«Սահմանադրության փոփոխություններից առաձնապես ակնկալիք չունեմ և չեմ կարծում, որ նորը որակական առումով ավելի լավն է լինելու». Վարդան Այվազյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը

– Պարո՛ն Այվազյան, նախօրեին ԱԺ նախագահը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ-ի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները: Հիմա սրան ի՞նչ է հաջորդելու, ՍԴ երեք դատավորների ընտրություն կկատարվի՞: 

– Այդ քայլերից հետո իրավասու մարմինները մեկ ամսվա ընթացքում ՍԴ դատավորի թեկնածու են առաջադրելու Ազգային ժողովին: Մեկական թեկնածուներ առաջադրելու են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորների ընտրությունը պետք է տեղի ունենա պատգամավորների 3/5-ով, փակ, գաղտնի քվեարկությամբ: 

– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ ՀՀ նախագահը չստորագրեց օրենքը, և ԱԺ նախագահն ստորագրեց: Սա կարո՞ղ ենք աննախադեպ համարել, որ ՀՀ նախագահը չստորագրի, սակայն ՍԴ էլ չդիմի:

– ՀՀ նախագահը չստորագրելու համար տարբեր հիմնավորումներ էր ներկայացնում, մասնավորապես, օրինակ՝ օրենքը չի հակասում Սահմանադրությանը, բայց այս պահին չպետք է ընդունվի:

2015-ից առաջ գործող Սահմանադրությամբ նախագահն իրավունք ուներ առարկություններով ու առաջարկություններով նախագիծը հետ ուղարկել Ազգային ժողով: 2015-ի Սահմանադրությամբ նա այդ իրավունքը չունի, կամ պետք է ստորագրի, կամ դիմի ՍԴ: 

Բոլոր դեպքերում նախագահի վետոյի իրավունքը 2015-ի Սահմանադրությամբ խեղաթյուրված է, և, ըստ էության, նախագահը չի կարող ինքնուրույն ոչ մի հարց լուծել: Ահա թե ինչու այս անտրամաբանական վիճակն է առաջացել: 

Այսինքն՝ 2015 թվականին նախագահի ինստիտուտը Սահմանադրությամբ լրիվ խեղաթյուրեցին և իմաստազրկեցին: Նախագահին բնորոշ շատ-շատ գործառույթներ ու լիազորություններ չկային, որ պետք է լինեին: Դրա համար այսպիսի անտրամաբանական, աննախադեպ իրավիճակ է առաջացել: 

Հույս ունենանք, որ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում նման փակուղային իրավիճակները լուծում կստանան: 

– ՀՀ նախագահը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը անդրադարձել էր հենց ՍԴ դատավորների ընտրությանը՝ նշելով, որ ճիշտ կլինի, որ ՀՀ նախագահը ոչ թե ԱԺ-ին ներկայացնի ՍԴ երեք դատավորի թեկնածուների, այլ հենց ինքը նշանակի նրանց: Ինչպե՞ս եք գնահատում սա:

– Նա ճիշտ է ասում: Որպեսզի իշխանությունների բաժանման հավասարակշռությունն ապահովվի, պետք է ՍԴ ինը անդամներից երեքին նշանակի նախագահը, երեքին՝ Ազգային ժողովը, և երեքին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: 

Իսկ հիմա այս մարմինները թեկնածուներին ներկայացնում են Ազգային ժողով՝ ընտրվելու համար: Փաստացի, եթե իշխող քաղաքական մեծամասնության հետ չհամաձայնեցնեն, ապա նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած ոչ մի թեկնածու չի ընտրվի ԱԺ-ի կողմից:

Մենք նման փորձ տեսանք, երբ Վահե Գրիգորյանի թեկնածությունից առաջ նախագահը երկու արժանավոր թեկնածուների առաջադրեց, բայց ԱԺ-ն ուղղակի չհաստատեց 3/5-ով: Այնպես որ, նախագահի առաջարկը տրամաբանական է: 

– Ընդհանրապես Սահմանադրության փոփոխություններից ի՛նչ ակնկալիք ունեք՝ հաշվի առնելով, որ հայտարարվում է, որ կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու: Միաժամանակ վարչապետը հայտարարել է, որ այնպիսի փաստաթուղթ պետք է լինի, որի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի վստահություն կունենա:

– Ես Սահմանադրության փոփոխություններից առաձնապես որևէ ակնկալիք չունեմ և չեմ կարծում, որ նոր Սահմանադրությունը որակական առումով ավելի լավն է լինելու, քան գործող Սահմանադրությունը: 

Իսկ նման եզրահանգման ինձ բերում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի առկա կազմը: Ես գտնում եմ, որ իրենց ունակությամբ նրանք չեն կարող գրել այն Սահմանադրությունը, որն անհրաժեշտ է մեր երկրին:

– Ինչո՞ւ ունեք կասկածներ:

– Ենթադրենք՝ ծանրամարտում քեզնից պահանջվում է բարձրացնել 400 կգ քաշ, բայց դու փաստացի կարող ես բարձրացնել 50-100 կգ: 

Սահմանադրության փոփոխության համար ակադեմիական մտքի էլիտան պետք է ներգրավված լիներ: Չեմ ուզում անուններ տալ, բայց եթե ջահելները պետք է երկրի համար Սահմանադրություն գրեն, ուրեմն, ողբամ զքեզ, հայ ժողովուրդ: 

Մանե Հարությունյան

MediaLab.am