«Ի՞նչ հետախուզում, ես էս երկրում եմ. փող եմ պարտք, պտի տամ, չեմ կարա տամ՝ գույքը կվեկալեն». Առաքել Մովսիսյան (Շմայս)

Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ հուլիսի 1-ին սնանկության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի և նրա գույքի նկատմամբ։

Բանն այն է, որ ՀՀ բանկերից մեկը դիմել է սնանկության դատարան և հարկադիր սնանկացման է տանում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին: Նախկին պատգամավորը բանկին պարտք է, որը անցնում է 5 միլիոնի շեմը ,և չի կարողացել վճարել, ինչի համար էլ բանկը դիմել է դատարան:

Դատարանը ծանուցումներ է ուղարկել Առաքել Մովսիսյանին, տրամադրելով 15-օրյա ժամկետ՝ իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները վերադարձվել են դատարան` առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով` «Չպահանջված»: Դրանից հետո դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարել պարտապանի և նրա գույքի նկատմամբ:

Այս առնչությամբ «Մեդիալաբը» զրուցել է հետախուզման մեջ գտնվող Առաքել Մովսիսյանի հետ:

– Պարո՛ն Մովսիսյան, հետախուզում է հայտարարվել ձեր նկատմամբ, ձեր գույքի նկատմամբ: Ի՞նչ է կատարվում, և դուք ինչպես եք գնահատում ստեղծված իրավիճակը:

– Ես ձեզնից եմ լսում, ես էս երկրում եմ: Դե, հիմա գույք ա, բանկի տակ ա, ի՞նչ անենք: Փող եմ պարտք, պտի տամ, չեմ կարա տամ՝ գույքը կվեկալեն:

– Ինչո՞ւ է կուտակվել այդ պարտքը, որ հիմա բանը հասել է սնանկության:

– Շուկա եմ սարքել, ջերմոց եմ սարքել, բայց չի աշխատել: Էս 3 տարի է, որ տոկոս չեմ տվել:

– Նախկինում ավելի լա՞վ էին ձեր գործերը, հիմա վատ են:

– Երբեք էլ լավ չեն եղել, միշտ էլ սենց ա եղել, ուղղակի վարկ ենք վեկալել, սարքել ենք, չի աշխատել: Հիմա էլ հետ կտանք իրանց: Երբեք չեն թողել, որ իմ գործերը լավ լինեն:

Արել եմ գյուղացիների համար, իմ ժողովրդի համար, իմ ժամանակով իմ սահմանների համար, սահմաններս պինդ ա եղել, ժողովուրդն իրան պինդ ա զգացել, էդ է լավ եղել: Ես իմ համար չեմ արել, իրանց համար եմ արել:

-Երբ պատգամավոր էիք, անձեռնմխելի էիք, այն ժամանակ ավելի լավ չէ՞ր:

-Լսի, պատգամավոր բան անող չկա, չի էլ եղել: Ես զինվորական եմ եղել, հետո եմ դարձել պատգամավոր իմ ժողովրդի խնդրանքով, իմ ախպոր մահվանից հետո:

Թե չէ պատգամավորը ոչնչություն ա: Ինձ համար պատգամավոր լինելը եղած, թե չեղած, հասկանո՞ւմ եք: Դրանով դու մարդ չես կարա համարվես: Պիտի մեջիցդ լինի:

-Հիմա ի՞նչ քայլերի եք դիմելու, երբ ձեր նկատմամբ հետախուզում է հայտարարված:

-Ի՞նչ հետախուզում, փաստաբան ունենք, բան ունենք, օրինական ճանապարհով կեթանք, կպայքարենք, կտենանք՝ ոնց ա լինում: Բանկից փողեր ենք վերցրել, պետք է վերադարձնենք, չէ՞:

Գույքս կվաճառեմ կամ մեկից կվեկալեմ: Բանկն էդքան միամիտ չի, որ 100 հազար տալու տեղը մի 300 հազար չվերցնի: 300 հազարի կվերցնի, 100 հազար կտա: Իրենց գույքն ապահովված է, իրենք կարան իրենց գույքով իրենց փողերը փակվեն:

– Հեղափոխությունից հետո ինչպե՞ս է իրավիճակը բիզնեսի ոլորտում:

– Ես ընդհանրապես հեղաշրջումից առաջ էլ բիզնես չեմ ունեցել, չեմ էլ ունենալու:

– Այս ընտրություններին ո՞ւմ էիք աջակցում:

– Ես մի ճանապարհ ունեմ ու էդ ճանապարհից երբեք չեմ շեղվելու:

Մանե Հարությունյան

MediaLab.am