«Այս օրենքի նախագիծը կարծես ինչ-ինչ քաղաքական ամբիցիաներ բավարարելու համար է առաջ քաշվում». Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ մտահոգության հայտնելով ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Ի՞նչ ռիսկեր է պարունակում այս նախագիծը, որո՞նք են խնդրահարույց դրույթները։

– Նախ՝ նոր օրենքի նախագծով պահպանվում է արդեն իսկ իր դարն ապրած լիցենզավորման կարգը։

Պահպանվում է մրցույթների այն բարդ ընթացակարգը, որը շատ վաղուց արդեն վստահություն չի ներշնչում, և թվային դարաշրջանում ուղղակի անիմաստ է այդպիսի մրցույթներ անցկացնելը։

Երկրորդ խնդիրն այն է, որ, ցավոք, այս օրենքի նախագիծը, ինչպես և գործող օրենքը, բարենպաստ պայմաններ չի ստեղծում և չի խթանում, որ Հայաստանում ձևավորվեն մասնավոր հեռարձակման թվային ցանցեր։

Այսինքն՝ բոլոր հեռարձակողները կենտրոնանում են միակ հանրային թվային հեռարձակման ցանցում։ Իսկ մասնավորի համար փաստորեն դաշտ չի ստեղծվում։

Բացի այդ, այս նախագծով չի լուծվում այն 10 տեղական և մարզային սփռման հեռուստաընկերությունների հարցը, որոնք այս ոլորտում պետության անհեռատես քաղաքականության հետևանքով դուրս են մնացել թվայնացման գործընթացից։

Եվ, փաստորեն, նրանց համար պայմանները նույնն են մնում, ինչը նույնպես հիասթափության ու մտահոգության տեղիք է տալիս։

Մենք ասում ենք, որ այս օրենքի նախագիծը որևէ լուրջ խնդիր չի լուծում և կարծես ինչ-ինչ քաղաքական ամբիցիաներ բավարարելու համար է առաջ քաշվում։

– Այսինքն՝ քաղաքական ենթատե՞քստ կա։

– Այո՛, մտահոգություններ կան այդ առումով։ Երևի թե ակնկալիքներ կան, որ սրանով կստացվի «մաքրել» եթերը։ Համենայնդեպս, օրենքի հեղինակներն ասում են, որ դրանով «մաքրելու» են հեռուստաեթերը, գռեհկաբանություն չի լինելու և այլն, բայց ես հակված եմ մտածելու, որ այս օրենքը ոչինչ չի փոխի։

Եվս մեկ լուրջ  մտահոգության առարկան այն է, որ սա դեռ լավ քննարկված ու իր լավագույն մակարդակին հասցված օրենքի նախագիծ չէ։ Շատ հաճախ են հանդիպում բացթողումներ, շտկումների կարիք կա։ Այսինքն՝ տեքստը դեռ հում է երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար։

Եվ մենք հեղինակներին ասում ենք՝ եթե դուք համոզված եք, որ լավ օրենք եք գրել, ուրեմն եկեք տանք միջազգային փորձաքննության՝ Եվրոպայի խորհուրդ և ԵԱՀԿ։

Ի՞նչ խնդիր կլուծի միջազգային փորձաքննությունը, արդյոք դա միջազգային փորձի ներդրման հնարավորությո՞ւն էլ կտա։

– Ոչ միայն միջազգային փորձն է խնդիրը, այլև առհասարակ, երբ օրենքները տրվում են Եվրոպայի խորհրդի փորձագիտական եզրակացություն ստանալու, դա արվում է այն նպատակով, որ օրենքը համապատասխանի միջազգային չափանիշներին, և ոլորտը զարգացնելու բոլոր հնարավորություններն օգտագործվեն։

Բայց ո՛չ Եվրոպայի խորհուրդ, ո՛չ ԵԱՀԿ այս օրենքի նախագիծը չուղարկվեց։ Դա նույնպես, կարծում եմ, խոսում է այն մասին, որ օրենքի հեղինակներն այնքան էլ համոզված չեն, որ իրենք կուռ օրենքի նախագիծ են մշակել։

Մասնագիտական հանրության կարծիքը որքանո՞վ է հաշվի առնվել։

–  Քննարկումներ եղել են ոլորտի մասնագետների հետ, մենք տասնյակ առաջարկություններ ենք ներկայացրել, և դրանց մեծ մասն ընդունվել է։

Բայց այստեղ խնդիրն այն է, որ բուն օրենքը կառուցված է շատ սխալ ու ոչ ժամանակակից հիմքերի վրա։ Եվ ինչքան էլ խմբագրում ես, միևնույն է՝ ժամանակակից չափանիշներին չի համապատասխանում։

Դրա համար ենք մենք ասում, որ լավ կլինի, որ փորձագիտական շրջանակներում շահառուների հետ միասին քննարկումներ կազմակերպվեն՝ ոլորտը զարգացնելու հայեցակարգ ստեղծելու և իսկապես նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխանող օրենքի նախագիծ գրելու համար։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am