«Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ էր, ապա մեզ համար այն ծանր երկունք էր». Սերժ Սարգսյան

«Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ էր, ապա մեզ համար այն ծանր երկունք էր». Սերժ Սարգսյան
«Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ էր, ապա մեզ համար այն ծանր երկունք էր». Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել՝ Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը և իր շնորհավորական խոսքը հղել Հանրապետության տոնի առթիվ:Ուղերձն ամբողջությամբ  ներկայացնում ենք ստորեւ: 

«Վեհափա՛ռ Տեր, 
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,
Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:

95 տարի առաջ Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և մանավանդ այստեղ՝ Սարդարապատում մենք ճակատագրական քննություն էինք հանձնում: Հանձնում էինք ազգովին՝ մեծով ու փոքրով, հոգևորականով ու զինվորականով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով: Բոլորո՛վ: Պատմական Հայաստանի գոնե մի փոքր մասի գոյության համար կռվում էր հայրենաբնակ հայության վերջին հատվածը: Այստեղ մենք դիմագրավեցինք և հետ շպրտեցինք թշնամուն, որի ռասիզմի և հակահայ ծրագրերի մասին աշխարհում ոչ ոք այլևս չուներ ո՛չ պատրանքներ և ո՛չ էլ կասկածներ: Այստեղ Արևելյան Հայաստանի հայությունը փրկվեց վերահաս աղետից: Օսմանյան Թուրքիայում սկիզբ առած Մեծ եղեռնը, որ հետևողականորեն շարունակվում էր ու տարածվում, կասեցվեց այստեղ՝ շնորհիվ մեր միասնական ոգու:

Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ էր և նույնիսկ՝ հանդիսավոր արարողություն, ապա մեզ համար այն ծանր երկունք էր: Մենք նույնիսկ չգիտեինք, որ մայիսյան հերոսամարտերից մեկ-երկու օր անց անկախություն ենք հռչակելու: Հայաստանի պետականությունը մենք կերտում էինք ուղղակի կռվի դաշտում՝ մեծագույն զոհողությունների ու կորուստների գնով: Արյամբ ու հավատով, իրար թիկունք պահելով ու առաջ նայելով: Միասին:

1918 թվականի մայիսի 28-ը արձանագրումն է մեր ֆիզիկական փրկության և քաղաքական վերածննդի: Արձանագրումն է մեր ժողովրդի արիության ու բազկի ուժի, ինչը հետագայում փառահեղորեն դրսևորվեց նաև Մեծ հայրենականի ճակատներում ու Արցախյան գոյամարտում: Եվ այսօր այստեղ՝ Սարդարապատում կանգնած հայ զինվորի խրոխտ քայլերթն ու հաղթական ոգին լավագույն ապացույցն են այն բանի, որ մենք գիտենք լինելու ու հաղթելու բանաձևը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչո՞ւ ենք մենք այստեղ հուշարձան կանգնեցրել և ինչո՞ւ ենք պարբերաբար գալիս այստեղ: Սևակն ասում էր. «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»: Մենք կարիք ունենք հիշելու և հիշեցնելու, երիտասարդ սերունդներին նաև փոխանցելու կարևոր պատգամներ, որ մեզ թողել են Մայիսի 28-ը նախապատրաստողներն ու կերտողները:

Եղե՛ք միասնական:
Եղեք՛ պետականորեն կազմակերպված:
Ապավինե՛ք սեփական ուժերին:

Այս պարագայում մենք ի զորու ենք ոչ միայն վերականգնել դարերով ընդմիջված պետականությունն ու անկախությունը, այլև այդ պետությունը տանել դեպի լուրջ բարձունքներ: Դրանց մեկնարկը տրվել է այստեղ, և այսօր մենք այստեղ կանգնած ենք բաց ճակատով՝ որպես ազատ ու անկախ երկրի հպարտ քաղաքացիներ, որպես հերոս պապերի ժառանգորդներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ տոնի կապակցությամբ: Մեր ժողովրդին մաղթում եմ երջանկություն և հաջողություններ, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և վերելք:

Փա՛ռք մայիսյան հերոսամարտը կերտած հայ ժողովրդին:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը: 
Փա՛ռք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին: 
Ուռա՜»:

© Medialab.am