմի անդամ լինելու իր քաղաքական որոշման մասին, հրապարակային չի ասել, որ կիսում է հեղափոխության սկզբունքները, չի խոսում նախորդ ռեժիմի համատարած թալանի, ապօրինությունների մասին, չի քննադատում կեղծված ընտրությունները, ընտրովի դատավարությունները, համատարած կոռուպցիան, հետապնդումները: 

Առհասարակ, նրանց համար միևնույն է, թե ով է պետության ղեկավարը՝ նրանք այսօր էլ հարմարավետ տեղավորվել ու հանգիստ աշխատում են: Փաշինյանը, հակառակորդները քաջ գիտակցում են, որ ճգնաժամային պահերին այս մարդիկ իրենց պահելու են սովորական չինովնիկների պես, այնպես, ինչպես Ս. Սարգսյանի կաբինետից տեղափոխվեցին Փաշինյանի կառավարություն, նույնկերպ չեն կառչելու գաղափարական այս թիմից: Նրանց համար տարբերություն չկա, թե որտեղ կարող են լինել՝ Վանեցյանի, Օսիպյանի օրինակները մեր աչքի առաջ են:

Այս ամենը գիտեն Փաշինյանի հակառակորդները, դրանով է պայմանավորված այն, որ նրանք խնայում են այն մարդկանց, որոնք, ըստ իրենց պատկերացումների, պետք եղած ժամանակ կհայտնվեն հարմարվողի, պայքարից հեռու մնացողի դիրքերում: 

Հնից մնացածները չունեն ոչ մի շարժառիթ կռիվ տալու Փաշինյանի համար, նրանք ատամներով չեն պահելու, պաշտպանելու իրենց վարչապետին, հեղափոխությունը, նրանք իրենց համարում են «պրոֆեսիոնալներ», առանց որոնց Փաշինյանը, իբր, պարզապես չէր կարող հաջողել: 

Ոչ թե իրենք են պարտական հեղափոխությանը, այլ մարդիկ պետք է շնորհակալ լինեն այն բանի համար, որ նախկինները իրենց ոչ պակաս նախկինների փոխնախարարներով այսօր օգտվում են հանրային ռեսուրսներից: Դրանցից շատերը տառապում են կարոտախտով:

Այսպիսով ներքաղաքական պատկերը կարելի է նկարագրել հետևյալ կերպ.

Մի կողմից հեղափոխական թիմն է, որն ունի հասարակության և շատ փոքր թվով կուսակցությունների աջակցությունը: 

Մյուս կողմից՝ ահռելի ռեսուրսներով օգտվող հակառակորդների, նախկինների բանակը, որը հենվում է ոչ միայն լրատվական, ֆինանսական ռեսուրսների վրա, սնվում է այսօրվա դժվարություններից, այլև օգտվում է իշխանական թևի քաղաքական լղոզվածությունից: 

Եթե հակառակորդները տեսնեն, որ Փաշինյանի թիմը մեկ բռունցք է, նախարարներն ու փոխնախարարները քաղաքական թիմի անդամ են, հրապարակայնորեն կիսում են առաջնորդի մոտեցումները, նրանց գործողությունների արդյունավետությունը կտրուկ կնվազի: Իսկ այսօրվա պալիտրան մեծ հնարավորություն է ընձեռում տարբեր տեսակի շահարկումների, քաղաքական խաղերի համար, ինչից և օգտվում են նախկինները:

Այս կապակցությամբ, կարծում ենք, ճիշտ կլիներ, որ հեղափոխությամբ մերժված, Սերժի օրոք բարձր պաշտոն զբաղեցրած, իսկ այսօր նախարար և փոխնախարար, գերատեսչության ղեկավար նշանակվածները ոչ թե օտարերկրյա լրատվամիջոցներին և փակ դռների հետևում հայտարարեն իրենց քաղաքական կողմնորոշման մասին, այլ դա անեն հրապարակային, բարձրաձայն: 

Նաև նշեն, թե որքա՞ն հարազատ է նրանց համար քաղաքական մեծամասնության կողմից նախկիններին տված գնահատականը: 

Մեկ հռետորական հարց էլ մեր կողմից. արդյոք հեղափոխություն արած ժողովուրդը որևէ մանդատ տվե՞լ էր մինչ օրս քաղաքական պաշտոններ զբաղեցնող այդ՝ երկու-երեք տասնյակի հասնող մարդկանց:

Գեդեոն Անեցի

MediaLab.am