«Ինչ վերաբերում է հեղինակներին. ցուցակներից չպետք է խմբային, սերնդային, կորպորատիվ էգոիզմի հոտ գա». Վահրամ Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը

– Պարո՛ն Մարտիրոսյան, հանրակրթության ոլորտի նոր չափորոշիչների նախագծի քննարկման ֆոնին հասարակության մեջ մի հատված կարծես մերժում է ժամանակակից գրողների մուտքը դպրոցական ծրագիր։ Ինչո՞ւ է այս իրավիճակն առաջացել։

– Իմ կարծիքով, ժամանակակից գրականությունը՝ 70-ականներից սկսած, անծանոթ է մեր ընթերցողին։ Այսինքն՝ ընթերցողը մերժում է մի բան, որին ծանոթ չէ։ Հետևաբար, պետք է առկա լինի դասագրքերում։ 

Բայց ես ունեմ իմ վերապահումները։ Այս գրականությանը նախ պետք է ուսուցիչները ծանոթ լինեն։ Առաջին հերթին նրանց պետք է համալսարանից դպրոց ուղարկել ոչ թե անունների, այլ չափանիշների պաշարով, ոչ թե ճոռոմաբան բնորոշումներով, այլ վերլուծական գործիքակազմով։ 

Հակառակ դեպքում՝ կոգնիտիվ դիսոնանսի վիճակ կապրեն, ինչպես հիմա։ Ձեռնածությունները կանխելու համար։

Վերջին 25-30 տարում մոտ 10 հազար բանասեր է ավարտել համալսարանները։ Եթե համալսարանների բանասիրության բաժինները ժամանակակից գրողներ անցնեին, այսօրվա ամենահայտնի հեղինակների գրքերը 5-10 հազար տպաքանակով լույս կտեսնեին, ոչ թե՝ 500, որի կեսն էլ չի վաճառվում։ 

Դա նշանակում է՝ 10 հազար հոգուց մեկն է գիրքը գնել, գրքով ծանոթացել հեղինակին։ Գրադարաններում ևս հատուկենտ ժամանակակից հեղինակներ կան։ 

Դա է պատճառը, որ բազմաթիվ տարբեր ցուցակներ հակադրվեցին նախարարության հրապարակածին։ Դա իրական բանավեճ ծավալելու հիմք ու հնարավորություն չի տալիս։

Մինչև էս վիճակը չանցնի, չենք կարող ասել, որ ընթերցողի փորձություն անցած հեղինակներ ունենք։ 

Իմ երկու գիրքը թարգմանվել-տպվել է Փարիզում, ֆրանսիացի խստապահանջ հրատարակիչների կողմից, համարյա ամբողջ արձակս ռուսերեն տպվել է «Դրուժբա նարոդով» ամսագրում, որի կարծիքը կարևոր դեր է խաղացել «Մեծ բուկերի» մրցանակաբաշխություններին… բայց դպրոցում չէի ուզենա հայտնվել, մինչև համոզված չլինեմ, որ վստահելի ուղեկից կունենամ՝ հանձինս գրականության ուսուցիչների։

Մեր պատմագիրներին, ժամանակագիրներին պետք է «վերընթերցել» համալսարաններում՝ ոչ որպես պատիժ, այլ որպես պարգև սովորեն։ 

Այդ հեղինակները գրել են մագաղաթի վրա, որը շատ թանկ նյութ էր, թանաքը, էջերի ծաղկումը և ամեն մի բառը եզակի են եղել և՛ որպես տեղեկություն, և՛ որպես գրական արժեք։ Դպրոցական տարիքի համար ինչ գանձ են մեր միջնադարյան ուղեգիրները։ 

Արկածներ, աշխարհաճանաչողություն, պատմություն, քաղաքականություն՝ միջառարկայական կապերի ինչ հնարավորություններ։ Քանի՞ ուղեգրի էին անցնում հին ցուցակով, քանի՞սը կան նորում։

Այսինքն՝ չափորոշիչներով նաև ուսուցիչների վերապատրաստման հա՞րցը պետք է լուծել։ 

– Այո՛, պետք է վերլուծության ժամանակակից մեթոդներին տիրապետող նոր ուսուցիչներ մտնեն դպրոց, մյուսներն էլ վերապատրաստում անցնեն։ 

Ինչ վերաբերում է հեղինակներին։ Ցուցակներից չպետք է խմբային, սերնդային, կորպորատիվ էգոիզմի հոտ գա։ Այն ժամանակակից գրականությունն է անհրաժեշտ, որը ոչ թե անվերջանալի «տվայտանքներ» է բերում, այլ մոդելավորում է իրականությունը, և դա անում է կենդանի լեզվով, որ զարգացնում ու հարստացնում է հայերենը։ 

– Պարո՛ն Մարտիրոսյան, ժամանակակից գրողների ներկայացված ցանկը կարծես մանիպուլյացիաների է ենթարկվում, առանձին գործերից առանձին հատվածներ որոշ շրջանակներ սոցիալական ցանցերում հրապարակելով՝ կարծես փորձում են մարդկանց մեջ հակակրանք առաջացնել։ Դուք նկատո՞ւմ եք նման միտում, ինչո՞ւ է որոշ շրջանակների կողմից շահարկվում այս հարցը։

– Մանիպուլյացիան մասնագիտություն է դարձել, հատկապես՝ նախկին իշխանության մնացուկների համար։ Ուր որ է կեղծ իրականություն կձևավորեն։ Պետք է արձագանքել միայն հայեցակարգային առարկություններին։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am