Տարոն Մարգարյանի` «տնտեսություն զարգացնող» միլիոների շուրջ. «Հավանականությունն ավելի մեծ է, որ դատախազությունն անգործություն կցուցաբերի»

Տարոն Մարգարյանի` «տնտեսություն զարգացնող» միլիոների շուրջ. «Հավանականությունն ավելի մեծ է, որ դատախազությունն անգործություն կցուցաբերի»
Տարոն Մարգարյանի` «տնտեսություն զարգացնող» միլիոների շուրջ. «Հավանականությունն ավելի մեծ է, որ դատախազությունն անգործություն կցուցաբերի»

«Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կասկածում է, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարցով դատախազություն ներկայացրած ՀԱԿ կուսակցության դիմումի հիման վրա դատախազությունը լուրջ քննություն կանցկացնի: 

«Այստեղ կան և օրենսդրական պատճառներ՝ չկա այն մեխանիզմը, որը հնարավարություն կտա համապատասխան մարմիններին ճշգրտելու այդ հայտարարագրում ներկայացված տվյալների ծագումը, թե որտեղից է այդքան գույքը կամ եկամուտը: Երկրորդ, պետք է լինի քաղաքական կամք: Ես չեմ կասկածում, որ քաղաքական կամք կդրսևորվի այս հարցը պարզելու համար»,- «Մեդիալաբին» ասում է Հոկտանյանը:

Նշենք, որ երեկ Գլխավոր դատախազությունն ստացել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ «Հանցագործություն կատարելու մասին» հաղորդումը:

ՀԱԿ կուսակցությունը դիմել է դատախազություն՝ խնդրելով պարզել Երևանի գործող քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ կուսակցության թեկնածու Տարոն Մարգարյանի ունեցվածքի ծագման աղբյուրը:

Մասնավորապես ՀԱԿ կուսակցությունը Գլխավոր դատախազությունից խնդրում է պարզել «Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, տնօրինման եղանակի, տեղաշարժի, իրավունքների կամ պատկանելության կամ գույք ձեռք բերելու կամ տիրապետելու կամ օգտագործելու կամ տնօրինելու օրինականությունը, դրանց ձեռք բերման կապը կոռուպցիոն երևույթների, մասնավորապես, ատկատների կամ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների իրականացման հետ»:

«Հիմա` 2013 թվականին Տարոն Մարգարյանը հայտարարագրել է մի ունեցվածք, որը ամենահամեստ գնահատականներով գնահատվել է մոտավորապես 6 միլիոն դոլար, բայց մեր գնահատականներով գերազանցում է 10 միլիոն դոլարը, եւ ահա պարզվում է նորից, որ որեւէ աղբյուր, որը կկարողանար հիմնավորեր նման ունեցվածքի առաջացումը այն տարիներին, երբ Տարոն Մարգարյանը աշխատել է որպես պաշտոնատար անձ, գոյություն չունի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

 Ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է, որ նախադեպ լինի նաև Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի օրինակը, քանին որ նրա պաշտոնանկությունից հետո էլ հայտարարվեց բիզնեսի հետ նրա կապի մասին, Վարուժան Հոկտանյանը ասաց.

«Բարդ հարց է, դա արվում է ավելի շատ ցույց տալու համար, որ պայքար մղվում է: Հարցը հետևողական և ամենօրյա պայքարի մասին է, ոչ թե մեկ-երկու էպիզոդների»,- նշեց նա:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեաի Վանաձորի գրասենյակի ղեղավար Արթուր Սաքունցը նշում է, որ թեկնածուների ներկայացվող գույքի և եկամուտների հայտարարագրերն այսօր որպես ի գիտություն են ընդունվում: Բայց չկա որևէ մեխանիզմ, օրենքը չի նախատեսում, որպեսզի հնարավոր լինի աուդիտի ենթարկել, ստուգել, թե որտեղից են այդ միջոցները և արդյոք ինչքանո՞վ են դրանք օրինական:

«Եթե նայենք կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, բնական է, որ պետք է նման հարցերին լուրջ ուշադրություն դարձվեին: Եկամուտների և գույքի ձեռք բերման օրինականության հարցը հատկապես պաշտոնատար անձանց առումով պետք է դառնա հատուկ ուշադրության քննարկման առարկա, որը չի արվում, և օրենսդրությունը չի նախատեսում»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Նրա խոսքով՝ եթե այդ եկամուտներում կան կոռուպցիան ռիսկեր, ապա ստացվում է, որ կոռուպցիոն մեխանիզմեներով ձեռք բերված եկամուտներն ու միջոցները կարող են օգտագործել նաև քաղաքական կոռուպցիայի տրամաբանությամբ՝ որպես միջոցներ նախընտրական քարոզարշավն իրականացնելու համար: Այդ տեսանկյունից, ըստ նրա, շատ կարևոր է, որ նման դիմում է ուղղվել Գլխավոր դատախազությանը, իսկ թե ինչ արդյունք կտա դա, դեռ հայտնի չէ:

«Դատախազությունը պարտավոր է քննություն իրականացնել, հաղորդման հիման վրա նյութեր նախապատրաստել, հարցումներ անել, ձեռք բերել համապատասխան հիմքերը, որի հիման վրա կարող է եզրակացություն կազմել՝ այդ եկամուտն օրինական է, թե օրինական չէ: Երկրորդը, եթե օրինական չէ, ապա պետք է հարուցել համապատասխան քրեական գործ կամ հարուցման մասին որոշում կայացնի և տեղեկացնի քննչական մարմիններին, որպեսզի քննությունն իրականացնեն»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցի խոսքով՝ տարբեր լրատվամիջոցներ ու կազմակերպություններ տարբեր ժամանակահատվաներում պաշտոնական անձանց եկամուտների ու գույքի օրինականության հարցը բարձրացրել են, սակայն պատշաճ քննություն չի կատարվել, անգործություն է ցուցաբերվել:

«Կարծում եմ, որ այս անգամ էլ հավանականությունն ավելի մեծ է, որ դատախազությունն անգործություն կցուցաբերի: Դա կխոսի այն մասին, որ իրավապահ մարմինները հովանավորում են համակարգային կոռուպցիան, կամք չունեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ քայլեր կատարելու»,- ասաց նա:

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցվության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, կարծում է, որ ՀԱԿ կուսակցությունը նման քայլի դիմելով մեկ նպատակ է հետապնդում՝ «Մտածում են՝ պրովոկացիաներն ավելի հաղթահարելի կդարձնեն իրենց ավագանու ցուցակի որոշակի կարողութունների ձեռք բերմանը: Որևէ անօրինական բան Տարոն Մարգարյանի հետ կապված չկա և չի էլ կարող լինել»,- «Մեդիալաբին» ասում է Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե նորմա՞լ է, որ պաշտոնյան նման ունեցվածք է կուտակում, (վերջին օրերին շատ է խոսվում Մարգարյանի հայտարարագրած վեց միլիոն դոլար կարողության մասին) Գալուստ Սահակյանը նշեց, որ ովքեր կկարողանան ձեռներեցությամբ հանդես գալ, բաժնետերեր դառնալ, շատ լավ կլինի:

«Պաշտոնյան կարող է բաժնետեր լինել, չի հակասում օրենքին: Դրան հետևանքով է ստեղծվում աշխատատեղ, դրանով է զարգանում տնտեսությունը: Ովքեր կկարողանան մասնակից դառնալ այդ գործընթացին, ընդամենը հարգանքի արժանի են: Մենք տնտեսակարգ ենք փոխել, մեր տնտեսությունը, ապրելակերպը կախված է տնտեսության զարգացումից: Դրա համար նրանք, ովքեր զարգացնում են տնտեսությունը, ուղղակի շնորհալի մարդիկ են»,- «Մեդիալաբին» ասաց Գալուստ Սահակյանը:

© Medialab.am