«Ռուսական իշխանության մի մասի և այդ իշխանության մոտ կանգնած հայկական որոշ մեծամեծների անձնական շահը ևս տեսնում եմ նման իրավիճակում». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

– Պարոն Պապյան, վերջին օրերին Ռուսաստանում հայերի դեմ արշավ է սկսվել ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանցիներին պատկանող առևտրի կենտրոններում արգելում են հայկական մթերքը վաճառել, նաև ծեծկտուք են հրահրում ադրբեջանցիները։ Որտեղի՞ց են հրահրվում այս սադրանքները։

– Ես ուզում եմ հիշեցնել, որ հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար շատ ավելի կատաղի ու երկարատև բախումներ են եղել։ Եվ երբևէ նման դրսևորումներ չեն եղել ոչ ապրիլյան քառօրյայի ժամանակ, ոչ էլ Ղարաբաղյան պատերազմի։ 

Այստեղ ակնհայտ է, որ կան եթե ոչ կազմակերպիչներ, ապա հրահրողներ։ Որոշ լուրերի համաձայն՝ անգամ կազմակերպիչներ կան, և սա դիտավորյալ է արվում։

Ադրբեջանցիները մի շարք նպատակներ ունեն։ Նրանք Ռուսաստանի իշխանություններին անընդհատ ասում են, որ այս ամբողջը չլուծված ղարաբաղյան հակամարտության հետևանք է։ 

Այսինքն՝ ասում են՝ եկեք լուծեք այդ հարցը, եթե չեք ուզում, որ սա տեղափոխվի նաև ձեր երկիր։ Նման սպառնալիքներ պարբերաբար եղել են, և հիմա էլ ասում են՝ սա չպետք է առանձին վերցնել, սա հետևանքն է, պետք է պատճառը լուծել։ Դա իրենց արևելյան խորամանկությունն է, բայց ես չեմ կարծում, որ ռուսները դրան կտրվեն։ 

Ռուսները, եթե ուզենան, շատ դաժան կճնշեն այդ ամենը, որովհետև այստեղ մի քանի հոդվածով հանցագործություն է կատարվում՝ սկսած ազգային հողի վրա ատելության հրահրումից մինչև ֆիզիկական ծեծ ու ջարդ։ 

Այսինքն՝ եթե Ռուսաստանն ուզում է, որ սա չշարունակվի, կտրուկ ու հստակ գործողություններ պետք է անի։

Առաջիկայում մենք կհասկանանք Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքը։ Արդեն, ըստ տեղեկությունների, 50 ադրբեջանցի և 20 հայ է ձերբակալվել։ 

Գոնե մամուլի մակարդակով մեկնաբանությունները հուսադրող չեն, որովհետև սա ներկայացվում է որպես ներհամայնքային ընդհարում, որ հայերն ու ադրբեջանցիներն իրար ծեծել են։ Այնինչ իրականությունն այն է, որ ադրբեջանցիներն են հարձակվել հայերի վրա։

– Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զգոն լինելու ու սադրանքներին չտրվելու կոչ է անում հայերին՝ հայտարարելով, որ Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ աշխատանք տարվում է։ Ի՞նչ քայլեր պետք է անի մեր դիվանագիտությունն այս պայմաներում, արդյոք քայլերը բավարա՞ր են։

– Նրանք ուղղակիորեն ոչինչ չեն կարող անել, քանի որ գործում են տեղական իշխանությունների միջոցով։ Եվ կարծես թե երկու ուղղությամբ են գործում։ 

Մի ուղղությունն այն է, որ ռուսական պետական կառույցներին են դիմում ու խնդրում, պահանջում, որ քայլեր ձեռնարկեն, այսինքն՝ զսպեն, սաստեն, կանխեն։ 

Մյուսը՝ Ռուսաստանի հայկական կառույցների միջոցով են աշխատում, մասնավորապես, մի քանի կառույցներ հայտարարություններ ու հայերին զսպվածության կոչ արեցին, որ սա կազմակերպված սադրանք է։

Առաջիկա օրերը ցույց կտան, թե ինչ կլինի։ Դրանից էլ կարող ենք եզրակացնել բուն նպատակը։ Ես չեմ բացառում, որ Ռուսաստանի իշխանության ներսում կա ինչ-որ ուժային խմբավորում, որը կարող է ինչ-որ չափով աջակցել ադրբեջանցիներին։ 

Այստեղ մի հետաքրքիր քարոզչության երանգ էր գնում, որ այս ամբողջի պատճառն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև հարաբերությունները լավ չեն, այդ պատճառով էլ այս իրադարձությունները տեղի են ունենում։ Այսինքն՝ դժգոհություն է գեներացվում ընդդեմ Հայաստանի իշխանությունների։

Ես կարծում եմ՝ սա ինչ-որ խմբի կողմից է, հուսանք, որ ամենավերևներից չէ։ Նաև կասկած ունեմ, որ սա ավելի շատ ռուսահայ մեծամեծների կողմից է կազմակերպված, որոնք հեղափոխության հետևանքով կորցրել են որոշակի դիրքեր ու անձանց, որոնց աջակցությունից օգտվում էին նախկինում։ 

Դրա համար էլ փորձում են հրահրել, որ Ռուսաստանի իշխանություններին գործողությունների դրդեն Հայաստանի ներկա իշխանությունների դեմ։ 

– Այսինքն՝ նման սցենարը նույնպե՞ս դիտարկվում է, ի՞նչ շրջանակների մասին է խոսքը։

– Այո, կարող է նաև այդ տարբերակը լիներ։ Պատահական չէր Անդրանիկ Միհրանյանի հարցազրույցը, որում բացահայտ տեքստով խոսեց՝ անպատվելով Հայաստանի իշխանություններին՝ կոչ անելով համախմբվել Ռոբերտ Քոչարյանի շուրջը՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների։ 

Դրան նախորդել էր Մարգարիտա Սիմոնյանի նամակը, որը դարձյալ անընդունելի տոնով էր։ Հարցը քննադատությունը չէ, ես ինքս հաճախ քննադատում ու քննադատելու եմ Փաշինյանի իշխանությանը։ 

Խոսքն այն մասին, որ կեղծ մտքեր են արտահայտում ու դրանք ներկայացնում որպես փաստ։ Մյուս խնդիրն այն է, որ այդ ոճն է անընդունելի։

Ի վերջո, պետք է հաշվի առնենք, որ ոչ Հայաստանի քաղաքացին Հայաստանի իշխանության հասցեին նման բաներ ասելու իրավունք չունի։ Ինչպես իրենք չեն ընդունում, որ մենք այդ տոնով խոսենք Պուտինի հետ, նույնկերպ մենք չենք ընդունում նման բառապաշարը։

Ամփոփելով՝ ասեմ, որ ոուսական իշխանության մի մասի և այդ իշխանության մոտ կանգնած հայկական որոշ մեծամեծների անձնական շահը ևս տեսնում եմ նման իրավիճակում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am